կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 12:03
Քաղաքական

Մաքսանենգ ծխախոտի սկանդալը ցույց է տալիս Փաշինյանի ու նրա թիմի գործողությունների կոռուպցիոն բնույթը. Commersant.ge

Մաքսանենգ ծխախոտի սկանդալը ցույց է տալիս Փաշինյանի ու նրա թիմի գործողությունների կոռուպցիոն բնույթը. Commersant.ge

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը Վրաստանի անվան տակ Աբխազխիա արտահանված հայկական ծխախոտի մասին, լայն տարածում է գտել վրացական մամուլում:

Commersant.ge պարբերականը մեջբերելով Մինասյանի հայտարարությունները՝ տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ներքաշված է «օկուպացված Աբխազիայով» դեպի Ռուսաստան ծխախոտների անօրինական տեղափոխման սկանդալի մեջ։

Հրապարակման սկզբում պարբերականը հարցադրումներ է հնչեցնում առ այն, թե վրացական կողմն ինչպես է արձագանքելու այս սկանդալին՝ գրելով. «Ինչպե՞ս է պաշտոնական Թբիլիսին գնահատում այս փաստը։ Արդյո՞ք նրանք այս հարցի շուրջ խոսել են հայ գործընկերների հետ։ Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն գնահատում այս սկանդալային հայտարարությունները»։

Շարունակելով՝ պարբերականը գրում է, որ մինչ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կտա այս հարցերի պատասխանները թեմայի շուրջ զրուցել են հայկական Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ։

Պարբերականի հարցին՝ եթե մենք խոսում ենք բնույթով կոռուպցիոն սկանդալի մասին, ապա դա ինչպես է համատեղելի ռեֆորմատոր Նիկոլ Փաշինյանի հեղինակության հետ՝ Բորիս Մուրազին ասել է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում որևէ հեղափոխական փոփոխություններ չեն եղել և որ Փաշինյանը, որպես գործիչ ձևավորված լինելով նախկին համակարգի պայմաններում, մեծապես յուրացրել է նախկին համակարգի լեզուն։

Բորիս Մուրազիի խոսքով՝ մաքսանենգության այս միջադեպը ցույց է տալիս, որ Փաշինյանի ու նրա թիմի գործողությունները կոռուպցիոն բնույթի են։ Մուրազին հավելել է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի կինը երկու հիմնադրամներ է հիմնել, որին նվիրատվություններ են անում կոռուպցիոն պատմություններով հայտնի գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ և կարելի է կարծել, որ այս մարդիկ դա անում են հետագայում իրենց այլ ակնկալիքները բավարարելու համար։

Մուրազին նշել է, որ հեղափոխության ընթացքում Փաշինյանը մարդկանց այլ բան էր խոստացել, բայց դրանք մինչ այսօր անկատար են մնացել և միայն դրսի հայացքից է, որ Հայաստանում որևէ բան է փոխվել։ Օրինակ, ըստ նրա, ոստիկանությունը ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է մարդկանց նկատմամբ բռնություն կիրառել։

Շարունակելով՝ Բորիս Մուրազին նշել է, որ տխուր պատկեր է, եթե հաշվի առնենք որ այդ մարդիկ երեք անգամ մաքսանենգությամբ են զբաղվել և ու հանդիսանում են երկրի ղեկավար օղակների պատասխանատուներ։ Ըստ Մուրազիի՝ նրանք նույնիսկ չգիտեն, թե գործարարությանը վերաբերվող օրենքներն ինչպես են աշխատում։

Պարբերականի հարցին, թե Աբխազիայում հայկական մեծ սփյուռք կա, այս սկանդալը որևէ կերպ ազդելու է Աբխազիայի հետ հարաբերությունների վրա՝ Մուրազին ասել է, որ Հայաստանի իշխանություններին դա չի հետաքրքրում, նրանց միայն հետաքրքրել է Աբխազիայի միջոցով մաքսանենգ ճանապարհով ծխախոտներ տեղափոխել Ռուսաստան։

Բորիս Մուրազին նշել է, որ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ մեխանիզմ է աշխատել, սակայն հավելել է, որ դրանում ներգրավված ռուսական ընկերությունը պաշտոնապես արդեն մի քանի տարի գոյություն չունի, իսկ, ըստ փաստաթղթերի էլ, հայկական ընկերությունը նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանի տարածքում չի աշխատում։

Մուրազին պարբերականի հետ զրույցում պնդել է, որ իսկզբանե պարզ էր, որ սա կոռուպցիոն սխեմա է՝ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Մուրազին հավելել է, որ չի կարող անուններ հնչեցնել՝ հստակ տեղեկություններ չունենալու պատճառով։

Մուրազիի խոսքով՝ կառավարության լռությունը ևս տարօրինակ է, քանի որ արդեն երրորդ դեպքի մասին է խոսվում ու բացատրությունների կարիք կա։ Մուրազին կասկած է հայտնել, որ լռությունը կարող է նշանակել, որ իշխանություններն իրենց պատասխանատվությունը չեզոքացնելու տարբերակներ են մտածում։ Սակայն, ըստ նրա, դա չի աշխատելու, քանի որ մարդիկ բացատրություններ են պահանջում։

Պարբերականի այն հարցին, թե վրացական օրենսդրության համաձայն օկուպացված տարածքների հետ որևէ հարաբերություն արգելված է, ապա այդ դեպքում ծխախոտի արտահանման փաստն ինչպես է ազդելու հայ-վրացական հարաբերությունների վրա՝ Բորիս Մուրազին նշել է, որ թեև դեռ անհայտ է, թե այս հարցերով ինչ այլ փաստեր ևս հայտնի կդառնան, սակայն, եթե դիտարկենք նաև օրերս Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից Վրաստանի հասցեին արված հայտարարությունները, ապա պարզ կդառնա, որ այդ մարդիկ անգամ հարևանների հետ հարաբերվելու կանոններին չեն տիրապետում։

Այս համատեքստում Բորիս Մուրազին նշել է, որ շատ ցավալի կլինի, եթե այս միջադեպը բացասականորեն ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով Վրաստանի նշանակությունը Հայաստանի համար։

Թարգմանությունը՝ NEWS.am