Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում «իրեն հայտարարեց Անդրկովկասի հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Արևելյան Հայաստանի վերջին կտորների վրա ապրող հայությանը ոչնչացնելու և, դրանով իսկ, հայոց քաղաքակրթությունը սեփական հայրենիքում բնաջնջելու եկած թուրքական կանոնավոր բանակին հետ մղելով, հայ ժողովուրդը հնարավորություն ունեցավ հայրենիքի մի փոքրիկ բեկորի վրա ստեղծելու պետականություն: Եվ ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ Մայիսի 28-ը դարձավ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը:
Համավարակի վտանգներով պայմանավորված՝ 2020 թ. տոնական լայնամասշտաբ միջոցառումներ չեն անցկացվի, կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր:
ՀՅԴ Բյուրոյի, Հայաստանի Գերագույն մարմնի, Երևանի Քաղաքային կոմիտեի և վարչական շրջանների կոմիտեությունների անդամները Մայիսի 28-ի առիթով այցելեցին Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի և քաղաքական, ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձաններին։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ այս օրը ոչ միայն Դաշնակցության, այլև բովանդակ հայ ժողովրդի համար ունի կարևոր և պատմական նշանակություն։
«Չնայած Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունը կարճ տևեց՝ ընդամենը 30 ամիս, բայց նրա դերը և նշանակությունը շրջադարձային է հայ ժողովրդի համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ցեղասպանություն տեսած, իր հայրենիքի մեծագույն մասը կորցրած ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել, կամք գտնել և 1918 թ. մայիսին հիմնադրել Առաջին Հանրապետությունը՝ մինչ այդ կասեցնելով թշնամու գրոհը Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում:
Անդրադառնալով Դաշնակցության վաստակը ստվերող կարծրատիպերին, Իշխան Սաղաթելյանը վկայակոչեց Խորհրդային Միությունում 70 տարի ստեղծված ֆիլմերը, գրականությունը, կեղծ պատմությունը, որը տարիներ շարունակ փորձում էր վարկաբերել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, որը Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդի գլխավոր քաղաքական ուժերից մեկն էր։
«Այս ամենը դիտվում է այդ շրջանակում։ Իսկ նրանք, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի պատմությանը, լավ գիտեն Դաշնակցության դերը և նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ։ Հետևաբար, նման անիմաստ բամբասանքները և խոսակցությունները լուրջ ընդունելը և դրանց անդրադառնալը անիմաստ է»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։
Նրա դիտարկմամբ՝ մինչև այսօր պատշաճ կերպով չեն գնահատել այն քաղաքական ուժին, այն քաղաքական, հասարակական գործիչներին, ում շնորհիվ կերտվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը փաստեց, որ Առաջին Հանրապետության հիմնադիր նվիրյալներին արժևորելու կարիքը կա հատկապես մեր օրերում, երբ ամեն կողմից մեր երկիր են ներմուծվում կեղծ և քայքայիչ արժեքներ ու ծրագրեր:
«Մեր նորօրյա սերնդի համար չափորոշիչ և ուղենիշ պետք է լինի այն արժեհամակարգը, որը կրում էին Առաջին Հանրապետության մեր նվիրյալները»,- նշեց Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով այն դժնդակ տարիները, երբ Մայիսի 28-ը՝ այս փառավոր տոնը, մարդիկ գաղտնի էին նշում, մենակ, անգամ հաճախ կյանքով հատուցելով դրա համար:
«Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին 1937 թ. Հրազդան գետի ափին միայնակ է նշել մայսիսի 28-ը, հիշել իր ընկերներին, անցած փառավոր ուղին և արտասվել: Հիշենք նաև, որ դրանից երկու ամիս անց նա ձերբակալվեց, դատապարտվեց գնդակահարության և մահացավ բանտում: Այսինքն՝ անկախության գաղափարի կրողները կյանքով են հատուցել այն արժեքների համար, որոնց շնորհիվ կերտվեց Առաջին, իսկ նրա հենքի վրա էլ՝ մերօրյա հանրապետությունը», - եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: