կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 13:08
Հասարակություն

Օսիպյանն ասել է`ինչու չեն թողնում «ՎԵՏՕ»-ին` բողոքի ակցիա իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի դիմաց

Օսիպյանն ասել է`ինչու չեն թողնում «ՎԵՏՕ»-ին` բողոքի ակցիա իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի դիմաց

Յուրաքանչյուր գրասենյակ, յուրաքանչյուր կազմակերպություն, գերատեսչություն ունի մուտք և ելք, որևէ մեկն իրավունք չունի սահմանափակելու ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը. այսօր Ոստիկանության զորքերի օրվա առթիվ միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու ոստիկանները թույլ չեն տալիս, որ «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա իրականացնեն «Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի շենքի դիմաց:

«Մենք առաջնորդվում ենք ոչ թե մարդկանց քանակով, այլ նույնիսկ մեկ անձը մարդ է, որի համար պարտավոր ենք ծառայություն մատուցել»,- մանրամասնեց Օսիպյանը:

Ոստիկանապետն անդրադարձավ նաև դիտարկմանը`այդ դեպքում ինչու թույլ տվեցին արգելափակել դատարանների դռները: Նա նշեց, որ արդեն այդ հարցին մի քանի անգամ պատասխանել է:

Օսիպյանը նաև խոսեց ոստիկանական զորքերի` երկրի սահմանը պահելու մասին: Նա մանրամասնեց, որ շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերը ծառայում են պետական սահմանին և այդ առաջադրանքը կատարում են գերազանց։

Հարցին՝ արդյո՞ք Երևանում շարունակվելու է ուժեղացված ծառայությունը, ոստիկանապետը դրական պատասխան տվեց։ «Այսուհետ դա մեր առօրյան է լինելու։ Մենք «ոչ» ենք ասել իրավախախտին, հանցագործին։ Օրենքը բոլորի համար է, և որևէ մեկը չի կարող սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ։ Ոստիկանությունն այլևս հանդուրժող չէ», - պարզաբանեց Օսիպյանը։

Խոսքի վերջում Օսիպյանը նաև անդրադարձավ Հայաստանում մեկ քաղաքացու հաշվով ոստիկանների մեծ թվաքանակին: Ոստիկանապետը հակառակը պնդեց, որ, եվրոպական զարգացած երկրների համեմատ, Հայաստանում ոստիկանների թիվն այդքան էլ մեծ չէ։

«Ոստիկանությունում տեղի է ունենում օպտիմալացում, և չի բացառվում, որ կրկնվող գործառույթներն ու ծառայությունները միավորվեն, դառնան մեկ ծառայություն», - եզրափակեց նա։