կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-04 16:13
Իրավական

Զինծառայողի առողջական վիճակը գնալով վատթարանում է. փաստաբանը դիմում է նախարարին

Զինծառայողի առողջական վիճակը գնալով վատթարանում է. փաստաբանը դիմում է նախարարին

Փաստաբան Նորայր Նորիկյանը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ահազանգելով զինծառայողի առողջական վիճակի վատթարացման մասին.

«Հարգելի պարոն նախարար

Ս.թ. մարտի 16-ին թիվ 076/17 և ապրիլի 25-ին թիվ 109/17 գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին, հետագա առղջական վիճակի հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:

Նկատի ունենալով, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակը գնալով վատանում է, ավելին, տառացիորեն մի քանի օր առաջ երկու անգամ կորցրել է գիտակցությունը, ավելին, այսօր տարվել է N հոսպիտալ, սակայն մեզ համար անհայտ պատճառներով հետ վերադարձվել զորամաս, միաժամանակ հաշվի առնելով, որ մինչ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել նրա առողջական վիճակի և հետագա քայլերի մասին, բացի այդ, նկատի ունենալով Ա. Ղազարյանի ծնողների մոտ առկա տագնապն ու անհագստությունն իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ, այլ ելք չենք տեսնում, քան բաց նամակով դիմելու Ձեզ՝ ակնկալելով ձեռնարկելու հրատապ միջոցներ՝ զինվորի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ: Հարգելի պարոն նախարար Ա. Ղազարյանը տառապում է մի շարք հիվանդություններով:

2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում թվով հինգ հիվանդություններով հետազոտվել է տարբեր բժշկական կենտրոններում, սակայն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և ս.թ. հունվարի 27-ին զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ա. Ղազարյանի սիրտն արագ է աշխատում, շունչը կտրվում է, ունի սրտի ծակոցներ: Մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը:

Բացի նշվածից, անհանգստացնում է նաև հետանցքի ճաքը, արնահոսում է: Նկատվում է երակների լայնացում: Այսպիսի հիվանդությունների առկայության և դրանց դրսևորման պայմաններում բավականին վիճահարույց է Ա. Ղազարյանին տրված ախտորոշումներն ու դրանց հիման վրա կայացված զինվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ ընդունված որոշումները: Ա. Ղազարյանի ծնողները պնդում են, որ օբյեկտիվ հետազոտման պայմաններում իրենց որդին կճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության համար և կարձակվեր պահեստազոր: Հաշվի առնելով Ա. Ղազարյանի հիվանդությունների առանձնահատկություններն ու բնույթը, ողջամիտ կասկած է առաջացել, որ նա տառապում է ՛՛Էպիլեպսիա՛՛ հիվանդությամբ, բացի այդ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս արնահոսությունը, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Միաժամանակ սրտի հետ կապված խնդիրներն էլ ավելի են բարդացնում Ա. Ղազարյանի առողջական վիճակը, ինչը, պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով և տարածքի բնակլիմայական պայմաններով, կարող է ունենալ անկախատեսելի հետևանքներ:

Հարգելի պարոն նախարար Գտնում ենք, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ տրված ախտորոշումները ներկայումս չեն արտացոլում նրա առողջական վիճակի իրական պատկերը: Դրանց հիման վրա նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելիս ՀՀ Պաշտպանության նախարարի 2013թ. ապրիլի 8-ի թիվ 410 հրամանի 10-րդ, 26-րդ, 30-րդ, 53-րդ և 86-րդ հոդվածները չեն կիրառվել օբյեկտիվորեն, հաշվի չի առնվել նրա ընդհանուր առողջական վիճակի բարդությունը և հնարավոր զարգացումները՝ պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով, որպիսի պայմաններում խնդիր է առաջացել լրջորեն և ստացիոնար պայմաններում հետազոտման ենթարկել Ա. Ղազարյանին՝ պարզելու համար նրա առողջական ներկայիս իրավիճակը, բարդությունների աստիճանը, որը հնարավորություն կտա պարզելու նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:

Նկատի ունենալով վերը նշվածը, խորապես մտահոգված լինելով զինվորի առողջական վիճակով, բացի այդ, հաշվի առնելով ծնողների տագնապալից և անհանգիստ վիճակը, մեկ անգամ ևս խնդրում ենք հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին՝ Ա. Ղազարյանին հնարավորինս սեղմ ժամկետում տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը: Ակնկալում եմ Ձեր կողմից արագ արձագանք:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՓԱՍՏԱԲԱՆ ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ»