կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-26 12:23
Հասարակություն

Հայաստանը` իսրայելցի լրագրողների աչքերով. Երևան-Թել Ավիվ-Երևան ուղիղ չվերթի առաջին «պտուղները»

Հայաստանը` իսրայելցի լրագրողների աչքերով. Երևան-Թել Ավիվ-Երևան ուղիղ չվերթի առաջին «պտուղները»

Այսուհետ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի «Արմենիա» ավիաընկերությունը  Երևան-Թել Ավիվ-Երևան կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի: Այս օրերին «Արմենիա» ավիաընկերության նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստան են ժամանել Իսրայելի ռադիո և էլեկտրոնային լրատվամիջոցների լրագրողներ: Նրանք այստեղ են` Հայաստանում շրջելու, ռեպորտաժներ պատրաստելու և հետո իրենց լրատվամիջոցներով այն տարածելու համար: Իսրայելից ժամանած լրագրողներն արդեն հասցրել են լինել Հայաստանի տեսարժան վայրերում, ինչպես նաև Երևանի որոշ տարածքներում:

«Իսրայելի ձայն» ռադիոկայանի հաղորդավար Զվի Զիլբերը նշեց, որ իրենք 1 200 000 ռադիոունկնդիր ունեն, որոնց Հայաստանի մասին շատ բան կա պատմելու: «Մենք ուղղակի սիրահարվել ենք Հայաստանին: Սակայն կարծում եմ, որ պետք է Հայաստանի և Իսրայելի միջև վիզային ռեժիմը հանել, քանի որ այն արհեստական խոչընդոտներ է ստեղծում զբոսաշրջիկների համար: Իսրայել վերադառնալուն պես կփորձենք այս հարցը բարձրացնել»,- ասաց Զիլբերը:

Ըստ նրա` Հայաստանը` որպես զբոսաշրջային երկիր, այնքան էլ ծանոթ չէ իսրայելցուն, փոխարենը Իսրայելում յուրաքանչյուր քայլափոխի Վրաստանի տեսարժան վայրերի գովազդներն են: «Իսրայելցիները Հայաստան այցելում են այսպես` դեպի Վրաստան տուր են վերցնում, որի վերջին երկու օրը նախատեսված է լինում այց Հայաստան: Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի, դրա համար էլ պետք է գովազդի վրա ուշադրություն դարձնի»,- ասաց Զիլբերը:

Բացի այդ` նա նշեց, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է Թուրքիա գնացողների թիվը, ինչը պետք է օգտագործել և զբոսաշրջիկներին Հայաստան ուղղորդել:

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը տեղեկացրեց, որ 2016-ին Իսրայելից Հայաստան է ժամանել 5124 զբոսաշրջիկ. 2015-ի համեմատ` Հայաստան այցելոզզբոսաշրջիկների թիվը պակասել է, իսկ ուղիղ թռիչքները կխթանեն զբոսաշրջային հոսքի ավելացմանը: «Իսրայելի հետ մենք դարավոր պատմություն ենք կիսում, սակայն հարաբերությունների զարգացումը խթանելուն կօժանդակի նաև ուղիղ չվերթերի առկայությունը: Բացի այդ` Իսրայելից ժամանած լրագրողները հնարավորություն կընձեռեն  մեզ Հայաստանը տեսնել իրենց աչքերով»,- ասաց Զեյթունցյանը:

«Արմենիա» ավիաընկերության ներկայացուցիչները վստահ են` դեպի Իսրայել ուղիղ չվերթերը կխթանեն հայ-իսրայելական հարաբերությունների զարգացում  ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տնտեսական ոլորտում:

«Երբ հայտարարեցինք ուղիղ չվերթերի բացման մասին, հայաստանյան մի շարք տուրօպերատորներ հետաքրքրություն ցուցաբերեցին, թեև մենք սպասում էինք, որ նման մեծ հետաքրքրություն իսրայելական կողմից կլինի: Սակայն մենք մի խնդիր ունենք` Իսրայելում նոր ուղղություններ բացած ավիաընկերությունների աջակցման ծրագիր է գործում, բայց, ցավոք, մեր ավիաընկերությունն այդ ծրագրում չընդգրկեցին` ասելով, որ Հայաստանից Իսրայել զբոսաշրջիկների հոսքի հեռանկարներ չեն տեսնում» ,- ասաց «Արմենիա»  ավիաընկերության միջազգային հարաբերությունների գծով փոխտնօրեն Կարինե Կարապետյանը։

Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի խոսքով էլ` որպես պատասխան քայլ` կփորձեն այնպես անել, որ իսրայելական ավիաընկերություններից մեկն էլ պատասխան թռիչքներ իրականացնի: «Մենք Հայաստան ենք բերել ոչ թե հասարակ լրագրողների, այլ նրանց, ովքեր տեսնում են այն, ինչ մյուսները չեն նկատում: Ուստի, երբ հետ վերադառնանք, կարծում եմ, Հայաստանի մասին նրանց պատրաստած նյութերն իսրայելցիների հետաքրքրությունը կշարժեն: Սրան գումարած` ուղիղ չվերթի առկայությունը, որը շատ ճանապարհներ է հարթում մեզ համար»,- ասաց նա: