Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-07-07 11:00
Աշխարհ

Ինչո՞ւ է Թուրքիան շարունակում մասնակցել Ֆ-35-ների արտադրությանը. ԱՄՆ սենատորները հարցում են ուղղել Պենտագոնին

Ինչո՞ւ է Թուրքիան շարունակում մասնակցել Ֆ-35-ների արտադրությանը. ԱՄՆ սենատորները հարցում են ուղղել Պենտագոնին

ԱՄՆ հանրապետական սենատորներ Ջեյմս Լենքֆորդը և Թոմ Թիլիսը, ինչպես նաև ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Ջին Շահինը և Քրիս Վան Հոլենը նամակ են հղել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերին՝ պահանջելով բացատրություն, թե ինչու Թուրքիան, չնայած Վաշինգտոնի որոշմանը`նրան բացառելու ԱՄՆ-ի F-35 կործանիչների արտադրության ծրագրից, շարունակում է մասնակցել դրան: Համապատասխան նամակը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ Լենքֆորդի կայքում:

«Թուրք արտադրողները դեռևս արտադրում և մատակարարում են հիմնական տարրերը՝ չնայած այդպիսի մասնակցության օրենսդրական արգելքին», - ասվում է սենատորների հայտարարության մեջ: Նրանք կոչ են արել բացատրել այն պատճառները, թե ինչու է Թուրքիան շարունակում մասնակցել արտադրությանը, ինչպես նաև տրամադրել թուրք արտադրողների տվյալները, նրանց հետ պայմանագրերի սկիզբն ու ավարտը:

Սենատորները շեշտեցին, որ Թուրքիայից մատակարարումների մերժումը ամերիկյան կողմի համար կստեղծի լրացուցիչ ֆինանսական ծախսեր, բայց դա պետք է արվի «ՆԱՏՕ-ի հանդեպ դիվանագիտական պարտականությունները կատարելու համար»:

2017-ին Ռուսաստանը և Թուրքիան պայմանագիր են ստորագրել С-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն էր, ով ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը կտրուկ բացասական արձագանք էր առաջացրել Միացյալ Նահանգների և ընդհանուր առմամբ դաշինքի կողմից: ԱՄՆ-ն չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել Ռուսաստանի ՀՕՊ համակարգերից: Դրա պատճառով Վաշինգտոնը վտարել է Անկարային ամերիկյան F-35 արտադրության ծրագրերից: Բացի այդ, Միացյալ Նահանգները սպառնում է Թուրքիային մի շարք միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ, բայց չի շտապում նման քայլերի դիմել, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրացումից, իսկ Անկարան նախազգուշացնում է, որ անպատասխան չի թողնի նման սահմանափակումների կիրառումը: