|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումներին ու վերաբերմունքին հակամարտող կողմերին` այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը նշեց, որ ԼՂՀ հարցում ՆԱՏՕ-ն որեւէ դեր չունի, բայց աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ ավելի լայն` կարգավորման գործընթացին:
«Ինչպես նկատեցիք, մենք գործընկերային հարաբերություններ ունենք ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի հետ: Ադրբեջանի հետ մենք վարում ենք գործընկերային քաղաքականություն եւ ունենք կիրառական գործընկերություն: Բոլոր հանդիպումներում` թե' հայկական կողմի հետ, թե' ադրբեջանական, մենք միշտ շեշտում ենք այն կարեւորությունը, որը տալիս ենք ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես այստեղ, այնպես էլ` Բաքվում. անձամբ ես այդ մեսիջը հաղորդել եմ, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք շատ հստակ նշել ենք, որ միակ լուծումը պետք է լինի բանակցային եւ փոխզիջումային տարբերակը»,- մեկ անգամ եւս շեշտեց Ջեյմս Ապատուրայը:
Նա կարծիք հայտնեց, որ բոլորի համար պարզ է, թե այս տարածաշրջանի բոլոր երկրները որքան օգուտներ կքաղեն հակամարտության խաղաղ կարգավորումից: Հատուկ ներկայացուցիչը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի աջակցությամբ խաղաղ հանգուցալուծումը հնարավոր կլինի գտնել հնարավորինս շուտ: