Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Որոշ տվյալագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ Հայաստանում այս պահին 100 հազարից ավել վարակակիր կա։ Այդ եզրակացությանը հանգում ենք որոշակի մեթոդաբանությամբ մահացության ու հաստատված դեպքերի պրոյեկցիայով»։
Վարչապետը գրառմանը կից տեղադրել էր նաև այս գրաֆիկը.
Գրառմամբ հայտնած վարկածի և գրաֆիկի ճիշտ ընթերցման վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերից՝ ֆիզիկոս Աղասի Միքայելյանը տարակուսանք էր հայտնել՝ նշելով. «Երբ մարդը գրաֆիկի վրայի 10.000-ը 100.000 է կարդում»։
Կարճ ժամանակ անց վարչապետը հեռացրեց գրառմանը կից տեղադրված գրաֆիկը, որից ակնհայտ երևում էր, որ վարչապետը խառնել էր թվերը։ Մնում է հասկանալ՝ եթե վարչապետը գրաֆիկը սխալ է ընթերցել և 10.000-ը 100.000-ի հետ է խառնել, ապա ինչու՞ հեռացվեց միայն գրաֆիկը, իսկ գրառումն իր սխալ թվերով հանդերձ՝ թողնվեց նույնությամբ։ Միթե՞ վարչապետի՝ հերթական գրառմամբ խայտառակվելը քողարկելն առավել կարևոր է, քան նշյալ տարընթերցումից ծնված ինչ-որ թվեր հանրության առջև նետելը՝ տեղիք տալով բազմաթիվ տարակուսանքների և հետևությունների։ Բնավ չենք վիճարկում, որ վարակակիրների թիվը մեծ է կամ կարող է անգամ անցնել 100.000-ը, բայց դրա հիմնավորումներն այսպիսի «գրելու-ջնջելու» զավեշտալի տարընթերցմա՞մբ է մատուցվելու հանրությանը, թե՞ ծանրակշիռ, տրամաբանական և մասնագիտական հոդաբաշխ բացատրություններով։
Մինչև ե՞րբ է հասարակությունը հանդուրժելու այս կրկեսը։
Հիշեցինք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ «բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա», «հեկտար... կարծեմ», «ուրմեն, 40 հեկտար» թվային խայտառակությունը։
Այսպիսով՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ իշխանական թիմում վաղուց օրինաչափ է «թվային խուճապը» կամ թվային տարբեր ցուցանիշների հանդեպ տոտալ անտեղյակությունը։ Կարո՞ղ ենք նաև պնդել, որ այլևս լուրջ պետք չէ ընդունել վարչապետի այսպիսի զավեշտալի «տվյալագիտական վերլուծությունները», «մեթոդաբանությունները» կամ «պրոյեկցիաները»։
Վ. Սարգսյան