Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` հուլիսի 8-ին, իսրայելական The Times of Israel թերթը հրապարակել է «Մոսադ»-ի` Իսրայելի արտաքին հետախուզության նախկին տնօրեն Շաբթայ Շավիտի հետ ծավալուն հարցազրույց, որի զգալի մասը նվիրված է Իրանին ու այդ երկրի` «միջուկային զենքի տիրանալու» ծրագրերին. տեղեկացնում է yerkir.am-ը:
Շավիտն այդ հարցում կշռադատված գնահատական է հնչեցրել, ըստ որի` չի կարելի հարձակվել Իրանի Իսլամական Հանրապետության վրա` միջուկային պոտենցիալ ունենալու` նրա հնարավոր փորձերը կանխելու համար, հարկավոր է ստեղծել «իրական զսպման» մեխանիզմ:
«Նախ` թույլ տվեց ասել, որ ես խոսում եմ ոչ թե որպես քաղաքական և հասարակական գործիչ, այլ որպես հետախուզության աշխատակից` հետախուզության սպա, որը որոշում կայացնող անձանց տրամադրում է ոչ միայն հետախուզական տեղեկատվություն, այլ նաև գնահատականներ և նույնիսկ հանձնարարականներ: Ինձ թույլատրված չէ որոնել լավագույն սցենարներ, դրական սցենարներ: Եա ընտրել չեմ կարող, ես պետք է կողմնորոշվեմ սցենարի վատագույն զարգացման ուղղությամբ: Իսկ վատագույն սցենարն այն է, որ իրանցիները չեն հրաժարվի իրենց որոշումից, միջուկային զենքի պոտենցիալ ունենալու վճռականությունից»,- նշել է Շավիտը:
Ըստ նրա` պարտադիր չէ, որ իրանցիների հիմնավորումը լինի` «ես ցանկանում եմ ռումբ, որ Թել Ավիվի վրա գցեմ»:
«Նրանց գլխավոր հիմնավորումն է ` «մենք պետք է իմունիտետ ունենանք, և այն պահին, երբ միջուկային զենքը լինի, մենք հասել ենք իմունիտետի, և ոչ ոք մեզ հետ այդ ժամանակ չի ցանկանա գործ ունենալ»: Իրանցիները վճռական են իմունիտետ ստեղծելու հարցում, և երբ նրանք խոսում են այդ մասին, դա միայն Իսրայելի դեմ չէ, դա նաև ԱՄՆ-ի ու Թուրքիայի դեմ է»,- ընդգծել է «Մոսադ»-ի նախկին ղեկավարը:
Նրա խոսքով` եթե Իրանը ռումբ ունենա, կհաղթի նաև Թուրքիային: «Նրանց առաջնորդները հանդիպում են, այցեր են կատարում: Դա հիանալի է, բայց այդ երկու պետությունները հիմնականում պայքարում են Մերձավոր Արևելքում հեգեմոնիայի համար»,- հիշեցրել է Շավիտը:
Նա ընդգծել է, որ այն մարդկանցից չէ, որ ասում են` որ պահին Իրանը միջուկային զենք ունենա, կսպառնա Իսրայելի գոյությանը: «Ոչ, սակայն ռումբով պետությունը կարող է այն կիրառել իր շահերի առաջխաղացման համար տարատեսակ առանցքներ ստեղծելու համար: Մենք չպիտի հայտարարենք իրանցիներին, ամբողջ աշխարհին` «լսի՛ր, մենք քեզ թույլ չենք տա ռումբ ստանալ»: Դա կնշանակի, որ մենք ռազմական գործողություն ենք սկսելու, որպեսզի ոչնչացնենք այն, ինչ նրանք ունեն: Չեմ կարծում, որ դա ճիշտ քաղաքականություն է, որովհետև, երբ դուք սպառնում եք, պետք է ունակ լինեք գործելու: Այսպիսով` պահեստային տարբերակն իրական զսպումն է: Դա նշանակում է, որ մենք պետք է համոզված լինենք, որ այդպիսի հնարավորություն ունենք, որ երբ դուք (իրանցիները) մի օր խելքներդ թռցնեք ու ցանկանաք ռումբը կիրառել մեր դեմ, այդ ժամանակ Իրանը կդադարի գոյություն ունենալ: Գինը, որը ստիպված կլինեք վճարել, եթե ցանկանաք կիրառել այդ հնարավորությունը մեր դեմ, կլինի անընդունելի մեծ»,- ընդգծել է Շավիտը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին 2020 թվականի հունվարի 22-ին, դիմելով Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի` 2015-ին ստորագրված` Իրանի միջուկային ծրագրի եվրոպացի մասնակիցներին, կոչ էր արել չհետևել ծրագրից միակողմանիորեն դուրս եկած ԱՄՆ-ի «սխալ քայլին»:
«Մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի: Միջուկային գործարքով կամ առանց դրա, մենք երբեք չենք ձգտելու միջուկային զենքի»,- հայտարարել էր նա:
Բացի դրանից` 2013-ին այաթոլլա Ալի Խամենեին ֆեթվա էր հրապարակել, որն արգելում էր միջուկային զենքը: Պաշտոնական Թեհրանն այն ժամանակ հայտարարեց, որ գերագույն հոգևոր առաջնորդի որոշումը մեկընդմիշտ փակում է երկրի կողմից ատոմային ռումբ մշակելու մասին բանավեճը: