Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
2020 թվականի հունիսի 18-ին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կայքում հրապարակվեց «Անցումային արդարադատության համակարգի հրատապ ներդրման անհրաժեշտության մասին» վերտառությամբ հայտարարություն, որին, բացի ձեր կազմակերպությունից, միացել էին ևս 16 կազմակերպություններ ու անհատներ։
Ձեր կազմակերպությունը մեր հասարակության լայն շերտերում ավելի շուտ և ավելի շատ ճանաչում են որպես Սորոսի հիմնադրամ՝ դրանից բխող ընկալումներով, ըմբռնումներով և ձևակերպումներով, որոնք ոչ միայն միանշանակ չեն, այլև խիստ հակասական են ու իրարամերժ։ Նույնը վերաբերվում է հայտարարության տակ ստորագրած կազմակերպությունների գոնե մի մասին, որոնք տարիներ շարունակ զբաղված են եղել տարբեր կառավարությունների և պաշտոնյաների քննադատությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ (հաճախ՝ շատ վիճելի, քանզի ներկայումս դրանց ծպտունը չի լսվում), իսկ մեկն էլ անընդհատ պետական մարմիններից ցանկանում էր ստանալ նրանց կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (վերջինիս պատճառների մասին ենթադրությունները թողնում եմ ընթերցողին)։
Համոզված եմ, որ հայտարարությունն ամբողջովին նախապատրաստվել է Ձեր կողմից, որին միացել են մյուսները։ Նաև համոզված եմ, որ հայտարարությանը միացած մյուս կազմակերպությունները հենց ձեզանից ժամանակին պետք է որ ստացած լինեն տարբեր չափերի դրամաշնորհներ։
Ինչևէ։
Հայտարարությունը սկսում է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյանի տան խուզարկության, հետագա հարցաքննության, նրա հետ իբր կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակմանը հաջորդող շրջանում ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրի վրա սևեռելու և Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործելաոճի նկարագրությամբ։
Միաժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանները, հետաքննող լրագրողները, գործարարները շարունակաբար բարձրաձայնել են պետությունը զավթած իշխանությունների հետ սերտաճած քրեական օլիգարխիայի շրջանակների կողմից անպատժելի ընտրախախտումների, ապօրինի սեփականաշնորհումների, պառլամենտական մեծամասնության հովանավորության ներքո բիզնես արտոնություններ ստանալու և պետության շահերին էական վնաս պատճառելու մասին:
Եվ, վերջապես, հայտարարությունն ավարտվում էր հանրային վստահություն վայելող դատաիրավական համակարգի ստեղծման և անցումային արդարադատության իրականացման անհրաժեշտության մասով։
Չէի անդրադառնա Ձեր հայտարարությանը, այն կընդունեի որպես հերթական նյութ, որ հանդիպում է մերօրյա լրատվական տեղատարափում։ Սակայն, նրանում արծարծված առանձին մտքեր ու ձևակերպումներ կուզեի վերադարձնել հարցերով․
1. ե՞րբվանից և ու՞մ կողմից է Հայաստանի Հանրապետությունում բռնազավթվել իշխանությունն ու որո՞նք են բռնազավթման Ձեր չափորոշիչները,
2. արդյո՞ք տեղյակ եք, որ Ձեր բնորոշած «բռազավթած իշխանությունը» ներկայացրել է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետություն՝ իրավունքներով ու պարտականություններով հանդերձ,
3. արդյո՞ք տեղյակ եք, որ այդ պետությունում, լավ թե վատ, ապրել, արարել են մարդիկ, որոնք պայքարել ու պայքարում են իրենց ազգային արժեքների ու ազատագրված տարածքների համար,
4. ապօրինի սեփականաշնորհումների ինչպիսի՞ փաստեր և դեպքեր կան,
5. ո՞րն է դատաիրավական համակարգի նկատմամբ առկա անվստահության չափման գործիքը,
6. ի՞նչ է ասել «անցումային արդարադատություն», առկա օրենսդրական դաշտի, թե՞ անձերի փոփոխություն,
7. ինչու՞ եք անցումային արդարադատության մասին հիշում այն ժամանակ, երբ դատարանի վճռով ձերբակալվում կամ բաց է թողնվում գործող իշխանությանը ընդդիմադիր կամ քննադատող գործիչ,
8. դատաիրավական մարմինների անվան տակ արդյո՞ք մտնում են դատախազությունը, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, թե՞ միայն դատարաններն ու դատավորները,
9. մարդու/քաղաքացու իրավունքների համար պայքարող Ձեր կազմակերպությունը և մյուս կազմակերպությունները ինչու՞ այսօր ծպտուն չեն հանում և չեն արձագանքում այն դեպքերին, որոնց վերաբերյալ ժամանակին աղմկում էիք տարիներով։ Օրինակ, պաշտպանեք հանիրավի կերպով տարբեր կառույցներից «դիմում գրի՝ գնա» սկզբունքով աշխատանքից ազատված մարդկանց իրավունքները։ Ի՞նչ է, նրանք մարդ չե՞ն,
10. և, վերջապես, ինչպե՞ս է պատահել, որ Ձեր կազմակերպությունից դրամաշնորհ ստացած բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ ունեցել են և ունեն մեր ժողովրդի արժեհամակարգի ու նիստուկացի փոփոխման առաքելություն, որի հետ չեմ համակերպվելու ինքս ու իմ նման շատերը։
Հարցերս շատ են, սակայն բավարարվեմ այսքանով։ Ամբողջական գնահատական չեմ տա Ձեր գործունեությանը, սակայն կանեմ կարևոր արձանագրում՝ ես ապրել, ապրում եմ և ապրելու եմ իմ երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում, որն անկախ կառավարող անձերից, տարբեր տարիներին առաջացած խնդիրներից ու անարդարությունից, որոնցից հաճախ տուժել եմ նաև ինքս, եղել է, կա և կմնա իմ Հայրենիքը, որի ցանկացած անվանարկում չեմ հանդուրժելու։
Չեմ հանդուրժելու նաև այն հակահայ ձեռնարկները, որոնք միտված կլինեն Հայ Ընտանիքի, Հայ Առաքելական Եկեղեցու և Հայի ավանդական արժեհամակարգի դեմ»,- նշված է Վանիկ Բաբաջանյանի բաց նամակում։