Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի սիրված կերպարներից է հայդուկապետ Գևորգ Չաուշը, որին ձոնված բազմաթիվ երգեր կան:
Գևորգ Չաուշն իր կյանքի ընթացքում մի շարք հաղթական մարտեր է մղել, բայց ամենահերոսականներից մեկը Սուլուխի կռիվն էր, որը, սակայն, «Մշու սարերի ասլանի» վերջին մարտն էր: Այդ մասին Չաուշի զինակից Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում գրում է. «Սուլուխի կռիւը պատահեցաւ 1907 թ. մայիսի 27-ին եւ տեւեց մինչեւ մայիս 28 առաւօտեան: Խորհրդաւոր է այդ օրը…»:
Այդ օրը հայդուկների դեմ կռվում սպանվում է թուրքական հրամանատարներից՝ կուբանի թաթար, ազգությամբ կաբարդին Քոսա Բինբաշին, հայդուկներից զոհվել էին երեքը՝ Գևորգը, Գալեն և Հակոն:
Ռուբենի վկայությամբ՝ «Մենք կորսնուցած էինք, բացի Գէորգէն, Գալէն եւ Յակոն, կռուող գիւղացիներէն 18 հոգի, իսկ ժողովուրդեն 23 հոգի: Այդ կռուին մասնակցող 17 ֆետայիներէն 3 սպանւած, 11 վիրաւոր էինք, 4 հոգի միայն բախտաւոր էին, որ անվնաս մնացին. ատոնցմէ մէկն էր քիւրտ Հասանոն, որը ֆետայի նման կռուեցաւ...: Գէորգի Գալէի մէջտեղ նստած էր Շէնիկի Ղազար սգաւոր. Սէյտօ Պօղոսը յենած է պատին: Երբ կմօտենամ անոր, Սէյտօն կըսէ՝ «Գալէ պրծել է, Գէորգը դեռ ողջ է»: «Ելէք, պիտի երթանք», կը հրամայեմ բոլորին: Բոլորը կը կանգնին բացի Գալէէն և Գէորգէն:
«Գէորգը կապէք ձիու մեջքի վրան, իսկ Գալէին Եփրատը նետէք». ծանր էր այս պատգամը, բայց անհրաժեշտ էր շտապել: Ղազար բռնեց իր ամենահին ընկերոջ ձեռքերը, լաւ մը համբուրեց արիւնոտ երեսը. չլացաւ. Գըբրոն ալ բռնեց Գալէի ոտքերը եւ ծանր սրտով նետեցին Եփրատի մեջ...»:
Չաուշը մահից առաջ ընկերներին պատգամել էր. «Ինձ թողեք էստեղ, իսկ դուք անցեք գնացեք։ Եղսոն (Գևորգ Չաուշի կինը - Ա.Մ.) ու Վարդգեսը (Չաուշի որդին) ձեզ ամանաթ»:
Գևորգ Չաուշը մահացել էր մայիսի 28-ի արևածագին, նրա դիակը տարվեց դեպի Մուշի Կողու թաղի գերեզմանատուն՝ Սաչքի դուրանի վրա։ Այդտեղ էին թաղվում այն ֆիդայիները, որոնց դիակները ընկնում էին սուլթանի զինվորականների ձեռքը, և հուղարկավորումներին մասնակցում էին նաև թուրքական իշխանությունների ներկայացուցիչները։
«Իմ աչքի առաջ Գևորգին իջեցրին գերեզման, և Տարոնի արևը մայր մտավ…»,- նշում է Ռուբեն Տեր-մինասյանը:
«Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության Արևը»,-ասել էր 113 տարի առաջ զոհված ֆիդայապետ Չաուշը: Նրա մահից (1907 թ. մայիս 28-ի արևածագից) 11 տարի անց՝ 1918 թ. մայիսի 28-ին, ծագեց Հայաստանի անկախության արևը, իսկ Գևորգ Չաուշի, Գալեի ու մյուս ֆիդայիների անունները, նվիրումն ու սխրանքը ապրում է հայ ժողովրդի սրտում՝ որպես անցյալի մշտավառ հուշ և ապագայի կենդանի հույս:
Անի Մելքոնյան
Հ.Գ. Ճանապարհորդ Սասուն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Գևորգ Չաուշի ծննդավայր Մկթենք գյուղը:
Ստորև ներկայացնում ենք գյուղի մերօրյա լուսանկարը: