Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք պետք է անեինք և անենք ամեն ինչ, աշխատենք օր ու գիշեր, որ Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքական և պետական միավոր, կայանա որպես հզոր պետություն, հզոր՝ տնտեսապես, ռազմական ու նաև՝ ժողովրդագրության իմաստով»,- Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ զրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշել է, որ ժողովրդագրությունն այսօր կարևոր գործոն է ողջ աշխարհում՝ հիմք հանդիսանալով անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։
Հանրապետության նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։ Այդ ուղղությամբ պետք է կատարվեն գործնական քայլեր:
Մյուս կարևոր խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է պարենի անվտանգության հարցը։ Նրա խոսքով՝ Արցախն ունի բոլոր հնարավորություններն՝ ակտիվորեն զբաղվելու պարենի արտադրությամբ։ «Եթե այսօր ունենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ, որոնք ցավագին են, մարդկային կյանքեր են խլում, վաղն ունենալու ենք տնտեսական խնդիրներ։ Տնտեսական խնդիրներից զատ՝ ունենալու ենք նաև պարենի անվտանգության խնդիր։ Աշխարհում պարենի անվտանգության իմաստով ինքնաբավ պետություններ համարյա չկան»,-ասել է նա։
Ընդգծելով տնտեսության, ժողովրդագրության և պարենի անվտանգության ոլորտների կարևորությունը՝ նախագահ Սարգսյանը խոսել է այդ ուղղություններով ազգային, պետական ծրագիր ունենալու մասին։ «Սա չի վերաբերում միայն Արցախին։ Մեր ուշադրությունը պետք է Հայաստանի ամբողջ տարածքին լինի,-ընդգծել է նախագահը։ -Մենք կոնցեպտուալ փոփոխության կարիք ունենք, մեր վերաբերմունքը պետք է փոխենք»։