Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես այսօր եկել եմ աշխատելու, շարունակելու եմ իմ գործունեությունը՝ ըստ Yerkir.am-ի լրագրողներին ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, որը պնդում է, որ Սահմանադրության փոփոխություններն իր պաշտոնավարման վրա չեն տարածվում, քանի որ ինքը 12 տարի անընդմեջ չի աշխատել իբրև ՍԴ դատավոր և իր լիազրությունները չպետք է դադարեցվեն։
Իրեն ուժով հեռացնելու մասին հարցին տիկին Գյուլումյանը պատասխանեց. «Որևէ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռեւս շարունակում ենք աշխատել»:
Նա նշեց, որ դատարանում, երբ որևէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդնունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը, բայց առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա, իսկ հայտարարությունները ոչ իր, որ էլ մյուսների աշխատանքից ազատվելու հիմք չեն:
Նրա խոսքով՝ իրավական հիմք էլ չկա, որ այդ որոշումը վերաբերում է նաև իրեն, իսկ հայտարարություններն այդպիսի հիմք չեն:
Ինքը շարունակելո՞ւ է գալ աշխատանքի՝ հարցին, Գյուլումյանը պատասխանեց. «Դատարանը կոլեգիալ մարմին է համարվում և, բնականաբար, եթե կգտնեն, որ ես այդտեղ պետք է չլինեմ եւ նույնիսկ դատարանն էլ ինձ թույլ չի տա այդ նիստերին մասնակցել, ես չեմ պատրաստվում ուժով դա անելու: Ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար: Ուկրաինայում հայտնի դեպքերից հետո նույնպես ՍԴ անդամների հետ այսպես վարվեցին, հեռացրեցին, ձևավորեցին նոր ՍԴ իրենց սրտի դատարանը, բայց անցավ որոշակի ժամանակ, Ուկրաինայում ընտրվեց նոր նախագահը, որը առավել հեղափոխական էր, քան Պորոշենկոն էր ժամանակին, բայց մևնույն է գտնելով, որ այն ժամանակ ՍԴ անդամների իրավունքները խախտվել են, վերականգնեց նրանց աշխատանքի: Չեմ կասկածում, որ նույնը կլինի այստեղ»:
Հրայր Թովմասյանի և Արեևիկ Պետրոսյանի՝ երեկ արձակուրդ գնալու մասին Գյուլումյանն ասաց. «Սովորաբար, երբ ՍԴ նախագահը արձակուրդ է գնում, նրան փոխարինում է տեղակալը»:
Գյուլումյանը հաստատեց, որ դատական կարգով իրենց իրավունքները պաշտպանելու համար քանի որ ներպետական դատարաններ չկան, ուրեմն կդիմեն ՄԻԵԴ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկու ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ավելի քան 12 տարի պաշտոնավարած անդամներին: Դրանից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնեց ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այդ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերները հայտարարեցին, որ այս նախաձեռնությանը կմիանան հուլիսի 7-ից՝ Ռոբերտ Քոչարյանի գործի՝ ՍԴ-ում լսումներից հետո: Երեկ Քոչարյանի փաստաբանները դիմում ներկայացրին՝ նրա գործը ՍԴ-ից հետ վեցնելու պահանջով, որպեսզի դա չշահարկվի ԱԺ ընդունած օրենքի համատեքստում, բայց ԼՀԿ-ն մնաց նախկին կարծիքին։ Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը միացավ ԲՀԿ-ի ստորագրահավաքին և դիմումն ուղարկվեց առանց ԼՀԿ խմբակցության ձայների անհրաժեշտության։ «Իմ քայլի» պատգամավորները իրենց ֆեյսբուքյան էջերում փորձում են անհամաձայնություն հայտնել՝ թե 26 պատգամավորի ձայնը բավարար է, ասում են՝ 27-ն է անհրաժեշտ։
Մանրամասն՝ տեսանյութում․