Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ խոսեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և բանակցություններին Ադրբեջանի տրամադրվածության մասին: Ըստ նրա` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միայն մի խոսքը, թե նախագահների հանդիպումը ձևական էր, շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված բանակցություններին:
«Դա արդեն բավարար է՝ հասկանալու այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը և՛ ԵԱՀԿ համանախագահների, և՛ հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ: Եվ սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա` որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի, հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց: Շավար Քոչարյանի համոզմամբ` ԵԱՀԿ ՄԽ միջնորդները, իհարկե, ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ: Բայց եթե այդ հանդիպումներն ընթանում են նույն ոճով, ինչպես վերջինը` Բեռնում, և որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձևական, ուրեմն առաջընթաց չի կարող լինել:
«Սա է խնդիրը, որն իր հերթին պարտադրում է միջնորդներին, միջազգային հանրությանը ևս մեկ անգամ վերլուծել, անդրադառնալ այս ամեն ինչին, որովհետև այսպես շարունակելը որևէ դրական արդյունքի չի կարող բերել»,- նշեց փոխարտգործնախարարը:
Ադրբեջանը, նրա խոսքով, ըստ էության, բանակցությունների քողի տակ շարունակում էր իր դեստրուկտիվ ուժային քաղաքականությունը, իսկ առաջարկությունները ծանրացել են այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ են համապատասխան հետաքննության մեխանիզմներ, այդ թվում` համապատասխան սարքավորումների ներդրում: Ադրբեջանը դրան դեմ է, բայց սա արդեն հուշում է, որ միջնորդներն արդեն անհանգստացած են և փորձում են նոր ուղիներ փնտրել: Շավարշ Քոչարյանի խոսքով՝ եթե այս ուղղությամբ էլ հաջողության չհասնեն, ապա ուշ, թե շուտ պետք է հասունանա մեկ այլ մոտեցում՝ կա\'մ Ադրբեջանին պարտադրանք, կա\'մ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթաց: