կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-18 14:22
Քաղաքական

ԼՂ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի. ՀՀ դեսպանի դիտարկումները Էստոնիայի հեռուստաընկերության եթերում

ԼՂ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի. ՀՀ դեսպանի դիտարկումները Էստոնիայի հեռուստաընկերության եթերում

Էստոնիայի հանրային հեռուստաընկերությունը նորությունների գլխավոր թողարկմանը հուլիսի 17-ին ծավալուն ռեպորտաժով, Էստոնայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանություններով անդրադարձել է ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, ՀՀ ռազմավարական օբյեկտները թիրախավորելու Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հակահայկական կոչերին։ Այս մասին դեսպանությունը տեղեկացնում է «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Ադրբեջանը սպառնացել է հարձակվել Հայաստանի մայրաքաղաք Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի վրա, եթե հայկական հրետանային ուժը հարվածի Ադրբեջանի որևէ ռազմավարական թիրախի։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը նման սպառնալիքները բացարձակապես անընդունելի է համարում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե խաղաղ ճանապարհով, այլ ուժի միջոցով լուծելն է: Ըստ դեսպանի՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

«Մենք Բաքվում տեղի ունեցած ցույցի ականատես եղանք, որտեղ գոռում էին «մա՛հ հայերին», հնչում էին հայատյաց և հակահայ կոչեր։ Դա շատ մտահոգիչ էր, և ցույցը միայն ցրվեց, երբ այն սկսեց հակաիշխանական երանգ ստանալ»,-նշել է Տիգրան Մկրտչյանը:

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները տարիներ շարունակ սեղանին են դնում երկու երկրների միջև խաղաղության հաստատման իր առաջարկությունները: Հայաստանը համաձայնում է այդ առաջարկների հիման վրա առաջ ընթանալ, բայց Ադրբեջանը մինչ օրս անտեսում է դրանք:

Դեսպանը հերքում է շահարկումները, որ Ադրբեջանում հայկական հակամարտության ստվերում Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմն է, որը կարծես նման ստվերային պատերազմ է՝ ինչպիսին Սիրիայում կամ Լիբիայում: Ըստ Մկրտչյանի՝ Ռուսաստանն իրականացնում է միջնորդական առաքելություն և Հայաստանին այս բախումների ընթացքում ռազմական տեխնիկայով կամ որևէ այլ միակողմանի եղանակով չի աջակցել:

Դեսպան Մկրտչյանն անընդունելի է համարում Թուրքիայի պահվածքը:

«Թուրքիան իր աներկբա և բացարձակ աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին, և նա միջազգային հանրության այն փոքրաթիվ անդամներից մեկն է, որ իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ավելի կառուցողական ու խաղաղ դաշտ բերելու կոչ անելու փոխարեն կրակի վրա յուղ է լցնում։ Նման պահվածքը անթույլատրելի է Թուրքիայի՝ իբրև ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար»,-հավելել է դեսպանը: