կարևոր
4930 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-09 10:04
Հասարակություն

Պատերազմի օրերին 3 երեխաներիցս 2֊ին թողնում էի տանը, որ գոնե ընտանիքիս մի մասը ողջ մնար. աղետի ու պայքարի պատմություններ

Պատերազմի օրերին 3 երեխաներիցս 2֊ին  թողնում էի տանը, որ գոնե ընտանիքիս մի մասը ողջ մնար. աղետի ու պայքարի պատմություններ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է «Հայկական առաքելության» կազմակերպած միջոցառումից դրվագներ, նշելով՝

««Պատերազմի ժամանակ 3 երեխաներիցս երկուսին թողնում էի տանը, մեկին վերցնում էի հետս: Մտածում էի, որ եթե հանկարծ որևէ մեկիս բան լինի, գոնե ընտանիքի մի մասը ողջ մնա: Բայց չնայած այս զգացողություններին, ես գիտակցում եմ, որ պայքարին այլընտրանք չկա»:

Լսում եմ Ալվինա Աղաբաբյանի պատմությունը պատերազմի ընթացքում իրենց ընտանիքի վերապրածի մասին։

«Երբ Արցախում էինք, երեխաս ասում էր գնամ դրսում սովորեմ: Հիմա, երբ Հայաստանում ենք, անըդհատ հարցնում է` երբ ենք ետ Արցախ գնալու»:

Սա էլ Ծովինար Բարխուդարյանի արձանագրումն է Արցախ վերադարձի քննարկամն ուղղությամբ աշխատելու համատեքստում։

Գլուխս շրջում ու ներքև եմ նայում․ Տաթևիկ Վիրաբյանն է՝ Արցախում ապրած կին, ում ընտանիքի մի մասը սեպտեմբերյան դեպքերին դեռ Արցախում էր ու Տաթևը ցույցի էր դուրս եկել, որովհետև չգիտեր ուրիշ ինչ կարող է իր ընտանիքի համար անել այդ պահին։ Իսկ Տաթևի ոտքին տեղաշարժը հսկող սարքն է, որովհետև այդ ցույցերի արդյունքում Տաթևը 2 ամսով կալանավորվեց ու հիմա ընթանում է իր դատավարությունը։

Այսօր առավոտվանից արցախցի ու Արցախի հետ ամուր կապերով կապված կանանց պատմություններն եմ լսում պատերազմի, բլոկադայի, Արցախից բռնի տեղահանության մասին:

Ու չնայած մեր դեռևս չընդհատվող պարտությունների շղթային, բոլոր այս կանայք իրենց օրինակով ցույց են տալիս, որ մարդը կարող է հաղթել անհաղթելի թվացող երևույթներին:

Ահա այսպիսի ապրիլի 7։

Շնորհակալություն Հայկական առաքելություն-ը կազմակերպած միջոցառման համար։ Հայկական նախագիծ / Armenian Project»։

Հիշեցնենք՝ «Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպում է «Արցախի կանայք հայկական հիմնախնդիրների մասին․ աղետի և պայքարի պատմություններ» թեմայով պանելային քննարկում։