կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 16:22
Քաղաքական

Բաքու-Թել Ավիվ ռազմավարական համագործակցությունը գլխավորապես ուղղված է Թեհրանի դեմ. փորձագետ

Բաքու-Թել Ավիվ ռազմավարական համագործակցությունը գլխավորապես ուղղված է Թեհրանի դեմ. փորձագետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իրանին մտահոգում է Իսրայելի ցանկացած ակտիվացում մեր տարածաշրջանում. Եվ դա հասկանալի է Թեհրանի շահերի տեսանկյունից. Կողմերը պրոքսի պատերազմի մեջ են միջազգային հարաբերություններում և տարածաշրջանային տարբեր գոտիներում։

Հայ-իսրայելական երկխոսության հարցը մշտապես գտնվել է Թեհրանի ուշադրության կենտրոնում` առաջացնելով վերջինիս մտահոգությունը. Վերջին շրջանում Իսրայելում ՀՀ ռեզիդենտ դեսպանի նշանակման հարցում Իրանում նկատվում են քաղաքական դժգոհության դրսևորումներ։
Ելնելով մեր ազգային շահերից, ՀՀ-ն որպես սուվերեն պետություն, ձգտում է համագործակցել տարածաշրջանի տարբեր խաղացողների հետ, այդ թվում` Իրանի ու Իսրայելի։ Դա թույլ է տալիս ինչ-որ առումով հավասարակշռել հակամարտող կողմերի ազդեցությունը տարածաշրջանում ու Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունում։ Հայաստանը չի կառուցում իր գործակցությունը տվյալ երկրի հետ` երրորդ երկրի կամ երկրների հաշվին.
Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններն ու բազմաոլորտ համագործակցությունը։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանը չի կարող չհետևել վերջին տարիներին Հարավային Կովկասում Իսրայելի քաղաքականության ակտիվացման միտումներին. Հայաստանը կառուցում է իր տարածաշրջանային ռազմավարությունը` ելնելով իր ազգային ու պետական շահերից, հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական դինամիկ փոփոխությունները և այդ փոփոխություններին համահունչ շարժվելու տրամաբանությունն ու անհրաժեշտությունը։ Հայ-իսրայելական երկխոսությունը կարևոր է Իսրայելի հայկական համայնքի անվտանգության ապահովման, տեղի հայկական մշակութային-հոգևոր ժառանգության պահպանման տեսանկյունից։
Հայ-իսրայելական երկխոսության հարցում Թեհրանի մտահոգությունը` օբյեկտիվորեն վերցրած, անհամադրելի է այն մարտահրավերի ու սպառնալիքների հետ, որոնք առաջանում են Բաքու-Թել Ավիվ ռազմավարական համագործակցությունից։ Վերջինս, ինչպես նկատում են տարբեր փորձագետներ, գլխավորապես ուղղված է Թեհրանի դեմ. Դա է վկայում Ադրբեջանում Իսրայելի ակտիվությունը անվտանգության, պաշտպանության և հետախուզության ոլորտներում։ Թեհրանին նախ անհրաժեշտ է ավելի թիրախային քայլեր ձեռնարկել Բաքու-Թել Ավիվ գործակցությունից բխող մարտահրավերները զսպելու նպատակով, որոնք ուղղված են ոչ միայն Իրանի դեմ, այլև բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի կայունության ապահովման վրա»։