կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 13:08
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՊԿ-ը զգուշացրել է, որ, եթե իրավիճակը չհանդարտվի, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու․ Շավարշ Քոչարյան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել օգնության համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Մինսկում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ, եթե լինում է հարձակում, պետք է դիմել օգնության համար:

«Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- ասաց Քոչարյանը:

Իրավիճակի հանդարտեցման ՀԱՊԿ կոչի մասին Շավարշ Քոչարյանն ասաց, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ, եթե իրավիճակը չհանդարտվի և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու:

Նա նշեց, որ հենց Ադրբեջանն էր դեմ, որ սահմանին սարքեր և մեխանիզմներ լինեն, որոնք կարձանագրեն՝ ով է սկսել ակտիվ մարտական գործողությունները․ «Հենց այն հանգամանքը, որ Ադրբեջանը միշտ դեմ է եղել, դա խոսում է, որ ինքը կողմ է եղել նման սրացումների»։

Նա ճիշտ է համարում, որ միջնորդ պետությունները ընդհում տիեզերքից հետևեն՝ ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հնարավորությունը նրանք ունեն։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը անդրադաձավ նաև  Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը․ «Ես չեմ կարծում, որ անձի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է: Ցավոք, առ այսօր այն ապակառուցողական է, տեսնենք, թե ինչպես կլինի սրանից հետո»:

Շավարշ Քոչարյանի համոզմամբ, այդտեղ խնդիրը ներքին է, ոչ թե արտաքին, որը կարող է վերաճել անգամ Ադրբեջանի նախագահի փոփոխության:

«Կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե արտաքին է, այլ ներքին: Ադրբեջանում տեղի են ունենում կադրային փոփոխություններ, այնպիսի տպավորություն է, որ այդ փոփոխություններն ունեն շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 16 տարի։ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է Ջեյհուն Բայրամովը: Շավարշ Քոչարյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Մինսկում մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Մանրամասն՝ տեսանյութում․