Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ՝ 200 միլիոն դոլարի չափով, տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
Հիմնական զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նա մեջբերեց օրեր առաջ նախագահի այն հայտարարությունը, որ կառավարությունը պատրաստվում է հոսանքի թանկացման ծախսերը փոխհատուցել, մասնավորապես` ասվել է, որ գումարները կգտնեն երկրի անվտանգության ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Լևոն Զուրաբյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է այն պահին, երբ ցույցեր էին տեղի ունենում: «Արդյո՞ք համաձայնագիրը հնարավորություն է տալիս միջոցներ օգտագործել հոսանքի գնի բարձրացման ծախսը փոխհատուցելու համար»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց, որ որևիցե լումա չի կարող ուղղվել այն նպատակին, որը նշեց պատգամավորը, և 200 մլն դոլարը ռուսական արտադրության ռազմական նշանակության զինամթերքի մատակարարմանն է ուղղվելու:
ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արամ Մանուկյանը, հարցրեց` արդյո՞ք համաձայնագրի ստորագրման օրը որևէ այլ փաստաթուղթ էլ է ստորագրվել, որովհետև մամուլից է իմացել այն մասին, որ Գյումրիի ռուսական ռազմաբազային սեփականության իրավունքով տրվել են եկեղեցապատկան հողեր:
Պատգամավորը նաև իր դժգոհությունը հայտնեց փաստաթղթի վերաբերյալ, որ այն գրված է բազմաթիվ քերականական և ուղղագրական սխալներով: «Ամոթ է, միջազգային փաստաթղթերը նման սխալներով չեն գրում»,- ասաց պատգամավորը:
Արա Նազարյանը պատասխանեց, որ համաձայնագիրը կապ չունի որևէ այլ փաստաթղթի հետ և որևէ այլ փաստաթղթի տրամաբանական շարունակությունը չէ: Նա նշեց, որ, իր իմանալով, այդ օրը որևէ այլ փաստաթուղթ չի ստորագրվել:
Ինչ վերաբերում է փաստաթղթի սխալներին, փոխնախարարը նշեց, որ հավանաբար, ռուսերենից թարգմանելու արդյունքում են այդ սխալները եղել, և հավաստիացրեց, որ դրանք կշտկվեն:
Արամ Մանուկյանն էլ տարակուսեց, թե ինչպես պետք է սխալները շտկվեն, եթե այն արդեն կնքված փաստաթուղթ է: