կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 20:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում․ Վազգեն Մանուկյան

Եթե մեր առաջարկած օրակարգով Փաշինյանը և խմբակցությունները համաձայնեն վարել խորհրդակցություններ, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայի վրանում լրագրողների հետ զրույցում։

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ ընդդիմությունը չի ցանկանում փոխզիջումների գնալ՝ այդպիսով լարելով իրավիճակը, Մանուկյանն ասաց՝ կան հարցեր, որտեղ մարդիկ կարող են գնալ կոմպրոմիսների, բայց երբ դու գիտես, որ քո երկրի ղեկավարը բացարձակապես տապալել է քո երկիրը, խայտառակ պարտություն է կրել, իր հետ ի՞նչ կոմպրոմիսի պիտի գնաս:

«Անիմաստ է, մինչև ինքը չգնա, որևիցե հարցի շուրջ կոմպրոմիս չի լինի. կա՛մ ինքը գնում է, կա՛մ չի գնում. միակ խոսակցությունը սա է»,- ասաց նա:

Մանուկյանը նկատեց՝ սրացումնե՞ր են լինելու, ավելի լավ՝ թո՛ղ սրացումներ լինեն, ռուսերեն ասում են՝ Оно того стоит։

Նա նկատեց, որ ներքին սրացումը գնում է հայրենիքը դավաճանողների, թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց միջև։ Մանուկյանը նշեց, որ, իհարկե, կուզենար ամեն ինչ խաղաղ լուծվի, բայց եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում։

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ վարչապետը այդպիսի խայտառակ վիճակի մեջ գցի երկիրը, այստեղ խոսքը ոչ միայն պատերազմի պարտության մասին է, այստեղ խոսքը տնտեսականի մասին է, սոցիալականի մասին է, օրենքի գերակայության մասին է, ինքը, չհեռանալով, ավտոմատ սրում է վիճակը։ Եվ եթե իրեն թվում է, թե իր սրելու պատճառով մենք չենք ուզենա ադեկվատ սրել, ապա սխալվում է․ ինքն ինչքան սրի, մենք նույն մակարդակի վրա կլինենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Խոսելով իր դեմ հարուցվածք քրեական գործի մասին՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Սա պատերազմ է Հայաստանի ապագայի համար: Այսպիսի պատերազմի մեջ քրեական գործերը երկրորդական հարցեր են»:

Մանրամասն՝ տեսանյութում․