Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատելով վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից՝ պետք է արձանագրենք, որ կորոնավիրուսը իսկական փրկօղակ էր օրվա իշխանությունների համար, եթե չասենք երկնային մանանա, որի շնորհիվ նրանք անարգել կյանքի են կոչում բոլոր այն օրենսդրական նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք սովորական պայմաններում կարող էին հասարակական, քաղաքացիական դիմադրության արժանանալ և տհաճություն պատճառել իրենց քմահաճույքներին ամեն գնով հագուրդ տվող քայլարածներին: Նրանք հայտարարված ու պարբերաբար ձգձգվող արտակարգ դրությունը մի կողմից միջոց են դարձրել, բոլոր տեսակի ընդվզումները ճնշելով, հապշտապ և արագացված ընթացակարգերով, առանց հանրային քննարկումների կամ ծածուկ, չզեկուցվող հարցերի ձևով հավանության արժանացնելու իրենց իսկ նախաձեռնությունները, մյուս կողմից էլ արտակարգ իրավիճակի ռեժիմն օգտագործվում է կարևոր, հրատապ միջոցառումները անհարկի ձգձգելու նպատակով՝ հավանաբար ժամանակ շահելու նկատառումով, որպեսզի միջոցներ կիրառեն ստեղծված խնդիրներն ի շահ իրենց հանգուցալուծելու համար:
Եվ երբ լրատվամիջոցները հարցումներ են անում կառավարությանը, թե, օրինակ, ինչու է մինչև օրս տևական ժամանակ առանց ռեկտորի մնացած մայր բուհը շարունակում կառավարվել ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որպես պատրվակ նշվում է կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված հանրային միջոցառումներն անորոշ ժամանակով հետաձգելու որոշումը: Իսկ սա առվազն ծիծաղելի է հնչում, երբ պարզում ես, թե ինչպես ԱԺ իմքայլական պատգամավորները, որոնք, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, տեղյակ են եղել կորոնավիրուսով վարակված լինելու մասին, պարտադրված շտապել են խորհրդարան սահմանադրական փոփոխությունների նախագծին այո ասելու և անհրաժեշտ քանակությամբ կոճակներ սեղմելու համար:
Ահա այդպիսի հարցադրումներ առաջացան մեզ մոտ ԿԳՄՍ նախարարության կազմում գործող ՊՈԱԿ-ներում և հիմնադրամներում տնօրենների, ղեկավարների թափուր հաստիքների հետ կապված, քանի որ վաղուց այդ կառույցներում նոր տնօրեններ, ռեկտորներ ընտրելու օրինական ժամկետներն անցել են, սակայն կառավարության ԿԳՄՍ օղակը չի շտապում թափուր մնացած հաստիքները համալրելու համար գործուն քայլեր ձեռնարկել: Նրանց դանդաղկոտությունը մտածելու տեղիք է տալիս՝ արդյո՞ք ուզում են օր առաջ համալրել այդ պաշտոնները, եթե ուզում են, ապա ինչու են հապաղում: Արդեն հստակեցրինք, որ համավարակը, արտակարգ դրությունը և վարակվելու վտանգը կառավարության իրական մտահոգությունների առարկաներ չեն: Ուրեմն՝ մասնագետնե՞րն են բացակայում երկրում, որոնք կհամապատասխանեն մրցույթներում նշված չափորոշիչներին:
Ուսումնասիրելով կառավարության ներկայացուցիչների, նաև բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ-ում պատգամավորության մանդատ ստացած խորհրդարանականների կենսագրությունն ու մտավոր կարողությունները՝ հասկանում ես, որ մասնագիտական բարձր որակների պակասը նույնպես խնդիր չէ իշխանականների համար:
Yerkir.am-ի՝ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող թափուր մնացած տնօրենների հաստիքներով հաստատությունների (հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ) ցանկը տրամադրելու և այդ պաշտոններում մինչև օրս նշանակումներ չանելու պատճառների մասին հարցմանն ի պատախան՝ նախարարությունից տեղեկացրել են, որ ուսումնական հաստատությունների տնօրենների մրցույթների անցկացման գործընթացները ձգձգելը պայմանավորված է COVID-19 համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության և վարակի տարածման ռիսկերը կանխելուն միտված սահմանափակումներով, բայց ներկայումս այդ գործընթացը վերսկսվել է: Հետաքրքիր է, կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետները, և, եթե դատենք նախարարության ներկայացրած տրամաբանությամբ, ապա մրցույթները նույնպես պետք է անորոշ ժամանակով հետաձգվեին: Բայց ինչպես արդեն փաստերով ներկայացրեցինք՝ մասնավորապես ԿԳՄՍ նախարարության դանդաղկոտությունն ամենևին էլ կորոնավիրուսով պայմանավորված չէ:
Փորձենք փաստերով բացահայտել իրական պատճառները:
Տնօրենների թափուր հաստիքներով ՊՈԱԿ-ի կարգավիճակում գործող հաստատություների թիվը, ըստ ԿԳՄՍ նախարարության պատասխանի, 28-ն է՝ այս պահի դրությամբ:
Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնն, օրինակ, թափուր է 2019 թ. օգոստոսի 28-ից՝ գրեթե մեկ տարի, երբ ոչ կորոնավիրուս կար և ոչ էլ արտակարգ դրություն: Ճիշտ է, նախարարությունն այդ մեկ տարոմ մի քանի անգամ մրցույթ է հայտարարել, բայց մրցույթների անցկացման համար պետական միջոցները զուր մսխվել են: Վերջին անգամ այս դպրոցի համար տնօրենի մրցույթ հայտարարվել է 2020 թվականի ապրիլի 28-ին, իսկ մի քանի օրից՝ հուլիսի 10-ին նոր մրցույթ է նախատեսվում:
Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանում տնօրենի պաշտոնը թափուր է 2019 թ. մարտի 11-ից՝ մեկ տարի և երեք ամիս։ Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ դպրոցում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն ոչ ոք չի մասնակցել դրան։ Նկատենք, որ վերջին անգամ նախարարությունը այս հաստատությունում մրցույթ է նախաձեռնել դեռ նախորդ տարվա աշնանը՝ հոկտեմբերի 3-ին: Ստացվում է, որ գերատեսչությունում այնքան էլ շահագրգռված չեն ուսումնարանում բարձր պաշտոնի համալրմամբ:
Բայց ավելի մտահոգիչ դեպքեր էլ կան, երբ նախարարության ենթակայությամբ գործող կառույցում տնօրենի աթոռը դատարկ է մնացել հեղափոխության ժամանակներից ի վեր. Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում 2018 թ. մարտի 1-ից մինչև այսօր տնօրենի պաշտոնը թափուր է։ ԿԳՄՍՆ-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ մրցույթ հայտարարվել է, բայց ինչ-ինչ պատճառներով հաղթող չի եղել։ Մեզ հաջողվեց պարզել, որ վերջին անգամ մարզադպրոցում տնօրենի մրցույթ հայտարարվել է 7 ամիս առաջ՝ 2019 թ. դեկտեմբերի 24-ին։ Մինչև արտակարգ դրության ռեժիմի հաստատումը նախարարությունը բավականին ժամանակ է ունեցել նոր մրցույթ հայտարարելու համար, նախընտրել է սպասել:
Կես տարի է առանց տնօրենի է մնացել Արթիկի պետական քոլեջը, որի նախկին տնօրենն աշխատանքից ազատվել է դեռ հունվարի 8-ին: ԿԳՄՍՆ-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ նոր մրցույթ դեռ նախատեսված չէ, և ընդհանրապես այդ թափուր տեղի համար դեռ որևէ մրցույթ չի անցկացվել, մինչդեռ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման՝ օրենքով սահմանված 6- ամսյա ժամկետն ավարտվել է:
Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանն էլ 2019 թ. հոկտեմբերի 8-ից ժամանակավոր պաշտոնակատարն է համակարգում, ուսումնարանի տնօրենի հաստիքի համար նախկին տնօրենի ազատումից հետո մրցույթ չի հայտարարվել:
Նույն ճակատագրին է արժանացել Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարանը, տնօրենի պաշտոնն այնտեղ թափուր է 2019 թ. դեկտեմբերի 30-ից, մինչև օրս որևէ մրցույթ չի հայտարարվել:։
Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տնօրենի աթոռը թափուր է 2019 թ. հոկտեմբերի 22-ից։ Այնտեղ միայն նախորդ տարեվերջին է մրցույթ հայտարարվել՝ մեկ անգամ։
Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում էլ մեկ տարի է, ինչ տնօրենի պաշտոնը թափուր է՝ 2019 թ. հունիսի 24-ից։ Վերջին անգամ այնտեղ մրցույթ հայտարարվել է 2019 թ. դեկտեմբերի 24-ին։ Թե քանի անգամ են նման մրցույթներ անցկացվել, նախարարությունը չի հայտնել:
Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում և Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում գրեթե 8 ամիս է տնօրենների պաշտոնը թափուր է, մրցույթներ էլ դեռ չեն նախատեսվում:
Փաստորեն այս ՊՈԱԿ-ների մեծ մասում խախտվել են նոր տնօրեններ ընտրելու համար մրցույթներ անցկացնելու օրենքով սահմանած ժամկետները. ըստ ՊՈԱԿ-ների մասին օրենքի՝ տնօրենի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով։ Իսկ եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։ Վեցամսյա և իննամսյա ժամկետները շատ ՊՈԱԿ-ներում են խախտվել, սակայն որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել: Ի՞նչ պատասխանատվություն, եթե ամեն ինչ կարելի է կորոնավիրուսով արդարացնել:
ԿԳՄՍՆ-ի պատասխան նամակում նշված է նաև, որ համավարակի ժամանակ 13 հաստատությունների տնօրենների պաշտոնավարման ժամկետներն են ավարտվել, նախարարությունը նպատակահարմար չի համարել վերակնքել պայմանագրերը նախկին տնօրենների հետ գոնե մինչև վիրուսի վտանգի անցնելը, և փաստորեն այդ ՊՈԱԿ-ները՝ Կոտայքի մարզային գրադարանը (01.04.2020 թ.), Հայաստանի պատմության թանգարանը (12.05.2020 թ.), Երևանի Լեոյի անվ. թիվ 65 ավագ դպրոցը (19.05.2020 թ.), Գյումրու թիվ 26 ավագ դպրոցը (02.06.2020 թ.), Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը (03.03.2020 թ.), Արմավիրի Ռ.Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը (09.06.2020 թ.), Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցը (14.05.2020թ.), Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը (10.03.2020թ.), Երևանի թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը (13.04.2020 թ.), Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը (04.03.2020 թ.), Գեղագիտության ազգային կենտրոնը (17.06.2020 թ.), Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցը (08.06.2020 թ), Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը (02.04.2020 թ.), նույնպես համալրել են տնօրենների թափուր հաստիքներով կառույցների ցանկը: Այդ ուսումնական հաստատություններում մրցույթներ են նախատեսված հուլիս –օգոստոս ամիսներին:
Իսկ նախարարության ենթակայության տակ գտնվող Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, Ալավերդու պետական քոլեջը, Արագածի արհեստագործական պետական ուսումնարանը նախորդ տավա մարտ-ապրիլ ամիսներից դատական գործընթացների մեջ են, ինչի պատճառով նախարարությունը չի կարողանում թափուր հաստիքների համար մրցույթներ անցկացնել: Համենայն դեպս պաշտոնական պատասխանում այս պատրվակն է նշված, թեև ինչպես համոզվեցինք՝ դատական գործընթացներ լինեին, թե ոչ, որևէ երաշխիք չկար, որ նախարարությունը օրենքի տառին համահունչ մրցույթներ կանցկացներ և կապահովեր նոր տնօրենների ընտրության բնականոն և արդյունավետ գործընթացը:
Ինչո՞ւ են հայտարարված մրցույթներն անպտուղ մնացել: Նախարարության պատասխան նամակում նշված է, որ ՊՈԱԿ-ներից մեկում մրցույթին պարզապես մասնակցություն չի եղել, ինչի հետևանքով էլ փաստորեն տնօրեն չի ընտրվել, իսկ մյուս կառույցներում պատճառներն անհայտ են: Կառավարության մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ հնարավոր պատճառներից մեկը ցածր դիմելիությունն է, այսինքն՝ ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնները գրավիչ չեն այլևս, քանի որ, ըստ աղբյուրի, տնօրենները զրկված են լրացուցիչ ֆինանսական աղբյուրներից և ստիպված են բավականին մեծ պատասխանատվություն նախատեսող աշխատանքն իրականացնել այդ աշխատանքի համար շատ ցածր աշխատավարձի դիմաց: Եվ այս դեպքում կառավարությունը լուրջ անելիք ունի՝ հատկապես մարզային ՊՈԱԿ-ներում մարդկանց աշխատելու համար խրախուսական մեխանիզմներ կիրառելու, որոնցից մեկն աշխատավարձերի դրույքաչափերի զգալի վերանայումն է, որովհետև դպրոցի կամ ուսումնարանի տնօրենի պաշտոնը պակաս պատասխանատու և դժվարին չէ, որքան մեծ պարգևավճարներ ու բարձր աշխատավարձ ստացող պատգամավորներինը կամ փոխմարզպետներինը:
Մենք նաև հիմնավոր կասկածներ ունենք՝ մտածելու, որ ԿԳՄՍ նախարարությունն այս ուսումնական հաստատությունների հետ այլ նկրտումներ ունի և այժմ յուրայինների է հավաքագրում, որոնց էլ կկարողանա նշանակել թափուր մնացած հաստիքներում՝ վստահ լինելով, որ նշված, իսկ հետագայում բոլոր ՊՈԱԿ-ներում իրենց կամքին ու ցանկություններին աներկբա ենթարկվող ղեկավարներ կունենա: Այլ կերպ ասած՝ վերջնականապես ձերբազատվում են նախկինների ստվերներից՝ փորձելով հենց բնում խեղդել ամեն տեսակի ընդվզում, հակադրություն և անհամաձայնություն նախարարության որոշումների, ցանկությունների, օրենսդրական նախաձեռնությունների հետ: Իսկ որ նախարարությունը նման խնդիր ունի, արդեն ակնհայտ է. ներկայացված հանրակրթական չափորոշիչները, որոնցով պատերազմ է հայտարարվել հայագիտական առարկաներին, «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, նախնական զինվորական պատրաստության առարկային, որոնցով հիմքեր են նախապատրաստվում դպրոցներում սեռական կրթության ներդրման համար, արդեն շատ ուսուցիչների, տնօրենների շրջանում դժգոհությանն և ընդվզման պատճառ են դարձել, ինչն էլ նախարարության պաշտոնյաներին է՛լ ավելի է ամրապնդում այն համոզման մեջ, որ իրենց կամակատարներ են հարկավոր կրթական համակարգում: Միայն թե այդ կամակատարներին այնքան էլ հեշտ չէ գտնելը, այլապես վաղուց շատ ՊՈԱԿ-ներ նոր տնօրեններ կունենային: Բայց «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի» դեպքում ԿԳՄՍՆ-ն կարծես թե հաջողել է, թեև այդ հաստատությունը նոր տնօրենի անհրաժեշտություն չուներ, ավելին, քոլեջում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ տնօրենի աթոռին երկու հոգի էին հայտնվել:
Այս տարվա ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևանի մշակույթի պետական քոլեջը միավորել նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ։ Իսկ հունիսի 22-ին նորաստեղծ հաստատությունը պաշտոնապես անվանակոչել են «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»։ Երկու քոլեջների տնօրեններին ԿԳՄՍ նախարարը վստահեցրել էր, որ երկու ՊՈԱԿ-ների միավորման դեպքում նրանցից մեկը կմնա նույն պաշտոնին, իսկ մյուսը կնշանակվի տնօրենի տեղակալ։ Բայց այս անգամ էլ նախարարը դրժեց իր խոստումը՝ բացահայտելով իրական մտադրությունները և իր դավադիր գործելաոճը: Բանն այն է, որ երկու քոլեջների միավորումից հետո հունիսի 24-ին դրանց տնօրեններին՝ Տիգրան Դավթյանին և Վրեժ Կիրակոսյանին տեղեկացրել են, որ քոլեջը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Ստեփան Բաբաթորոսյանը, որը Երևանի էստրադային ջազային արվեստի պետական քոլեջի տեսական առարկաների դասախոս է, 63 տարեկան է ու համարվում է թոշակառու։ Իսկ դեռևս գործող տնօրեններին ծանուցում է եկել այն մասին, որ նրանց լիազորությունները կդադարեցվեն պետկան ռեգիստրում իրենց ազատման հաստատման հաջորդ օրը: Այս մասին մեզ տեղեկացրեց «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ»-ի կադրերի տեսուչ Քրիստինե Կարապետյանը՝ հավելելով, որ ժամանակավոր պաշտոնակատարը Արայիկ Հարությունյանի խորհրդականի հոր ընկերն է: Ի դեպ, նա այնքան արտոնյալ է զգում իրեն, վստահաբար նրան այդ իրավունքը նախարարն է տվել, որ դեռ պետական ռեգիստրում երկու քոլեջների իրավաբանորեն գործող տնօրենների պաշտոնանկությունը չհաստատված՝ նրանց հրամայել է հավաքել իրերը և ազատել տնօրենների սենյակները: Մեր զրուցակիցը նշեց, որ «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջի» տնօրեն Տիգրան Դավթյանը Արցախյան պատերազմի մասնակից է եղել, որդին էլ այս պահին ծառայում է բանակում, և անբարո ու անարդար է նրան առանց հիմնավորումների աշխատանքից ու եկամտից զրկելը համավարակի ժամանակ, այն դեպքում, երբ Տիգրան Դավթյանը դրա համար որևէ առիթ չի տվել: Մինչդեռ վարչապետն ինքն է հորդորոմ գործատուներին այս ժամանակաընթացքում աշխատողներին չզրկել աշխատելու և ապրուստի հնարավորությունից: Նրա համար նաև անհասկանալի է, թե Ստեփան Բաբաթորոսյանը ո՞ր առավելությունների համար է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, մանավանդ որ վաղուց հատել է թոշակային տարիքի սահմանը և որևէ կոչում չունի, ինչը պարտադիր է այդ պաշտոնը ստանձնելու համար:
Քրիստինե Կարապետյանը տեղեկացրեց, որ երկու տնօրենների հետ քոլեջների աշխատակազմին հրահանգ է եկել աշխատանքից ազատման դիմումներ գրել: Նրանք չեն բացառում, որ այդ հարցում ջանք ու եռանդ չի խնայել նորանշանակ ԺՊ-ն, ով հայտարարել է, թե իր աշխատանքն այլ կերպ է պատկերացնում և այլ թիմի հետ: Ստացվում է, որ նա վստահ է՝ ԺՊ-ից սահուն ձևով ստանձնելու է քոլեջի տնօրենի պաշտոնը և հիմիկվանից իր համար աշխատանքային հարմարավետ պայմաններ է ապահովում։ Սակայն քոլեջների մոտ 200 աշխատակիցները չեն պատրաստվում լռել և հայտնվել գործազուրկի կարգավիճակում, նրանք պայքարելու են իրենց իրավունքների համար՝ թույլ չտալով որևէ անօրինականություն։
Այս քոլեջի հետ կապված մեկ դիտարկում անենք. փաստորեն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը լավ էլ պահանջարկված է, և հավաստիացումները, թե չոր աշխատավարձը մասնագետներին չի հրապուրում մասնակցելու տնօրենների թափուր հաստիքների մրցույթներին, այնքան էլ համոզիչ չեն:
Գրեթե մեկ ամիս առաջ ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ գործող պատմության և հուշարձանների պահպանության գործակալությունում նման պատմություն եղավ, և փաստացի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվեց իրենց որոշումների դեմ ըմբոստացած Արմեն Աբրոյանից, որը գործալակության պետի պաշտոնն էր զբաղեցնում։ ԿԳՄՍՆ-ի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության։ Աբրոյանին առաջարկել են ստեղծված վարչությունում ավագ մասնագետի աշխատանք և առանց սպասելու օրենքով սահմանված եռօրյա ժամկետի ընթացքում նրա որոշմանը՝ ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատված է պաշտոնից:
ԿԳՄՍՆ պատճառաբանում է, որ նախարարությունում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ։ Իսկ ըստ «Վերակազմակերպումից և կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» կառավարության 2019 թ. մարտի 29-ի N170 որոշման 22-րդ կետի՝ քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկություն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը: Այդ դեպքում գործատուն պարտավոր է իր աշխատակցին ապահովել այլ աշխատանքով:
Աբրոյանի հանդեպ ԿԳՄՍՆ-ի նման վերաբերմունքը նախապատմություն ունի. տևական ժամանակ է այդ պաշտոնյան դեմ էր Ֆիրդուսի տարածքի պատմամշակութային արժեք ունեցող շենքերի ապամոնտաժմանը և այդ մասին անթաքույց իր կարծիք էր հայտնում՝ շեշտելով, որ պատմության և հուշարձանների պահպանության գործակալությունն է այն մասնագիտական կառույցը, որն իրավունք ունի Ֆիրդուսի տարածքում պատմական շենքերի քանդման համաձայնություն, եզրակացություն և թույլտվություն տալու: Չնայած գործակալության բացասական եզրակացությանը, նախարարությունը հավանություն էր տվել այդ կառույցների քանդման համար, և դրանք հողին էին հավասարվել: Նախարարության այդ քայլը սուր քննադատության արժանացավ պարոն Աբրոյանի կողմից, և, բնականաբար, նա դա չէր կարող մարսել, իսկ իր ներկայությունն էլ այլևս չէին կարող հանդուրժել՝ որպես նախարարության համար անվստահելի և նախարարի քմահաճույքները չկատարող մարդու:
Չնայած Yerkir.am-ը ԿԳՄՍ նախարարությանը հարցում էր ուղարկել նաև հիմնադրամներում ղեկավարների թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու խնդրանքով, բայց նախարարությունում որոշել են, որ այդ տեղեկությունը զուր տեղը կծանրաբեռնի մեր միտքը և, ոտնահարելով ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները` նախընտրել է այդ մասին ոչինչ չտրամադրել: Այդուհանդերձ, այսօր առանց ռեկտորի է մնացել մայր բուհը՝ ԵՊՀ-ն, որտեղ տևական ժամանակ է անգամ հոգաբարձուների խորհուրդը չի ձևավորվում, իսկ ռեկտորի ընտրությունները պետք է ապահովի ու կազմակերպի հոգաբարձուների խորհուրդը՝ իր ողջ կազմով: Այս թեմային Yerkir.am-ն անդրադարձել է իր հրապարակումներից մեկում։
Հրապարակման մեջ նշել էինք, որ Երևանի մայր բուհն առ այսօր մնացել է առանց ռեկտորի և տևական ժամանակ է ղեկավարվում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Թեև հունիսի 16-ին ԵՊՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին, սակայն մինչև օրս՝ գրեթե մեկ ամիս անց, անգամ հոգաբարձուների նոր խորհուրդը ձևավորված չէ, քանի որ կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես իրավասու կառույց, չեն ներկայացրել հոգեբարձուների խորհրդի իրենց ութական թեկնածուներին:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը դա պայմանավորում է հավատարիմ ու կամակատար կադրերի պակասով, որոնք ներդրվելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կկարողանան ապահովել կառավարության աներկբա վերահսկողությունը մայր բուհի նկատմամբ:
Նոր կորոնավիրուսի համավարակի պատրվակով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը չորս ամիս ձգձգելուց հետո կառավարությունն այսօր որևէ արդարացում չունի իր անգործության համար, եթե ոչ իսկապես իրենց հավատարմության երդում տվող կադրերի պակասը: Քանի դեռ հոգաբարձուների խորհուրդը չի ձևավորվել, արհեստականորեն ձգձվում է նաև ռեկտորի ընտրությունը: Իսկ գուցե հենց ռեկտորի կամակատար թեկնածուի բացակայությու՞նն է կառավարության մտամոլոր գործելաոճի պատճառը: Ի վերջո այսօր դժվար է գտնել խելքը գլխին որևէ փորձառու, գիտական կոչում ու հեղինակություն ունեցող մեկին, որը կհամաձայնի անցնել ապաշնորհ իշխանությունների թրի տակով:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ևս նոր ռեկտորի ընտրության խնդրի առաջ է հայտնվել: Բայց, ի տարբերություն ԵՊՀ-ի, հուլիսի 17-ին այս բուհում մրցույթ կանցկացվի ռեկտորի թափուր պաշտոնի համար։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն գիտամանկավարժական աշխատանքի փորձ, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին աշխատանքից ազատվելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմանների մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։ Պատճառը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի հայտարարությունն էր, թե ռեկտորի պաշտոնակատարը, որի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, պաշտոնն առ այսօր զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հովանավորությամբ։
Դիանա Գալոյանը հետևել է նախարարի հորդորին և դիմել ԿԳՄՍՆ իր լիազորությունները դադարեցնելու համար, սակայն չի հրաժարվել այդ բուհում ռեկտոր լինելու ցանկությունից և մասնակցելու է հայտարարված մրցույթին։ Այս մասին նա վերջերս տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում: Մրցույթի ընթացքն ու արդյունքը ցույց կտան՝ իսկապե՞ս անաչառ են դրանք անցկացվում, իսկապե՞ս Արայիկ Հարությունյանին չի մտահոգում, որ նման պատասխանատու և լծակներ ունեցող պաշտոններում յուրայիններ չեն ընտրվում, և Դիանա Գալոյանն էլ որևէ բարձր հովանավորչությունից չի օգտվել և չի օգտվում: Մանավանդ, որ Արայիկ Հարությունյանը մտահոգություն էր հայտնել, որ առկա մարտահրավերների պայմաններում կարևոր գործերը թողած՝ պարտադրված է իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հերքմամբ զբաղվելու՝ իր հեղինակությունը փրկելու համար: Նախարարը իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ նշել էր, որ Դիանա Գալոյանին փոխնախարարի հովանավորելու մասին խոսակցությունները նշանակում են, որ ինքն էլ ստորագրում է դրա տակ, ու առաջարկել իր դեպքում այդ հովանավորչությունը ստուգելու լավագույն ցուցիչը, այն է՝ ուսումնասիրել, թե իր պաշտոնավարման ընթացքում բարեկամներից, հարազատներից, ընտանիքի անդամներից ովքեր են աշխատանքի անցել։ Ընտանիքում, ըստ նրա, բոլորը նույն գործին են, որևէ բան չի փոխվել ընկերների, հարազատների կյանքում, որևէ մեկը պետական պաշտոնի չի անցել։ Նրանց փոխարեն մրցույթներում հաղթել են իրենց որակներով և կենսագրությամբ շատ ավելի բարձր ցուցանիշներ ունեցողները։ Բայց արդեն «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի» դեպքում այդպիսի հովանավորչության վառ օրինակ ներկայացրեցինք: