կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 17:32
Քաղաքական

Աչքերս ջուր կտրեց` կառավարության պատասխանին սպասելով

Աչքերս ջուր կտրեց` կառավարության պատասխանին սպասելով

2013թ. հունիսի 8-ից ուժի մեջ մտավ «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով սահմանվում էին համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանց կրման կարգը: Ըստ փոփոխությունների` համազգեստի կրումը պետք է տարածվեր բոլոր դատախազների և ՀՔԾ ծառայողների վրա: Այս թեմային yerkir.am-ն անդրադարձել էր դեռևս մեկ ամիս առաջ և մանրամասնորեն ներկայացրել համազգեստը կրելու կարգը, անհրաժեշտությունը, տրամադրման ժամանակահատվածն ու ֆինանսավորումը:

 

Նշենք, որ կառավարության որոշմամբ` դատախազներին և ՀՔԾ ծառայողներին համազգեստը պետք է տրվի պետական բյուջեի միջոցների հաշվին: Yerkir.am-ը տեղեկացել էր, որ կառավարությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայության ծառայողների` 2013 թվականին համազգեստի տրամադրման ֆինանսավորման համար 2013թ. պետական բյուջեից հատկացրել էր 7 107 500 դրամ: Պարզել էինք նաև, որ կառավարությունը 2013-ին դատախազների համազգեստի համար գումարը չի հատկացրել, սակայն նախընտրել էինք տեղեկությունը ճշտել հենց կառավարությունից:

 

Դեռևս փետրվարի 11-ին հարցում էինք ուղարկել կառավարության տեղեկատվության և հասարակայնությանը հետ կապերի վարչություն` պարզելու` արդյո՞ք դատախազների համազգեստի համար 2013-2014թթ. բյուջեից գումար հատկացվել է, եթե` այո, ապա որքա՞ն, եթե` ոչ, ո՞րն է պատճառը: Սակայն հարցումն ուղարկելուց մեր մտքով չէր անցել, որ այն հնարավոր է տեղ չհասնի, քանի որ ապավինել էինք մեր էլեկտրոնային փոստին ստացված` «հարցումը տեղ է հասել» պատասխանին: 22 օր կառավարության պատասխանին համբերատար սպասելուց հետո, ի վերջո, որոշեցինք հետաքրքրվել հարցման ճակատագրով: Կառավարությունից հայտնեցին, որ մեր հարցումը չեն ստացել և խնդրեցին նորն ուղարկել:

 

Մարտի 3-ին հարցումը կրկին ուղարկեցինք, բայց ի՞նչ օգուտ` անցել է օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը, և այդ պարզ հարցին այդպես էլ պատասխան չի տրվել, ավելին` գրեթե ամեն օր զանգահարում ենք, և մեզ հավաստիացնում են, որ անպայման կուղարկեն, բայց մինչ օրոս չենք ստացել: Հարգելինե’րս, մեր համբերությունն էլ սահման ունի: Երևի մեր մեղքն է, որ տեղեկությունը չենք ներկայացնում այնպես, ինչպես հարկն է, այլ փորձում ենք պաշտոնական աղբյուրից ճշտել:

 

Երկու անգամ խախտելով օրենքը` կառավարությունը հող է նախապատրաստում, որպեսզի այսուհետ հրապարակվեն չճշտված և պաշտոնական աղբյուրին հակասող լուրե՞ր, մեղքը ձեր վիզը: