Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փարվանան` Վրաստանի ամենամեծ լիճը, 2021 թվականից կլինի Ջավախքի ազգային պարկի ենթակայության ներքո: Այս մասին տեղեկացնում է Jnews կայքը։
Ըստ Ջավախքի պահպանվող տարածքների տնօրեն Թամազ Մետրևելիի՝ Ջավախքի պահպանվող տարածքներում Փարվանա լիճը մտցնելու նպատակը բնությունը պահպանելն է այնպիսին, ինչպիսին կա:
«Նպատակը բնությունը, թռչունների, ձկների, էնդեմիկ տեսակների պահպանությունն է: Ճիշտ է, մենք չենք արգելի ձկնորսությունը, բայց սահմանափակումներ կմտցնենք, թույլ չենք տա ձկնորսությունը խոշոր ցանցերով և ձվադրման ընթացքում: Մենք տեղեկություններ ունեինք, որ գոմաղբը լցվում է լիճ, դա էլ կվերահսկենք»,- ասել է նա:
Ըստ Թամազ Մետրևելիի՝ բուծման համար նրանք կլցնեն այն ձկնատեսակների մանրաձկնիկները, որոնք ժամանակին բազմացել են այստեղ:
Փարվանա լիճը մտցնելով պահպանվող տարածքների ցանկում ոչ միայն կպահպանվի Ջավախքի ամենագեղեցիկ լճի բնությունը, կենդանական և բուսական աշխարհը, այլև կսկսվի զարգանալ այս տարածքի ենթակառուցվածքը, տարածաշրջանում կսկսվի զարգանալ զբոսաշրջությունը, և տեղի բնակչությունը կկարողանա իր արտադրանքը վաճառել զբոսաշրջիկներին:
Թ. Մետրևելին նշել է, որ Պահպանվող տարածքների գործակալությունը, նախքան Փարվանա լիճը պաշտոնապես ներառելը պահպանվող տարածքների ցանկում, մտադիր է հանդիպել Նինոծմինդայի շրջանի բնակչության և տեղական իշխանությունների հետ` իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև ձկնորսության վերաբերյալ մանրամասներ պարզելու նպատակով:
Փարվանա լճի հետ միասին, պահպանվող տարածքների ցանկում ներառվելու են նաև Սաղամո և Աբուլ լճերը:
Փարվանան գտնվում է ծովի մակարդակից 2073 մետր բարձրության վրա ու ունի բավականին մեծ տարածք՝ 37.5 քառակուսի կմ: Նրա առավելագույն խորությունը կազմում է 3 մետր 30 սանտիմետր, իսկ միջին խորությունը՝ 2 մետր 20 սանտիմետր: Ձմռանը լիճը ամբողջությամբ սառցակալվում է: Սառույցի հաստությունը հասնում է մինչև 73 սանտիմետր: