կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 12:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես այն դատավորն եմ․․․ Ալվինա Գյուլումյանը՝ ՍԴ մասին օրինագծի և իր պաշտոնավարման մասին

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ Սահմանադրական դատարանները քննության են առնում ցանկացած հարց՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ շահերի բախման խնդիր չի՞ լինի, եթե ՍԴ-ն քննի ՍԴ-ին առնչվող հարց։

«Մեր ՍԴ-ն նախկինում էլ քննության է առել նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքի դրույթների սահմանադրականության հարցը»,-նկատեց Ալվինա Գյուլումյանը:

Խոսքը ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխության աղմկահարույց նախագծի մասին է, որով դադարեցվում է ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։ Ընդդիմությունը համարում է, որ այն ընդունվեց Մայր օրենքի խախտմամբ, բայց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե ԱԺ պատգամավորներն այդ հարցով ՍԴ դիմել չեն կարող։ Ալվինա Գյուլումյանը ենթադրում է, որ կարող են․ «Ենթադրում եմ, որ ԱԺ-ն կարող է դիմել ՍԴ, բայց դա քննարկվելիք հարց է, պետք է ուսումնասիրել»:

Նախագծի սահմանադրականությանը նա գնահատական չտվեց. «Նախ՝ վաղ է դրա համար, և երկորրդ՝ չեմ բացառում, որ որևէ մեկը կդմի ՍԴ, և ես չեմ ցանկանում ինձ կաշկանդել»:

Ալվինա Գյուլումյանը վստահեցրեց, որ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցման դրույթն իր վրա չի անդրադառնա, քանի որ ինքը 12 տարի անընդմեջ չի պաշտոնավարել ՍԴ դատավորի պաշտոնում։

«Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից»,-նշեց նա:

Եթե, այնուամենայնիվ, որոշեն, որ ինքը պիտի հեռանա, Ալիվինա Գյուլումյանը պատրաստ է սպառել ներպետական ընթացակարգերը և դիմել ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հարցին՝ ի՞նչ կանի, եթե բողոքի ակցիաների ճնշմամբ փորձեն նրան դուրս մղել պաշտոնից, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ իրեն ճնշումներով վախեցնել հնարավոր չէ․ «Այստեղ մի փոքր ցույցի նման բան եղավ: Ես ասել եմ, որ այդ 10 հոգուն ժողովուրդ չեմ համարում: Ես կարող եմ ունենալ կամեցողներ ու չկամեցողներ: Միգուցե այդ չկամեցողներից մի քանիսն ընդհուպ գան այստեղ կանգնեն: Դա հարցի որոշում չէ»:

10 հոգին ժողովրդի ներկայացուցիչ չե՞ն՝ հարցին, Գյուլումյանը պատասխանեց. «20 հոգի էլ հակառակ կողմից են կանգնել: Հիմա ի՞նչ, բերենք բախմա՞ն»:

Մեղադրանքներին, թե ՍԴ-ն կախյալ է նախկին իշխանություններից և համարվում է նրանց փրկօղակը, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց իր մասնագիտական կենսագրությունից մի քանի օրինակ բերելով և հայտարարելով, որ կցանկանար տեսնել որևէ մեկին, ով կարող է կամ ընդունել է ավելի համարձակ որոշումներ նախորդ բոլոր իշխանությունների դեմ, ինչպես ինքը։

«Ես Խորհրդային Միության տարիներին այն դատավորն եմ եղել, ով որոշում է կայացրել ու Գերագույն խորհրդի  նախագահին պարտավորեցրել պատասխանել քաղաքացու նամակին: Ես առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, ով, չնայած ամեն տեսակ ճնշումներին, կարողացել է Դաշնակցության գործը երկրորդ անգամ չկասեցնել․ դա իմ վարույթում էր գտնվում, ես այն առանց քննության եմ թողել: Ես այն դատավորն եմ, ով 1995 թվականի ընտրությունների արդյունքով գործը քննելիս կարողացավ դահլիճում կանգնել ու հայտարարել՝ դատարանը ձեզ համար «Ստալինյան տրոյկա» չէ, որ ինչ բերեք՝ դակենք: Ի վերջո, ես այն դատավորն եմ, ով հետագայում արդեն ՄԻԵԴ-ում կայացրել է որոշումներ, քվեարկել է որոշումների օգտին, որոնցով խախտումներ եմ արձանագրվել և՛ երկրորդ նախագահի իշխանության օրոք, և՛ երրորդ նախագահի օրոք թույլ տրված խախտումների վերաբերյալ: Այս պայմաններում, եթե որևէ մեկն ինձ ասի կախյալ, նա ընդամենը կմեղանչի իր խղճի դեմ»,-հայտարարեց Ալվինա Գյուլումյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության երկու տասնյակից ավելի պատգամավորների հեղինակությամբ հունիսի 22-ին ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Իշխանությունը այս նախագծով մտադիր է դադարեցնել ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ: ԱԺ-ում այս նախագծի երկու ընթերցմամբ ընդունումը՝ ընդդիմադիր խմբակցություններրի բոյկոտի պայմաններում, շատերը համարում են սահմանադրական կարգի տապալում, քանի որ այն ընդունվեց Սահմանդրության խախտմամբ․ երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ չուղարկվեց Սահմանադրական դատարան՝ պատճառաբանությամբ, որ ՍԴ-ն իրեն առնչվող հարց չի կարող քննարկել։ Բացի այդ, իշխող թիմը փոփոխություն կատարեց ԱԺ կանոնակարգ-օրենքում, որով բացառեց քվերակված օրինագիծը ՀՀ նախագահի ստորագրմանը ուղարկելու ընթացակարգը, ինչը նույնպես հակասում է Սահմանադրությանը։

Մանրամասն՝ տեսանյութում․