կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 00:09
Աշխարհ

COVID-19-ի գլոբալ պատկերը վատթարանում է. ԱՀԿ

COVID-19-ի գլոբալ պատկերը վատթարանում է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսեսը երկուշաբթի ասաց, որ չնայած Եվրոպայում COVID-19 համաճարակի իրավիճակը բարելավվում է, գլոբալ առումով այն մտահոգիչ է և վատթարացած. «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

ԱՀԿ ղեկավարը հայտարարություն արել է լրատվամիջոցների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ:

« Երեկ գրանցվել է ավելի քան 136,000 հիվանդության դեպք մեկ օրում, որը առավելագույնն է մեկ օրվա ցուցանիշով: Երեկվա դեպքերի գրեթե 75 տոկոսը 10 երկրներից են ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայից ու Հարավային Ասիայից, - ասաց Թեդրոսը:

Նա նշեց, որ աֆրիկյան երկրների մեծ մասում դեպքերի թիվն աճում է: Բացի այդ, գրանցվում են դեպքեր նոր վայրերում ՝ ընդգծելով, որ հիվանդության աճ է արձանագրվել նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում:

ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանն էլ ասել է, որ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում համաճարակային իրավիճակը ամենաբարդն է:

«Մեքսիկայից մինչև Չիլի արձանագրում ենք դեպքերի աճ որոշ բացառություններով: Ես կարծում եմ, որ սա շատ մեծ մտահոգության առիթ է: Դա այն ժամանակն է, երբ մեզ անհրաժեշտ է ուժեղ կառավարման համակարգ Լատինական Ամերիկայում, մեզ անհրաժեշտ է ուժեղ միջազգային համերաշխություն Լատինական Ամերիկայի երկրների հետ, և մենք պետք է առաջնորդություն ունենանք Լատինական Ամերիկայի ներսում `այս հիվանդությունը վերահսկելու համար: Առողջական համակարգերն այժմ գտնվում են շատ ծանր պայմաններում», - ասաց Ռայանը:

Իր հերթին Թեդրոսը նշել է, որ ԱՀԿ-ն երկրներին հորդորում է ակտիվ հսկողություն իրականացնել, որպեսզի վիրուսը չտարածվի, հատկապես բոլոր տեսակի զանգվածային հավաքների ժամանակ:

Նա հիշեցրեց զանգվածային հավաքույթներին ներկա գտնվողներին նախազգուշական միջոցներ ձեռնարկելու մասին: Հիվանդները կամ COVID-19- ի նախանշանային ախտանիշեր ունեցողները պետք է մնան տանը:

«ԱՀԿ-ն լիովին աջակցում է հավասարության ու ռասիզմի դեմ գլոբալ շարժմանը: Մենք մերժում ենք բոլոր տեսակի խտրականությունները: Մենք խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր բողոքի ձայն են հնչեցնում ամբողջ աշխարհում, անել դա անվտանգ եղանակով», - ասաց Թեդրոսը: