Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում Ասկերանի շրջանի այդ տարածքները ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էին․ այսօր Ազգային ժողովում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ շեշտելով՝ «Ռուսաստանից հստակ պատասխան ենք ակնկալում»։
Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ զորքի՝ Արցախում տեղակայվելու միակ պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
Ավելի վաղ գրել էինք, որ խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 1-ին կետը, ադրբեջանական զորքը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը՝ գյուղն ամբողջությամբ վերցնելով իրենց տիրապետության տակ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով նրանց վերադարձնել ելման դիրքեր եւ կասեցնել ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը, սակայն՝ ապարդյուն։
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ համացանցը ողողված է այնպիսի մանիպուլյացիաներով, որ, բացի քաղաքական վերնախավից, որեւէ մեկը չգիտի, թե Արցախում ինչ է կատարվում։
«Մենք այս պահին այնքան մանիպուլյացիոն վիճակում ենք, որ չգիտենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասել, որը գուցե անհիմն է, հետո մի քանի լրատվամիջոցների միջով անցնում է ու դառնում հաստատուն: Ընդհանուր պատկերը չգիտենք։ Արեւմտամետներն ասում են՝ ռուսներն ասել են՝ հայե՛ր, հետ քաշվեք: Ես չեմ կարող բացառել ոչ մի տարբերակ, գուցե հայելային հետքաշման առաջարկ է եղել, մերոնք հետ են քաշվել, ադրբեջանցիները «գցել» են: Այս պահին հստակ իրավիճակին տիրապետում են ղեկավար կազմում միայն։ Մի բան փաստ է՝ Ադրբեջանը լկտիացել ու սադրում է, իսկ Ռուսաստանը փորձում է ամեն ձեւով Արցախում իրավիճակը չթեժացնել:
Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի հավասարակշռությունից, լկտի հաշվարկներ է անում՝ «հաջողվեց՝ կպահեմ, չհաջողվեց, կասեմ՝ վայ, կներեք, ու կնահանջեմ, ինչի՞ չէ որ: Ադրբեջանը ոչինչ չի կորցնում այս գործողություններով, առավելագույնը վերադառնալու է զրոյական վիճակի»,- ասաց զրուցակիցս։
Ստեղծված իրավիճակի մասին Փաշինյանը եւ գործող վարչախումբը ձայն չեն հանում: Երասխի օրինակով՝ Փաշինյանը առաջարկել է Ադրբեջանին նաեւ հայելային հետքաշում անել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում։ Այս հարցերի պատասխանները ոչ ոք չգիտի։ Ռազմական փորձագետի խոսքով՝ Արցախում այս իրավիճակը ձեռնտու է 680.000 հոգու, որոնք ընտրել են Փաշինյանին:
«Էդ մարդիկ գերադասում են իրենց վրեժի զգացումին եւ 20 տարվա չիրականացված երազանքներին հագուրդ տալ, քան Արցախի անվտանգության համար կռիվ տալ: Երեկոյան հանդից կգան տուն, կմիացնեն Հ1-ի լուրերը, կտեսնեն՝ ամեն ինչ նորմալ է, կպառկեն քնելու։ Ի՞նչ ասեմ ես այս մարդկանց: Այս մարդկանց երբ քննադատում ես, ավելի են գազազում, գնում դեպի կործանում»,- նշեց նա:
Անդրադառնալով Փաշինյանի՝ Երասխում հայելային հետքաշման մասին հայտարարությանը՝ ռազմական փորձագետը հետեւյալ կերպ մեկնաբանեց․ «Լավագույն դեպքում դա նշանակում է, որ իբր թե հայկական որոշ դիրքեր նախկին Նախիջեւանի ադմինիստրատիվ տարածքի մեջ են: Արդյո՞ք այդ դիրքերը Երասխի հատվածում են։ Եթե Երասխի հատվածում կես կիլոմետր հետ քաշվեցին՝ խնդիր ենք ունենում Սյունիքի հետ: Միանգամից կորցնում ենք հայտնի խաչմերուկը եւ վերջ, Սյունիքի հետ կապը կտրվեց:
Ի՞նչ հայելային հետքաշում, երբ դու հետ ես քաշվում դեպի քո տարածքի խորքը: Թուրքն իր ուժի վրա լկտիացած առաջ է գալիս, թուրքը ինչո՞ւ պիտի քեզ հետ բանակցի: Սա կոչվում է՝ անարժանապատիվ խաղաղություն: Իշխանությունը թուրքին ասում է՝ արի ամեն ինչ մոռանանք, մեր հետ ախպերություն արա, թուրքն ասում է՝ չեմ ուզում, եթե անգամ դու մոռանաս, ես քեզ սպանելու եմ, որովհետեւ իմ աշխարհաքաղաքական պլանների վրա ես կանգնած: Ամեն ինչ հանձնում են էն մտքով, որ թուրքը կների, չի ներելու քեզ թուրքը, թուրքը չի ուզում, որ դու ապրես»,-ընդգծեց Մհեր Հակոբյանը:
Ո՞վ է պատասխանատու Արցախում ստեղծված իրավիճակի համար, եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իշխող վարչախումբը
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո ռուսական կողմն է դարձել Արցախի անվտանգության երաշխավորը եւ ինքն է ստանձնել այդ դերակատարությունը՝ այնտեղ խաղաղապահ զորախմբեր տեղակայելով: Իշխանավորների՝ «Արցախում Ասկերանի շրջանի այդ տարածքները ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում են» հայտարարությունն այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։
«Արցախում զինված ուժեր, որպես այդպիսին, Ադրբեջանը ճանաչում է Ռուսաստանի խաղաղապահ զորքերը, եւ այսօր այդ զորքի թիկունքում են հայտնվել ադրբեջանցիները, ընդ որում՝ սադրանքներով եւ դիրքերի հայելային հետքաշման սուտ խոստումներ տալով։ Հայկական կողմը կատարել է պայմանավորվածությունը՝ հետ է քաշվել, եւ արդյունքում ունենք սա: Պետք է հասկանանք, որ հայելային հետքաշումը չի աշխատում: Ադրբեջանի միակ նպատակը Արցախը հայաթափելն է, իսկ դրա համար նա օգտագործում է բոլոր միջոցները՝ հոգեբանական, ռազմական»,- ասաց նա:
Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը թշնամու ցանկությունները զսպող ի՞նչ մեխանիզմներ է կիրառում, եւ արդյո՞ք դրանք բավարար են:
«Մենք մեր մանդատը տվել ենք, որպեսզի այլ պետություն զբաղվի դրանով: Հայաստանի ղեկավարության միակ գործուն քայլը այն կլինի, որ անընդհատ Ռուսաստանին հիշեցնի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին եւ պահանջի խաղաղ բնակչության անվտանգության ապահովում: ՀՀ-ն պետք է անընդհատ զբաղված լինի այս խնդրով, մշտական կապի մեջ լինի եւ փորձի պարտադրել կամ համոզել ՌԴ-ին, որ գործի, իսկ եթե չեն կարողանում՝ նշանակում է, որ Ռուսաստանը մեզ համար Ադրբեջանի հետ չի գնա բախման: Առաջին անգամ չէ, որ խախտվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Հայաստանն այս դեպքում պետք է շատ ակտիվ դիվանագիտական աշխատանքներ սկսի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ»,-եզրափակեց Հովհաննիսյանը։
Լիանա Սարգսյան
Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի