կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 17:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ դեսպանը՝ մաքսանենգ ծխախոտի և ՀՀ-ի՝ ռուսական վարկից հրաժարվելու մասին

Դեսպանատունը հանձնարարություններ չի ստացել այս մասով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն առցանց մամուլի ասուլիսում անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի մասին նորություններին։

«Այս մասով ես այնքան տեղեկատվության եմ տիրապետում, որքան հայտնվում է լրատվամիջոցներում։ Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետև չունեմ։ Միայն կարող եմ ասել, որ դեսպանատունը հանձնարարություններ չի ստացել այս մասով», - ասաց ՌԴ դեսպանը։

Սերգեյ Կոպիրկինը նաև անդրադարձավ այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմանը, որով Հայաստանը հրաժարվում է Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը նորոգելու համար  ՌԴ-ի տրամադրած վարկի մի մասից և աշխատանքները շարունակում ՀՀ պետբյուջեից վերցրած վարկով։

Սերգեյ Կոպիրկինը ոչ կոռեկտ որակեց մամուլում հայտնված տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվել է ռուսական վարկավորումից, ընդգծեց, որ վարկի մի մասից է հրաժարվել՝ իսկ մեծ մասը՝ 270 միլիոն դոլարից 200 միլիոնը, արդեն ծախսվել է։

«Խոսքը մնացած մասին է վերաբերում։ Ցավոք, մինչև միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը աշխատանքները չեն ավարտվել։ Պատճառների մասին չեմ խոսի. դրանք տարբեր են։ Վարկի հետաձգման հարց ծագեց։ Այդ կապակցությամբ մեր երկրների ֆինանսների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացրել և անցկացնում, և հարցը փակված չէ»,-նշեց նա։

Դեսպանն ասաց, որ հայկական կողմը որոշել է ԱԷԿ-ի աշխատանքների մի մասն իրականացնել սեփական միջոցներով՝ ժամանակ չկորցնելու համար, քանի որ ատոմակայանի շահագործման արտոնագիրը գործում է մինչև 2021 թվականը, իսկ արտոնագիրը վերականգնելու համար պետք է մի շարք լուրջ, բարձր տեխնոլոգիական աշխատանքներ կատարել, որոնք պահանջում են պայմանագրեր կնքել, սարքավորումներ մատակարարել։

«Ժամանակ չկորցնելու և այդ ժամկետում տեղավորվելու համար որոշվել է հետաձգել վարկավորման հարցը և այդ աշխատանքներն իրականացնել սեփական միջոցների ներգրավմամբ»,-վստահեցրեց Կոպիրկինը՝ հավաստիացնելով, որ այստեղ ռուսական կողմը որևէ հարց չունի և հետագայում կատարվելիք աշխատանքների չափորոշիչներն արդեն համաձայնեցված են։

Նշենք սակայն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ միանգամայն այլ պատճառաբանություն բերեց՝ ասաց, որ որոշել են աշխատանքները շարունակել ՀՀ պետբյուջեի միջոցներով քանի որ ռուսական վարկը պարտադրում էր սահմանափակումներ գնումներ կատարելու հարցում, այնինչ սեփական միջոցներով հնարավոր կլինի մրցութային սկզբունքով գնումներն ավելի արդյունավետ կազմակերպել։

Հիշեցնենք, որ ռուսական վարկով փոխարինվել են գործող էներգաբլոկի երկու գեներատորները, ինչպես նաև արդիականացվել է կառավարման վահանակը: Այժմ քննարկվում է ռեակտորի գմբեթի ամրապնդման, ինչպես նաև սառեցման աշտարակների վերանորոգման հնարավորությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․