կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-19 13:40
Հասարակություն

Կառավարությունն այդքան միջոցներ չունի, որ այլընտրանքային էներգիայի արտադրությանը զարկ տա. ԳԱԱ նախագահ

Կառավարությունն այդքան միջոցներ չունի, որ այլընտրանքային էներգիայի արտադրությանը զարկ տա. ԳԱԱ նախագահ

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանում գիտության մակարդակը դեռևս այն աստիճան չի զարգացել, որպեսզի հնարավորություն տա լայնորեն կիրառելու այլընտրանքային էներգիան:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը չի ձեռնարկում միջոցառումներ` այլընտրանքային էներգիա արտադրելու և բնակչությանը տրամադրելու համար, ԳԱԱ նախագահը պատասխանեց. «Այլընտրանքային էներգիայի թե'  հետազոտությունների, թե' ինքնարժեքն է շատ բարձր: Աշխարհում այդ պրոբլեմը լուծում են այնպիսի երկրներ, որոնք բավականաչափ պոտենցիալ ունեն: Ուրեմն պետք է պահանջարկ լինի, որ դրանք սկսեն կիրառվել, եթե պահանջարկ լիներ, երևի կարտադրվեր: Կառավարությունն ի՞նչ անի, պիտի մենք ուզենանք առնել, դնել էդ սարքերը, եթե ես չեմ ուզում էդպիսի ջրի տաքացուցիչ, կառավարությունն ի՞նչ անի»:

 

Հիշեցնենք, որ տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը ստեղծել է «Ախթամար» կոչվող արևային սարքը, որի արժեքն է 1000 դոլար, և որի միջոցով հնարավոր է 50 տարի տանն օգտագործել էլեկտրաէներգիա և ձմռանը ջերմանալ` առանց խնայելու: Նշենք, որ սարքը պատրաստ է զանգվածային արտադրության, բայց կառավարությունը մինչ այժմ չի տվել զանգվածային արտադրության համար թույլտվություն:

 

Այնուամենայնիվ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ չի կարծում, թե այլընտրանքային էներգիա արտադրող սարքերը պատրաստ են զանգվածային արտադրության, չի էլ կարծում, թե այդ սարքով կարող են լրջորեն հետաքրքրվել  այլ երկրներ: ԳԱԱ նախագահը կարծիք հայտնեց, որ այդ սարքերը ամենևին էլ խնայող չեն և թանկ են:

 

«Դե, եթե էժան լինեին այդ սարքերը, բոլորն էլ կառնեին, կդնեին, էլի, ինչի՞ կգնային գազի արժեքը վճարելու: Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այդքան միջոցներ չունի, որ նպաստի այդ հետազոտություններին: Մասնավորը  կարող է իրեն թույլ տալ գնել այդ սարքերը, այլ ոչ` կառավարությունը: Բացի այդ` շուկա պետք է լինի, Հայաստանում շուկա չունենք»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

 

Հարցին` կարո՞ղ է, արդյոք, ԳԱԱ բյուջեից ֆինանսավորվեն այլընտրանքային էներգիայի հետ կապված լուրջ հետազոտությունները, Ռադիկ Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Ակադեմիայի բյուջեի՞ց, վայ վայ վայ... Ակադեմիայի բյուջեն ծիծաղի առարկա է»: