կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 13:54
Աշխարհ

Կոսովոյի եկեղեցիներին կարող է սպառնալ Այա Սոֆիայի ճակատագիրը. ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սերբիայի նախկին դեսպան

Կոսովոյի եկեղեցիներին կարող է սպառնալ Այա Սոֆիայի ճակատագիրը. ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սերբիայի նախկին դեսպան

Ինքնահռչակված Կոսովոյին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ընդգրկելը կարող է ծայրահեղ բացասական և վտանգավոր հետևանքներ ունենալ, քանի որ այդ ժամանակ Պրիշտինայի իրավասությունը կտարածվի Կոսովոյի և Մետոխիայի սերբական մշակույթի հնագույն հուշարձանների վրա: Այս կարծիքն, ըստ EADaily-ի, հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սերբիայի նախկին դեսպան Դարկո Տանասկովիչը. տեղեկացնում է yerkir.am-ը:

Նա մատնացույց է արել Ստամբուլում Սբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելը և հիշեցրել, թե ինչպես էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն իր հեռուստաելույթներից մեկում մեկնաբանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի էությունը: Այսպես, Մևլյութ Չավուշօղլուի կարծիքով, այդ միջազգային կազմակերպության համաձայնությունը պահանջվում է միայն մշակութային ժառանգության օբյեկտում աշխատանքներ իրականացնելիս, սակայն ոչ` դրա նշանակությունը  սահմանելիս, որն էլ իրականացվում է այն պետության անկախ որոշմամբ, որի տարածքում օբյեկտը գտնվում է: Փաստորեն, թուրքական իշխանությունների վարկածով, առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի թույլտվության չի կարելի զբաղվել վերականգնողական կամ վերանորոգման աշխատանքներով, սակայն կարելի է փոխել օբյեկտի կարգավիճակը, օրինակ` թանգարանից դարձնել մզկիթ:

Տանասկովիչը նշել է, որ  վտանգված սերբական  մշակութային կոթողներից միայն 4 վանական համալիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, մինչդեռ դրանք հարյուրավոր են:

Պրիշտինայի պատմաբաններին, որոնք պնդում են, թե Վիսոկի Դեչանին իբր «ուղղափառ ալբանացիների վանք է, որը միջնադարում  ուզուրպացրել են սերբ օկուպանտները», պատմաբանն անվանել է «մանր գործակալներ», որոնք ոչ ոքի ոչ մի բանում չեն կարող համոզել: Այնուհանդերձ, ըստ նրա, յուրաքանչյուր նման անհեթեթություն հարկավոր է վճռականորեն ու փաստարկված հերքել: