Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած շաբաթ մենք նշում էինք մեր ժողովրդի ամենալուսավոր ու ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը: Մեզ համար այն ապագայի հանդեպ հույսի ու հավատի, մեր ավանդույթներն ու արժեքները սերունդներին փոխանցելու, մեր հազարամյակների ժառանգությունը պահպանելու խորհուրդ ունի։
Տոնի նախօրեին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի և մեր թիմի հետ, Հայկական աշխարհի առանցքային հոգևոր կենտրոններից մեկից`Գանձասարից տեսակամրջի միջոցով մեր երախտագիտությունը հայտնեցինք տարբեր երկրներում գտնվող բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ ու օգնում իրականություն դարձնել մեր նախագծերը և որոնց համար կարևոր են Արցախը, Արցախի ժողովուրդն ու նրա ապագան:
Արցախում գտնվելուս ընթացքում բազմաթիվ ոգեշնչող պատմություններ եմ լսել մեր ժողովրդի պայքարի մասին:
Այդ պատմություններից մեկը Կամո Սաֆարյանի մասին է. մարդ, որը կանգնած է եղել Արցախյան շարժման ակունքներում: Այդ պատմությունն ինձ խորապես հուզել է, և ես այն պատմեցի տեսակամրջի ժամանակ: Ուզում եմ այս հարթակում ևս պատմել, քանի որ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ բոլորս այդ մասին իմանանք:
35 տարի առաջ երիտասարդ Կամոյին հաջողվում է մեծ գումարի դիմաց ձեռք բերել Վահան Թոթովենցի «Զորավար Անդրանիկ և նրա պատերազմները» գրքի բացառիկ ու խիստ արժեքավոր հրատարակությունը: Կամոն և նրա ընկերները գիրքը տանում են Ամարաս և այդ սուրբ վայրում, գրքի վրա նրանք երդվում են՝ երբեք չնահանջել Արցախն ազատագրված տեսնելու երազանքից:
Համաշխարհային ճգնաժամի և աշխարհակարգի փոփոխության ժամանակ ավելի կարևոր է դառնում սեփական արմատների, ավանդույթների նկատմամբ հարգանքի վերածնունդը, հատկապես՝ երդման պարտավորության, գիտակցված պատասխանատվության հանդեպ: Իսկ ամենակարևորը սեփական Խոսքի նկատմամբ հարգանքին վերադառնալն է. չէ՞ որ, ինչպես գրված է Աստվածաշնչում, Խոսքը հենց Աստվածն է: Եւ մեր ամենախիստ դատավորը հենց մենք ենք, քանի որ չենք կարող խաբել ինքներս մեզ:
Ամարասում երդում տված տղաներից ոմանք զոհվել են, ոմանք չեն կարողացել խոստումը պահել, ոմանք առ այսօր շարունակում են իրենց պայքարը, սակայն կարևորն այն է, որ նրանց գործը շարունակվում է նաև այսօր:
Ես համոզված եմ, որ այսօրվա երիտասարդներին փոխանցելով այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից, այն հավատը, որը նվիրական է մեզ համար, մենք կարող ենք ցանկացած դժվարություն հաղթահարել, և այսօրվա երիտասարդ սերունդն արժանի կերպով կշարունակի այն գործը, որը սկսել են իրենց հայրերը:
Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար