կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-15 15:40
Տնտեսական

Չլինի այն անեկդոտի տարբերակով, որ` ինչ անենք, էս 5 տարում պիտի անենք, քանի պապան պատգամավոր ա...

Չլինի այն անեկդոտի տարբերակով, որ` ինչ անենք, էս 5 տարում պիտի անենք, քանի պապան պատգամավոր ա...

Այսօր տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի տնտեսական զարգացումներին ու ռիսկերին: Տնտեսագետի խոսքով` ներմուծման ծավալներն աննախադեպ կրճատվել են, մասնավորապես` 2015թ. 11 ամիսների ընթացքում դրանք կրճատվել են 1 միլիարդ 54 միլիոն դոլարով, ինչը նշանակում է, որ 1 միլիարդ 54 միլիոն դոլարի ապրանք քիչ է սպառվել: Կրճատվել է նաև արտահանումը` 66 միլիոն դոլարով: Եվ եթե այդ միտումները շարունակվեն, տնտեսագետի խոսքով, կառաջանա շոկային երևույթ` վճարային հաշվեկշռի առումով:

«Մեր երկիրը պետք է ունենար առնվազն 10 տոկոս տնտեսական աճ, որպեսզի այդքան կրճատված ներմուծումը փոխարինվեր և տեղում արտադրեր, ինչը տեղի չի ունեցել»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:

Խոսելով կառավարության քայլերի մասին, որոնք ուղղված են արտահանման խթանմանը, մասնավորապես` արտահանման խորհրդի ստեղծմանը, տնտեսագետը թեև դա ողջունելի քայլ համարեց, սակայն հիշեցրեց, որ ընդամենը մեկ տարի առաջ խոսվում էր, որ Հայաստանը կարող է նվաճել ԵԱՏՄ շուկայի մի մասը և այնտեղ տեղ ունենալ, մինչդեռ` արտահանման ծավալները ոչ միայն չեն ավելացել, դեռ մի բան էլ կրճատվել են: Եվ զավեշտն այն է, որ հենց ԵԱՏՄ տարածքում է Հայաստանը կորցնում արտահանման գործընկերներին: Կրճատվել են տրանսֆերտները` 510 միլիոն դոլարով, այսինքն` մարդիկ այդքան քիչ են սպառել: Եվ եթե նավթի գները շարունակեն նվազել, Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներն էլ ավելի են նվազելու, ինչը բացասական զարգացումների պատճառ կարող է դառնալ:

Մյուս ռիսկը, որը մատնանշեց տնտեսագետը, բյուջետային համակարգի հետ է կապվում: 2015-ին բյուջետային համակարգում դեֆիցիտը ավելացել է 54 միլիարդով: Սա նշանակում է, որ սեկվեստր չի արվել, և բյուջեի դեֆիցիտն ավելացնելու միջոցով է փորձ արվել լուծել որոշ խնդիրներ:

Yerkir.am-ի հարցին, թե Հայաստանի տնտեսական ցուցանիշների անկումը պայմանավորված է միմիայն արտաքին քաղաքական ու տնտեսական բացասական գործոններո՞վ, թե՞ կառավարությունը կարող է ոչ ստանդարտ լուծումների գնալ և բարելավել որոշ ցուցանիշներ, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե անգամ տնտեսական շոկերը պայմանավորված են արտաքին գործոններով, միևնույն է, դրանք մեր խնդիրներն են: Մենք պետք է կարողանանք ձևավորել այն տնտեսական համակարգը, այն դիվերսիֆիկացված տնտեսությունը, որը հնարավորինս կխուսափի արտաքին շոկերից: Այսինքն` ի՞նչ է ստացվում, եթե աշխարհը մի հատ փռշտում է, Հայաստանը պետք է թոքաբորբ ընկնի կամ մահանա՞: Ի՞նչ է, մեր տնտեսությունը չունի՞ դիմադրողականություն»:

Տնտեսագետը համոզված է, որ կառավարությունը կարող է իրականացնել մի քանի արդյունավետ քայլեր, որոնցից են հարկային թեթև քաղաքականությունը: «Մի 3 տարի հարկայինը թող մոռանա ՓՄՁ-ների տեղը, մի հատ օրենք պետք է ընդունվի, որ որևէ հարկային օրենք չփոփոխվի առաջիկա տարիներին: Պետք է կառավարությունը ստեղծի պայմաններ բիզնես-միջավայրի համար, որ ներդրողները վստահ լինեն, որ իրենց գումարները չեն կորցնելու: Ոչ թե  լինի այն անեկդոտի տարբերակով, որ` ինչ անենք, էս հինգ տարում պիտի անենք, քանի պապան պատգամավոր ա: Հաջորդ կարևոր գործոնը կրթական համակարգն է: Ինչ ուզում եք` արեք, բայց գիտությունը և կրթությունը պետք է զարգացնել: Մարդն իր ինտելեկտուալ մակարդակով ու  գիտելիքներով պետք է կարողանա նյութական արդյունք ստեղծել, այնինչ` 2010-2014 թթ. աշխատանքային ակտիվ բնակչությունը կրճատվել է 210 հազարով: Եթե քո բնակիչն է պակասում, ապա ո՞վ պետք է քեզ տնտեսական աճ ապահովի, ումի՞ց ես դու հարկ հավաքելու, ո՞վ է քո նյութական արդյունքը ստեղծելու: Այսինքն` պետք է լինի կրթված կադր, ով կկարողանա նոր տեխնոլոգիական առաջարկություններով հանդես գալ»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:

Նա հավելեց, որ թեև Հայաստանում ավելանում են ՏՏ ոլորտի ընկերությունները, բայց դրա տրամաբանությունն այն է, որ եթե այդտեղ ստեղծվեն փող բերող գաղափարներ, ապա վաղօրոք ստեղծված ցանցային համակարգը անմիջապես այդ մարդուն կհանի Հայաստանից, որ ինովացիոն գաղափարը զարգացող երկրում չմնա` ուղեղների արտահոսքի սխեմայով, մանավանդ` Հայաստանը չի փայփայում այդ նորարարին կամ տաղանդավորին: