Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորեոգրաֆիայի պետական թատրոնում թեժ իրավիճակ է ստեղծվել. թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել բալետի պարուհի Լիլիթ Փալանջյանը, որի հետ թատրոնի անձնակազմն աշխատել չի ցանկանում: Բացի այդ` թատրոնի նախկին տնօրենը` Գայանե Կարապետյանը, պնդում է, որ իր` աշխատանքից ազատման հրամանն այդպես էլ չի հասել իրեն: Իսկ թատրոնի պայմանները, մեղմ ասած, այնքան էլ չեն ապահովում թատերական մթնոլորտը:
Ամանորի օրերին Կարապետյանը մեկնել է ԱՄՆ՝ իր հետ վերցնելով նաև թատրոնի կնիքը, իսկ Լիլիթ Փալանջյանն ու նրան անձնակազմին ներկայացնելու համար թատրոն այցելած փոխնախարար Նազենի Ղարիբյանը թատրոնի դուռը բացել են ԱԻՆ-ի աշխատակիցների միջոցով:
Այսօր թատրոնի նախկին տնօրենը լրագրողներին հայտնեց, որ դեկտեմբերի վերջերին, երբ պետք է լրանար իր պայմանագրի ժամկետը, մշակույթի նախարարությունից իրեն ծանուցում են ուղարկել, որում նշված էր, որ իր պայմանագրի ժամկետը հնարավոր է չերկարացնեն: Դրանից հետո, Կարապետյանի խոսքով, տոներին ինքը մեկնել է ԱՄՆ ու իմացել, որ նոր տնօրեն են նշանակել:
«Տնօրենը եկել է, դուռը, բնականաբար, փակ է եղել, նա էլ ԱԻՆ է զանգել, որ գան, բացեն: Ես չեմ տեսել նոր տնօրենին, չգիտեմ` ով է, բայց ինչպե՞ս կարող էին նոր տնօրեն նշանակել, եթե իմ ազատման հրամանը չկա»,- ասաց Կարապետյանը:
Նա նշեց նաև, որ 2010-ին, երբ նշանակվել է թատրոնի տնօրեն, թատրոնում ոչ մի պայման չի եղել: Կարապետյանի հավաստմամբ` թատրոնի բյուջեն կազմել է 25 մլն դրամ, որը միայն 22 հոգանոց կոլեկտիվի աշխատավարձերն է ծածկել: «Արդեն 8 տարի է, որ ես թատրոնի տնօրենն եմ: Երբ մտա թատրոն, մենք ոչինչ չունեինք: Խնդիրն այն է, որ տարիներ առաջ թատրոնը ստեղծվել էր Մաքսիմ Մարտիրոսյանի համար, որպեսզի նա աշխատեցնի: Թատրոնը պարարվեստի ուսումնարանի բազայի վրա է ստեղծվել: Երբ ես տնօրեն նշանակվեցի, պարարվեստի ուսումնարանի տնօրեն Արմեն Գրիգորյանը փակեց դռները մեր առաջ ու ասաց` դե, գնացեք ու ոնց ուզում եք աշխատեք: Բեմ չունեինք, կոմունալ հարմարություններ չկային, փորձասենյակ էլ չունեինք: Մեր ամբողջ կոլեկտիվի շնորհիվ մենք փորձասենյակ ունեցանք, կահավորեցինք»,- ասաց Կարապետյանը:
Նա նշեց նաև, որ մինչև 2006թ. թատրոնի տնօրենը հենց Մաքսիմ Մարտիրոսյանն է եղել, իսկ իր` տնօրեն նշանակվելուց հետո նրան ձևակերպել են որպես թատրոնի աշխատակից` աշխատավարձով:
Հարցին, թե ստացվում է` 20 տարի թատրոնը գոյատևել է միայն Մաքսիմ Մարտիրոսյանի համար, Կարապետյանը պատասխանեց` այո:
Թատրոնի նախկին տնօրենի խոսքով` մի ամբողջ շիլաշփոթ է նաև իրենց տարածքի` պարարվեստի ուսումնարանի հարցը, քանի որ այն ոչ թե մշակույթի նախարարության հաշվեկշռում է, այլ պետգույքի: Կարապետյանի խոսքով` այսքան խնդիրներով հանդերձ, ինքը համաձայնել է թատրոնի տնօրեն դառնալ միայն ստեղծագործական աշխատանքի համար:
Կարապետյանը նշեց, որ չի պատրաստվում թատրոնի կնիքը հանձնել նոր տնօրենին` մինչև իր ազատման հրամանը չհասնի իրեն:
Թատրոնի դերասաններից Մերի Հակոբյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում աշխատել նոր տնօրենի հետ, քանի որ նա իր հարցազրույցներում անհարգալից է խոսել կոլեկտիվի մասին` ասելով, թե թատրոնում իրեն դիմավորել են 5-6 հոգի, որոնք չգիտի էլ` արդյո՞ք դերասաններ են:
«Ես և իմ կոլեկտիվն այս ամենի արդյունքում մնալու ենք առանց աշխատանքի: Իմ ջանքերով է նաև, որ թատրոնը ոտքի է կանգնել, ստեղծվել, և ես չեմ պատրաստվում լքել այն: Ես դրամատիկական ժանրի դերասանուհի եմ, և հիմա ինչ, քանի որ բալետային դերասանուհի չեմ, ինձ ազատելո՞ւ են աշխատանքից: Բացի այդ` ամեն ինչ արել ենք, որ թատրոնի` խորեոգրաֆիկ ոճը պահպանենք, թեև այդ պայմաններում հնարավոր չէր` բալետային թատրոնը գոյատևեր»,- ասաց դերասանուհին:
Ի դեպ, թեև թատրոնի դռան կողպեքը փոխվել է, սակայն թատրոնի տնօրենի ԺՊ-ն, ըստ թատրոնի աշխատակիցների, թատրոն չի այցելում:
Թատրոնը 2018-ին իր խաղացանկում 6 ներկայացում է ունեցել, որոնք խաղացել է տարբեր բեմերում և մարզերում: