կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-24 17:08
Հասարակություն

Թուրքիան հզոր պետություն է, բայց դա չի նշանակում, որ ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ. Սերժ Սարգսյան

Թուրքիան հզոր պետություն է, բայց դա չի նշանակում, որ ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ. Սերժ Սարգսյան

Այո, Թուրքիան հզոր պետություն է, Թուրքիան հսկայական պոտենցիալ ունի, և Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատվել Թուրքիայինի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի. ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան հայ-թուրքական արձանագրությունների մասին հարց հնչեցրած ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամին:

«Մենք լավ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը՝ որևէ քայլ կատարել: 2008 թվականին իմ ընտրվելուց հետո ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև: Բանակցություններն ինտենսիվ շարունակվեցին, և մենք Շվեյցարիայում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ու արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, ստորագրեցինք երկու փաստաթուղթ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին: Մինչ բանակցությունները և հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Բայց, ցավոք, արձանագրությունները ստորագրելուց հետո, մինչ օրս էլ, թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջադրել: Մենք միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել: Բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրելը, իսկ փաստաթուղթ ստորագրելուց հետո էլեմենտար բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները: Մենք հիմա՝ արդեն ինը տարի անց, նորից թուրքական կողմից լսում ենք ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն: Արդյո՞ք երկրների միջև հարաբերություն հաստատելը պետք է ուղեկցվի ինչ-որ ժեստերով, ինչ-որ զիջումներով: Փաստաթղթում շատ հստակ ամրագրված է` հաստատել հարաբերություններ, այնուհետև անդրադառնալ երկու երկրների միջև եղած բոլոր կնճռոտ հարցերին: Իսկ թուրքական կողմը, կրկնում եմ, նախապայմաններ է առաջադրում: Մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել: Այո, Թուրքիան հզոր պետություն է, Թուրքիան հսկայական պոտենցիալ ունի, և Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատել Թուրքիայինի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան՝ բնակչության և տնտեսական առումով, այդ հզոր երկրներն էլ պետք է Թուրքիայի հետ խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդը այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումներ:

Անկախ նրանից, որ այդ արձանագրությունները Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչև գարուն, առոչինչ են հայտարարվելու, որովհետև անիմաստ են դրանք, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ թուրքական կողմը տարածաշրջանում այս փխրուն կայունությունը պահպանելու համար հրաժարվի իր կողմնակալ դիրքորոշումից և միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան աշխարհի միակ պետությունն էր, որ սատարեց այդ ռազմական գործողություններին, և նախագահի ու վարչապետի մակարդակով 4 օրում 5 հայտարարություն ընդունվեց՝ ի պաշտպանություն Ադրբեջանի: Այդպիսի պարագաներում ի՞նչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել: Մեր ժողովրդի համար վիրավորական կլինի՝ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների»,- նշեց Սարգսյանը: