կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-30 14:22
Աշխարհ

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը նշանակվել է բրիտանական հետախուզության ղեկավար

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը նշանակվել է բրիտանական հետախուզության ղեկավար

Բրիտանական արտաքին հետախուզության (Secret Intelligence Service (SIS) կամ MI-6) ղեկավար է նշանակվել Ռիչարդ Մուրը, որը ներկայումս բարձր պաշտոն է զբաղեցնում արտգործնախարարությունում. ըստ yerkir.am-ի` հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: MI-6-ը Մեծ Բրիտանիայից դուրս զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ:

Մուրը, որը Թուրքիայում նախկին դեսպան է եղել և ԱԳՆ-ի ներկայիս քաղաքական տնօրենն է, աշնանն այդ պաշտոնում կփոխարինի սըր Ալեքս Յանգերին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, որը հետախուզության նոր ղեկավարին նշանակել է վարչապետի համաձայնությամբ, ասել է, որ Ռիչարդ Մուրը «կհամակարգի տղամարդկանց և կանանց խմբերի աշխատանքը, որոնց անդուլ ջանքերը հազվադեպ են նկատելի հասարակությանը, սակայն չափազանց կարևոր են Միացյալ Թագավորության անվտանգության ու բարգավաճման համար»:

Ռիչարդ Մուրը ծնվել է Լիբիայում, ընդ որում` պաշտոնական կենսագրականում ծննդյան թիվը նշված չէ: Հայտնի է, որ հետախուզությունում նա սկսել է աշխատել 1987  թվականից և հասել է տնօրեններից մեկի պաշտոնին: Նաև զբաղեցրել է կառավարության` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը:

Մուրը գաղտնի ծառայությունը համատեղել է դիվանագիտական աշխատանքի հետ` Վիետնամում, Թուրքիայում, Պակիստանում և Մալայզիայում, ընդ որում` Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանն աշխատել է երկու անգամ` 1990-1992 թվականներին և 2014-2017-ին` արդեն որպես դեսպան: