Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում ադրբեջանցիները մեկ օրում 3 անգամ տարբեր տեսակի հարձակումներ են գործում հայ խաղաղ բնակիչների հանդեպ, որովհետև նախկինում նման դեպքերը մենք անուշադրության ենք մատնել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ֊ի նախագահ Ալվինա Աղաբաբյանը։
Այդօրինակ դեպքերը ոչ միայն չի կարելի անուշադրության մատնել, այլև հնարավորինս կոշտ պետք է արձագանքել դրանց՝ նշեց նա։
«Պաշտպանական կառույցների ամրացումից մինչև միջազգային կառույցներում այդ հարցը բարձրաձայնելը, ստիպելը, որ ռուս խաղաղապահներն ավելի շատ քայլեր անեն ապահովելու համար Արցախի բնակչության և շփման գծի անվտանգությունը։ Պատերազմից հետո երևի շաբաթ չի եղել, որ նման միջադեպեր չարձանագրվեն՝ ընդհուպ մինչև զինծառայողի և քաղաքացիական անձի մարդասպանություն»,-ասաց նա։
Ցավոք սրտի, Արցախի պատկան մարմինները բոլոր այդ դեպքերը որակում են «սադրանք», նկատեց Ալվինա Աղաբաբյանը, բայց դրանք սադրանք չեն․ դրանք կարելի է որակել տարբեր կերպ՝ «հանցագործություն», «ահաբեկչական ակտ», «Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցեղասպան քաղաքականության դրսևորում»։
«Սադրանքը կարելի է անտեսել կամ մեղմ արձագանքել, բայց երբ իրերն անվանում ես իրենց անուններով՝ ահաբեկչական ակտն անտեսել չես կարող, պետք է դա իրականացնողը պատիժ կրի դրա համար, որպեսզի հետագայում նույնը չկրկնի։ Բայց երբ մենք դրան վերաբերվում ենք որպես սադրանքի՝ Ադրբեջանը դա ընկալում է որպես մեր կողմից թուլություն և իր ամենազորության զգացումն էլ ավելի է ուժգնանում, և աստիճանաբար նման միջադեպերը ավելի հաճախ են լինելու, ավելի վայրագ դրսևորումներ են ունենալու, մեզ համար ավելի ցավալի հետևանքներ են ունենալու»,-ասաց նա։
Թշնամին լռությունը որպես քո թուլություն է ընկալում՝ փաստեց Ալվինա Աղաբաբյանը։ Նա նշեց, որ հատկապես Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին, թեև տեղ-տեղ կան ռուս խաղաղապահներ, բայց ամբողջ ճանապարհը չէ, որ վերահսկվում է, ունենք հսկայական բաց հատված, որտեղ ցանկացած տեղից ադրբեջանցիները կարող են «սադրանքների» դիմել։
«Դա ինքնաբուխ ինչ-որ մի բան չէ, այլ ծրագրված ու հետևողականորեն իրագործվող քաղաքականություն, որպեսզի և՛ Արցախում ապրող մարդը վախենա ու օր առաջ ուզենա լքել Արցախը, և՛ Հայաստանի Հանրապետությունից Արցախ մեկնողները վախենան ու չգնան, ու Արցախի այն հատվածը, որ այսօր մնացել է՝ էլ ավելի իզոլանա, առանձնանա ու հայաթափվի»,-ասաց նա։
Ալվինա Աղաբաբյանը համոզված է, որ հայերի հանդեպ ադրբեջանցիների իրագործած հանցագործությունները թաքցնելու փոխարեն պետք է ավելի ակտիվորեն բարձրաձայնել նաև ռուս խաղաղապահների մոտ, որպեսզի նրանց ճնշման արդյունքում ադրբեջանական դիրքերը հեռացվեն հայկական կողմից, որովհետտև նրանք հակառակը անում են։
«Ադրբեջանցիները պարտադրում են, որ մեր զինծառայողները հետ քաշվեն առաջնագծի մեր բոլոր դիրքերից, որտեղից երևում են իրենց բնակավայրերը։ Նույնը պետք է արվի մեր կողմից»,-ասաց նա։
Ալվինա Աղաբաբյանը համոզված է, որ քանի Արցախն ազատագրված չէ՝ Սյունիքը միշտ լինելու է հարվածի տակ։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․