կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 23:10
Սփյուռք

«Վէմ»-ի խմբագրական․ Քրիստափորի կտակը

«Վէմ»-ի խմբագրական․ Քրիստափորի կտակը

Մարդ, …որի կամքին հնազանդորեն հանձնվում են մյուս բոլոր կամքերը, ենթարկվում և դրա մեջ տեսնում իրենց բարօրությունը, այդպիսի մարդուն մենք ամենայն իրավամբ կարող ենք համարել մեծերից մեծագույնը: Նա իրականում գործնականորեն մարմնավորում է հերոսականության բոլոր բազմազան ձևերը՝ հովվապետին, ուսուցչին, ընդհանրապես ամեն տեսակի երկրային և հոգևոր արժանիքները, որոնք որ մենք կարող ենք պատկերացնել մարդու մեջ, մարմնավորում է, որպեսզի այդ կերպ իշխի մարդկանց վրա, նրանց մշտապես գործնական խրատներ տա, ամեն օր և ամեն ժամ ցուցումներ տա, թե նրանք ինչ պետք է անեն։


Թոմաս Քարլայլ

Ներկա դժվարին ժամանակներում, երբ բնականոն կյանքի հիմնաքարերը դանդաղորեն հեռանում են մեզանից՝ իրենց տեղը զիջելով տագնապներով լի առօրեականությանը, ազգի դիմադրողականության ամրապնդման խնդիրը ստիպում է վերհիշել անելանելի իրավիճակներում մեր քաղաքական կամքը դարբնած նվիրական հերոսների գործերը։

Ուստի այսօր, երբ մեր հիշողությունը վերաիմաստավորում է անցյալում արձանագրված հերոսականության առավել վառ դրսևորումները, նոր լուսարձակի կարիք է զգում նաև 115 տարի առաջ Բուլղարիայի Վիտոշ լեռան լանջին ՀՅԴ առաջնորդ Քրիստափոր Միքայելյանի նահատակության խորհուրդը։ Քանզի ներկայումս այն նոր իմաստ է ձեռք բերել ինչպես հերոսների պաշտամունքի ու հերոսականության գիտական ընկալման, այնպես էլ մեր շուրջն ընթացող բարդ ու հակասական զարգացումներին դիմակայելու խնդրի համատեքստում։

Մեզանում Քրիստափոր նվիրական անվան գործածումը սկիզբ է առել գրեթե 2 հազար տարի առաջ Հայաստան եկած առաջին առաքյալների կողմից Գողթն գավառի Գինդազ լեռան ստորոտին Սուրբ Քրիստափոր եկեղեցու հիմնարկեքի պահից։ Հետագայում դառնալով Վերին Ագուլիս գյուղաքաղաքի մայր եկեղեցին` սկզբնապես փայտաշեն այդ շինությունը, բազմիցս ավերվելուց ու վերակառուցվելուց հետո` 17-րդ դարում, Նաղաշ Հովնաթանի կողմից զարդարվեց Գրիգոր Լուսավորչի, Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և հայոց այլ մեծերի պատկերներով։ Հիսուսի աշակերտների ստեղծած Խրիստոֆորոս, այսինքն՝ նա, ով իր հոգում կրում է Քրիստոսին, նվիրական անունը ժառանգած Քրիստափոր Միքայելյանը իր մանկու- թյան ու պատանեկության տարիներին հայոց պատմության այդ երևելի դեմքերի մեջ է տեսել Մայր Հայաստանի պատկերը և հետագա ողջ կյանքով ու նահատակությամբ ծառայել նրա ազատագրության գործին։

Առաջին առաքյալների կողմից սրբացված վայրում ծնված և նրանց հիմնած Սուրբ տաճարի անվանումը ժառանգած ագուլիսցի պատանու հոգում ի սկզբանե անթեղված էին համամարդկային ու ազգային զույգ առաքելությունները։ Որովհետև Ագուլիսը միայն հոգևոր ավազան չէր Քրիստափորի համար, այլ նաև իր գերված հայրենիքի մանրակերտը, որը Հայաստանի բազմաթիվ այլ ոստանների նման դաշտավայրը զավթած «թուրքի ահից» քաշվել էր հայրենի լեռների ստորոտները։ Նոր ժամանակներում Հայաստանի հոգևոր ու ֆիզիկական խորհրդանիշերի դասական համադրությունը հանդիսացող միջավայրից պետք է ծնունդ առներ նրա անխորտակելի կամքի նոր մարմնավորումը՝ Քրիստափոր Միքայելյան մարդը։

Թեև պատմությունը հերոսի ուսուցիչն է, բայց ժամանակն է նրա ուղեցույցը։ Այդ պատճառով Նոր ժամանակները, ժառանգելով անցյալի նվիրյալների անմնացորդ զոհողությունների վառ օրինակները, արդիական շունչ ու գունավորում հաղորդեցին նրանց մեծ ու փոքր գործերին։ Ուստի նախնադարի ցեղային առաջնորդների աստվածացված կերպարների և վաղ միջնադարում հերոսացված մարգարեների փոխարեն Նոր ժամանակների հերոսը մարմնավորեց «հերոսն իբրև առաջնորդ» հղացքը՝ այն դարձնելով 19-20-րդ դարերի հեղափոխականության ընկալման հիմքը։

Որովհետև բանականության դարը նոր որակներ էր ներբերել հերոսականության համաշխարհային շքերթի մեջ՝ ռացիոնալ մտածողությամբ ամրապնդելով հերոս-առաջնորդի գիտակցված կամքը։ Հիմնվելով Լուսավորության կանտյան բանաձևի վրա՝ «խիզախություն ունեցիր օգտվելու սեփական բանականությունից»՝ Նոր ժամանակների հերոսը պատմության առարկայական ու ենթակայական գործոնների ներդաշնակ համադրությունն է դարձրել իր հաջողության գրավականը։ Ու թեև մեծ գործերը նրանից նաև մեծ զոհողություններ են պահանջել, բայց եվրոպական առաջավոր ազգերի առաջնորդները միշտ էլ ունեցել են հաջողության հասնելու առարկայական հնարավորություններ և, ինչու չէ, նաև անձնական անվտանգության նվազագույն երաշխիքներ։ Մինչդեռ հայ հեղափոխության ավազանում ծնված նրա հերոս-առաջնորդը՝ Քրիստափոր Միքայելյանը, մանկության տարիներից ցմրուր քամելով որբության դառնությունը, իր ողջ գիտակից կյանքում զուրկ է մնացել տարրական ապահովությունից ու սեփական անձի մասին հոգալու հնարավորությունից։ Ուստի պատմաքաղաքական երևույթներն իրենց ժամանակի ու միջավայրի մեջ դիտարկելու պարագայում դժվար չէ եզրակացնել, որ Հայոց վերածնունդը չէր կարող ծնել մի նոր Կրոմվել կամ Նապոլեոն։ Բայց իր գործի հաջողության համար անհրաժեշտ առարկայական պայմանների բացակայությունը ենթակայական գործոնի գերլարումով փոխհատուցելու կամքով ու անմնացորդ նվիրումով մեր Քրիստափորն ավելին էր իր դարաշրջանի ցանկացած հերոս-առաջնորդից։ Որովհետև հայոց խոնարհված տաճարների հոգևոր ուժն ու ժայռերի մեջ սեղմված Ագուլիսների «հին կռիվը» դարաշրջանի հեղափոխականության կենարար շնչին միաձուլած Քրիստափորի հոգում ի սկզբանե առկա էր ինքնազոհաբերման մեծ խորհուրդը։ Իսկ սեփական բանականությունից օգտվելու կանտյան խիզախությունը թույլ էր տվել նրան խորությամբ հասկանալ այն իրողությունը, որ թեև ազգ-պետությունների ձևավորման գործընթացի մեջ ներքաշված հայությունն իր նախորդ ժառանգության պատճառով հայտնվել է տասնապատիկ ավելի մեծ արգելքների առջև, բայց նման խոչընդոտների «ռացիոնալացումը» վերջնական կորստի դուռ է բացում նրա համար։
Ուստի, ի տարբերություն խոհեմություն քարոզող հայ պահպանողականների ու լիբերալների և կամ էլ իրենց ընկերային տեսլականներն ազգային հեղափոխության այլընտրանքը համարող նարոդնիկ ու սոցիալ-դեմոկրատ գործիչների, Քրիստափորը համոզված էր, որ ձուլվելու կամ ֆիզիկապես բնաջնջվելու զույգ սպառնալիքների միակ իրական այլընտրանքը գոյատևման սեփական խարիսխն ունենալն է, ինչ գնով էլ դա լինի։ Ու քանի որ այդ գինը վճարելու էին բոլորը՝ հերոս-առաջնորդը կոչված էր օրինակ դառնալ նրանց համար։

Պատճառն ակնհայտ է. Քրիստափորի ժամանակը եվրոպական քաղաքակրթական տարածքին պատկանող ժողովուրդների համար կրկին պատմության գիրկը վերադառնալու այն վերջնահանգրվանն էր, որը բաց թողնելու պարագայում նրանք դառնալու էին սոսկ մարդկային հումք՝ ավելի զորեղ հարևանների համար։ Քրիստափորի գործի մեծությունն այն է, որ նա` որպես հերոս-առաջնորդ, ապացուցեց, որ, ի հեճուկս հազարամյա կորուստների և ուժասպառության, հայերը նորից կարող են դառնալ քաղաքական ազգ՝ անկախ նրանից, թե որքան թանկ է լինելու դրա համար վճարվելիք հավելյալ արյան գինը։ Այդ պատճառով իր մտքի թռիչքով նա կամրջեց միմյանցից մեծապես հեռացած Հայաստան-հայրենիքի ազատագրության իդեալը և հայ ազգի ցրվածության ու կոտորակման դառն իրականությունը։

Քրիստափորի սերունդն ինքը չէր ստեղծել նման դաժան երկընտրանքը, ուստի կորուստների անխուսափելիության գիտակցումը նրան չէր կարող տանել ո՛չ դեպի հետ՝ միջնադարի կրոնական համայնքի փարախը, և ո՛չ էլ դեպի արևելյան անապահով միջավայրում տնտեսա-մշակութային խաղաղ առաջադիմության անիմաստ փնտրտուքը։ Իսկապես, հետագա ողջ պատմությունը ցույց տվեց, որ ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը Օսմանյան կայսրության անպաշտպան համայնքներին չապահովագրեցին ֆիզիկական բնաջնջումից ու փոշիացումից։

Հերոսը հասկանում է ժամանակի հրամայականը, որքան էլ այն դաժան լինի իր և իր շրջապատի համար և ընդունում է նրանից բխող մարտահրավերը որպես սեփական ճակատագիր։ Այդ պատճառով ազգի հավաքական կեցության վրա կախված գոյութենական մարտահրավերին դիմակայելու համար Քրիստափորը գործնական գետնի վրա տեղափոխեց շուրջ մեկ հազարամյակ անլուծելի թվացող խնդրի լուծումը՝ պառակտված ու մարտական փորձառությունից գրեթե զրկված հայերին հեղափոխական բանակի վերածելու խնդիրը։ Եվ չնայած այդ բանակը դեռ կանոնավոր զորք չէր, բայց հաջորդ տասնամյակում՝ Առաջին աշխարհամարտի ու Ռուսական հեղափոխության անբարենպաստ պայմաններում այն չկոտրվեց ու չընկրկեց թշնամու գերակշռող ուժի առջև։ Եթե Քրիստափորի ժամանակներում միայն Դումանի նման ընտրյալներն էին պատրաստ թշնամու բանակի դեմ անհավասար կռվի, ապա յուրաքանչյուր սերնդի հասունացման հետ նրանց թիվն ավելանում էր ըմբոստ Դրոների, Դալի Ղազարների ու Նժդեհների նորանոր փաղանգներով, որոնք պետական կեցության պայմաններում թևակոխեցին մարտական որակների բարելավման նոր հանգրվան։ Ուստի 20-րդ դարը, որի արշալույսին զոհվեց մեր հերոս-առաջնորդը, դարձավ հայ ազգի կորացած մեջքը շտկելու այն երկար տեսաշարը, որի վերջին արարը Ղարաբաղյան պատերազմում հրաշքներ գործած Պաշտպանության բանակի հաղթարշավն էր։

Ազգի քաղաքական հասունացման ու մարտական որակների բարելավման հաջորդական հանգրվաններն անհնարին կլինեին առանց Քրիստափորի ու նրա կուսակցության ցանած ազգային հեղափոխության սերմերի։ Քանզի մեր հազարամյա կորուստների ու կոտորակման դառը պատմության մեջ առաջին անգամ մարդակերտ Քրիստափորն էր, ով իր «Սիրեցէ՛ք, սիրեցէ՛ք միմեանց» հիսուսյան պատգամի միջոցով կարողացավ միաձուլել անհատապաշտ ու եսակենտրոն հայերի կամքը։ Փորձառու հոգեբանի հմտությամբ այս մեծագույն հրաշքը կերտած մեր հերոս-առաջնորդը հայ իրականության հեղափոխման հիմքում դրեց մարդու վերափոխման հիմնախնդիրը, ինչը նոր իմաստ հաղորդեց ազգային հեղափոխությանը։ Որովհետև ցանկացած նոր կեցության հիմքերը խախուտ են այնքան ժամանակ, քանի դեռ այն խարսխվում է հին գիտակցությամբ առաջնորդվող մարդկանց վրա։ Այդ պատճառով Քրիստափորի ու նրա սերնդի համար ազատ մարդու ձևավորման հիմնախնդիրն էր գոյության կռվում հաջողության հասնելու գրավականը։

Մեզանում այսօր էլ հեղափոխությունն ու իր արտաքին դրսևորումները նույնականացնող կույր շքերթում մոռացության է տրվում նրա բուն սուբյեկտի՝ մարդու պրոբլեմը, որովհետև մի կողմից հեղափոխականության ընկալումը սահմանափակվում է հայ ֆեդայու կերպարով, իսկ մյուս կողմից՝ բոլշևիկյան կամ նոր ազատական ապազգային տեսլականների շրջագծով։ Մինչդեռ Քրիստափոր Միքայելյանով մարմնավորված՝ սեփական պատմության ու մշակույթի թանկագին բեռը հպարտությամբ կրող հայ հեղափոխականի կերպարը ներառում է ազգի ապագան կանխատեսող միտքը, «փոքր գործերի» գոյությունը հերքող ամենօրյա աշխատանքը, հերոսներ կերտող ուսուցչի հմտությունն ու տակտը, կուսակցության ռազմավարությունը մարտավարությունից տարանջատող ստրատեգի հեռատեսությունը և իր անհատական պատասխանատվության չափաբաժինը ոչ մեկի չզիջող անկեղծ զինվորի ինքնազոհության պատրաստակամությունը։

Ուստի հետագա բոլոր «հեղափոխականների» հետ թռուցիկ համեմատության պարագայում անգամ դժվար չէ եզրակացնել, որ որպես ՀՅԴ զինանշանի մեջ ներառված այս բոլոր հիմնական խորհրդանիշների մարմնավորում՝ Քրիստափորի սերունդը վեր է հեղափոխության իմաստի դարաշրջանային ընկալումներից, որովհետև նրա մեջ խտացած է բոլոր ժամանակներում Հայաստանի ու հայության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների առաքելությունը։ Այդ պատճառով հայ ժողովրդի բոլոր սերունդների համար Քրիստափորը եղել ու մնում է հայ մեծագույն հեղափոխականը, որը մշտական ներկայություն է Հայաստանի ու հայության ազատագրության մեծ երթում։ Ուստի այսօր մեզ ուժ է տալիս այն իրողության գիտակցումը, որ եթե 20-րդ դարասկզբի պետականազուրկ ու կոտորակված հայությունը Քրիստափորի հարատև կռվի պատգամի միջոցով կարողացավ վերածվել պետականություն ունեցող ազգի, ապա 21-րդ դարասկզբին շարունակվող ճիշտ նույն կռվում նա ի վիճակի է լուծելու շատ ավելի բարդ խնդիրներ, որոնք ինքը՝ Քրիստափորը, կտակել է հաջորդ սերունդներին։

Հերոսները սովորաբար չեն հասցնում գրել սեփական կտակը, չնայած որ նրանց կյանքի եղերական ավարտը հասցնում են գուշակել հարազատներն ու սիրելիները։ Ամենևին էլ պատահական չէ, որ Քրիստափորի նահատակությունից դեռևս 15 տարի առաջ՝ ՀՅԴ Հիմնադիր ժողովներից անմիջապես հետո՝ 1890 թ. նոյեմբերի 24-ին, նրա ամենամտերիմ էակը՝ իր սիրած կինը, գուշակելով ամուսնու մարտիրոսագրությունը, իր ընկերուհուն գրած մի նամակում արել է հետևյալ խոստովանությունը. «Քրիստափորի սերը ինձ համար շատ մեծ բան է և ես չգիտեմ, թե ինչպես կապրեի առանց դրա։ Բայց երկա՞ր է տևելու արդյոք այս երջանկությունը։ Չէ՞ որ դու գիտես, թե ինչ ժամանակներ են հիմա, եթե ոչ այսօր, ապա վաղը նա կգնա աշխատանքների ջրապտույտի մեջ, մեծաթիվ զոհեր են լինելու, շատ կյանքեր են խորտակվելու, իսկ նա կդիմանա՞ արդյոք։ Այդ մասին երազելն անգամ ավելորդ կարող է լինել, ու քանի որ այլ ելք չկա, ապա հարկ է լինում հաշտվել այն մտքի հետ, որ ես էլ կգնամ նրա հետևից՝ ամե՛ն տեղ, և ինձ հետ էլ կկատարվի այն, ինչը նրա հետ է լինելու»։ Միայն սիրող էակը կարող էր շուրջ մեկուկես տասնամյակի հեռավորությունից տեսանել իր սիրելիի կյանքի ողբերգական ավարտը։ Եվ այն փաստը, որ Քրիստափորի նահատակության մասին այս հստակ գուշակությունը 15 տարի անց դարձավ իրականություն, ինքնին վկայում է, որ նա 1905 թվականին չէ, որ բարձրացել է Վիտոշ լեռը՝ ճակատագրական ռումբի փորձարկման համար։ Հոգեպես Քրիստափորն այդ գագաթին էր առնվազն 1890 թվականից և մինչև իր կյանքի վերջին պահն այդպես էլ չիջավ նման բարձունքից։

Ավելին՝ Վիտոշի բարձունքին իրականացվող ռումբերի փորձարկումների օրերին՝ 1905 թ. սկզբներին, խիստ հոգնած ու նիհարած Քրիստափորն ինքը նույնպես գուշակել էր մոտեցող վախճանը։ Ինչպես ցույց են տալիս օրերս հրապարակված նրա անտիպ նամակները, ենթագիտակցորեն զգալով այդ իրողությունը` նա փորձել է այնպիսի կարգադրություններ անել, որ իրենից հետո հայ ազատամարտը չշեղվի ճշմարիտ ուղուց։ Այդ օրերին առաջին անգամ իր բացակայության պայմաններում տեղի ունեցած ՀՅԴ Խորհրդի 1905 թ. փետրվարյան նիստի մասնակիցներին նա գրել է մի ընդարձակ նամակ, որն այդպես էլ սևագիր է մնացել, իսկ վերջին էջը կորել է ընդմիշտ։ Նամակում Քրիստափորը տագնապով ահազանգում է, որ ՀՅԴ Խորհուրդը կարող է շեղվել Արևմտյան Հայաստանի կամ, ինչպես ինքն է բնորոշում, Մեծ Հայաստանի ազատագրության նպատակից, ուստիև հրահանգում ու պահանջում է չանել ճակատագրական սխալը։ Սկսվել էր Ռուսական առաջին հեղափոխությունը, որն օրեցօր ավելի ու ավելի էր կլանում Անդրկովկասի հայ երիտասարդության եռանդը, իսկ Արևմտյան Հայաստանի ազատագրության խնդիրը բախվել էր Սասունի ապստամբությանը հետևած հուսալքության մթնոլորտին։ Ուստի նամակով սեփական տագնապն արտահայտելուն զուգահեռ` Քրիստափորին հարկավոր էր նման ընթացքը կասեցնող մի վճռական քայլ, որը նորից ու նորից կոգևորեր պայքարող հայությանը, ինչը նախապատրաստելու ճանապարհին էլ նա նահատակվեց Վիտոշի բարձունքին…

1905 թվականին մեր հերոս-առաջնորդի աճյունը հանձնեցինք օտար հողին՝ սպասելով այն պահին, երբ կգա հայրենիքի ազատագրության ժամը, բայց Հայաստանի 1918-1920 թթ. անկախությունը կարճատև եղավ, իսկ 1991 թ. վերանկախացումից հետո մեր ազատության մեծագույն առաջնորդն այդպես էլ իր տեղը չգտավ հայրենի հողի վրա, որովհետև նրա հարազատ Ագուլիսը շարունակում էր մնալ թշնամու կրնկի տակ։ Սակայն չպետք է մոռանալ, որ Քրիստափորը, այսինքն՝ նա, ով իր հոգում կրում է Քրիստոսին, մեզ կտակել է նաև իր սկսած սուրբ գործի իրականանալիության՝ նախախնամությամբ սահմանված անխուսափելիությունը։

Մեր հերոս-առաջնորդի մտքերն ու գաղափարներն անընդհատ ուղեկցել են մեզ վերջին հարյուրամյակի ընթացքում, ուստի բռնության ու անարդարության առջև երբեք չընկրկելու ու չկոտրվելու քրիստափորյան պատգամը մեզանում վերածվել է հակառակորդի հանդեպ հայոց ուժի որակական չափորոշիչների գերազանցությանը սպասող մեկդարյա մղձավանջի, որի ավարտը մոտ է արդեն։ Ներկա աշխարհակարգում ուժի քանակական չափորոշիչների վրա հիմնվող բռնապետությունները նահանջում են ազատ ազգերի գիտատեխնոլոգիական որակների առջև։ Ազատ մարդու բանականությունն ու կամքը պատռում են այս կամ այն ավազակապետի կողմից գծված քարտեզները՝ անկախ դրանք պաշտպանող զորքերի քանակից։ Երբ բռնության ու անարդարության խորտակման անխուսափելիության քրիստափորյան պատգամը ձեռք է բերում իրականանալիության ռեալ հնարավորություններ, գալիս է մեր ժամանակը՝ ներքուստ հեղափոխվելով ու մաքրվելով մեր ազգային խնդիրների լուծումն արագացնելու պահը։
Անցած հարյուրամյակում, երբ ինքներս հետևել ենք մեր հերոս-առաջնորդի պատգամներին, նրա պահապան հրեշտակները մեզ նույնպես դարձրել են նման առաջադրանքի իրականացման մասնակիցները։ Մեր աչքի առջև տեղի ունեցած Շուշիի հրաշափառ հարությունը հենց այդ խորքային իրողության գիտակցման արդյունքն էր՝ Մեծ Հայաստանի քրիստափորյան երազանքի իրականացման սկիզբը։ Եվ քանի որ հայոց ոգու ճախրանքի հաջորդ հանգրվանը Հայաստան աշխարհին Քրիստափոր պարգևած Նախիջևանի չքնաղ մարգարիտ Ագուլիսի վերածնունդն է դառնալու, Քրիստափորի կտակը ճիշտ ընթերցելու անհրաժեշտությունը մեր սերնդի համար ճակատագրական իմաստ է ստանում։

Հիսուսի առաջին առաքյալների կողմից Հայաստանում ներդրված անխոր- տակելի կամքով ու Նոր ժամանակների լուսավորականության ավազանում կոփ- ված բանականությամբ ազգի դարավոր անզորությունն ուժի փոխակերպած Քրիստափորի կտակին հավատարիմ լինելու պարագայում մենք բարոյական իրավունք կստանանք վերածվելու նրա վերքերով լի նշխարները մայր Արաքսի ափերից դեպի Գողթնի լեռները բարձրացնող հավատավոր աշակերտների երկյուղած թափորի, որն իր մեծ զավակի վերադարձին կարոտագին սպասող Վերին Ագուլիսի վերականգնված ու վերաօծված Սուրբ Քրիստափոր եկեղեցու բակում հայրենի հողին կհանձնի նրան, ով իր հոգում կրում է Քրիստոսին։
Խմբ.

vemjournal.org