կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-11 10:56
Քաղաքական

Գիտակցում ենք՝ եկել է օր ու գիշեր աշխատելու և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը. Փաշինյան

Գիտակցում ենք՝ եկել է օր ու գիշեր աշխատելու և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան։

Նա ընդգծեց, որ ընտրություններին հետևած միջազգային դիտորդները բացառիկ և աննախադեպ բարձր գնահատական են տվել  ընտրությունների արդյունքներին՝ «ըստ էության արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար և ժողովրդավարական լինելու փաստը», ինչը Փաշինյանը համարեց աննախադեպ իրադարձություն երրորդ հանրապետության պատմության մեջ և Հայաստանի ժողովրդի կարեւորագույն նվաճում։

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց իր թիմին վստահած քաղաքացիներին և բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցել են ընտրություններին. «Այս ընտրությունները կարևոր և բացառիկ էին ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներն արձանագրելու առումով, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, որոնք այս ընտրություններում կրկին վստահության քվե տվեցին մեզ։ Այդ վստահության քվեն պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք՝ ահա եկել է օր ու գիշեր աշխատելու և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը, և որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը։ Առաջիկայում տեղի կունենա Ազգային ժողովի, նրա մարմինների, կառավարության ձևավորումը, և ի վերջո, նոր թափով կսկսենք այն նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ես ուզում եմ շնորհավորել նաև «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին խորհրդարանական այս ընտրություններում, և ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաև այն քաղաքացիներին, որոնց նախընտրած ուժերը չեն հաղթահարել խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այս ընտրություններն ազգային միասնության ու համախմբման նոր առիթ պիտի դառնան: «Ըստ էության` եկել է արարման, ստեղծման, Հայաստանը ազատ և երջանիկ պետություն դարձնելու, ՀՀ-ում տնտեսական հեղափոխությանը նոր թափ և նոր ուժ տալու ժամանակը, և ես համոզված եմ, որ մենք իրար հետ՝  Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, հայ ժողովուրդը՝ որպես մեկ ամբողջություն և միասնություն, կհասնենք այդ նպատակներին և ազգային երազանքների իրականացմանը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որ մենք զարգացնենք Հայաստանում ժողովրդավարության բանավեճի, քննարկման մթնոլորտը, մեր գաղափարները, մտքերը երազանքները իրար հետ կիսենք, և այդ պրոցեսի արդյունքում դուրս բերենք իսկապես համազգայինը, որը միավորում  բոլորիս»։

Իսկ հետընտրական կարևորագույն առաքելությունը, նրա խոսքով, պիտի լինի ժողովրդի կամքի իրագործումը․«Նախընտրական քարոզարշավը նաև բուռն բանավեճերի, քննադատությունների ժամանակաշրջան է, բայց ահա այսպիսի ընտրությունների ամենամեծ և ամենակարևոր առաքելությունը սա է՝  ժողովրդի կամքն արտահայտելուց հետո բոլորս լծվենք  ժողովրդի կամքը իրագործելուն»։