կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-18 15:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է նաև Եվրոպայի մի մասում. ինչո՞ւ է Բուլղարիայի ՍԴ-ն մերժել փաստաթուղթը

Բուլղարիայի Սահմանադրական դատարանը որոշեց, որ  Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Սահմանադրությանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Եվրոպայի կանանց լոբբիի՝ Բուլղարիայի հարթակի համահիմնադիր և նախագահ Իլիանա Բալաբանովան։

«Փաստարկները, որ բերում է Սահմանադրական դատարանը, վերաբերում են «գենդեր» հասկացությանը և հիմնականում այն հանգամանքին, որ Բուլղարիայի կառավարությունը դեռևս պատրաստ չէ խոսել հասարակության հետ գենդերային տարբեր դերակատարումների թեմայի մասին»,- պարզաբանեց նա։

Սա այն է, ինչ գրված է դատարանի պաշտոնական որոշման մեջ, ոչ պաշտոնական քննարկումներում կա նաև մտահոգություն, որ Ստամբուլյան կոնվենցիան դուռ է բացում միասեռ ամուսնությունների համար։ Իլիանա Բալաբանովան ասում է՝ դա ճիշտ չէ, կոնվենցիայում նման բաներ անգամ չեն նշվում. «Երբ երկրները վավերացնում են Ստամբուլյան կոնվենցիան, դա դեռ չի նշանակում, որ պետք է փոխեն միասեռ ամուսնություններին վերաբերող՝ իրենց ներպետական օրենսդրությունը»։

Ստամբուլյան կոնվենցիան չվավերացնելու համար Բուլղարիայի հանդեպ եվրոպական որևէ կառույց պատժամիջոցներ չի կիրառել՝ փաստեց նա. «Ոչ, երկիրը վավերացնի, թե չվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, դա դեռ չի նշանակում, որ խնդիր կունենա միջազգային ինստիտուտների, օրինակ՝ Եվրախորհրդի կամ Եվրամիության  հետ: Դա պարզապես տվյալ երկրի կառավարության որոշումն է՝ վավերացնել կամ չվավերացնել։ Բայց վավերացնելով՝ պետությունն ինքն է ասում, որ մենք դեմ ենք բռնությանը և, որպես ինստիտուտ, պատրաստակամ ենք պաշտպանել բռնության ենթարկվածներին՝ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց ու երեխաներին»։

Նա ասաց, որ Բուլղարիայում էլ մտավախություն կա, որ, կոնվենցիան վավերացնելով, երկիրը պարտավորություն է ստանձնում ապաստան տրամադրելու այլ երկրների ԼԳԲՏ համայնքների հալածված ներկայացուցիչներին, այնինչ՝ դա այդպես չէ։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․