Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Պատճառն այն է, որ Ադամյանը իր ընկերների հետ հայհոյանքներ էր տվել համայնքի բնակչուհիներից մեկին ու նրա թոռներին: Տեղի ունեցածը, թերևս զարմանաք չի առաջացնում, քանի որ Վազգեն Ադամյանը նախկինում էլ հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Դեռևս 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ադամյանն աչքի էր ընկել, մեղմ ասած, ոչ օրինակելի վարքով: Քվեարկության գաղտնիության խախտումն արձանագրած լրագրողին հայհոյած Ադամյանի հանդեպ հարուցվել էր քրեական գործ, մեկ տարի անց դատվածությունն արդեն մարվել էր, սակայն վերջինս անգամ դրան չսպասելով 2017 թվականին համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել էր և ընտրվել:
Հատկանշական է, որ համայնքապետից բողոքները շարունակվեցին նաև 2018 թվականի իրադարձություններից հետո, որտեղ, ըստ խոստումների, պաշտոնյաները պիտի լինեին օրինակելի, աշխատանքին և ժողովրդին անվերապահորեն նվիրված ու անշահախնդիր:
Սկանդալային համայնքապետը իշխանափոխությունից հետո ոչ միայն շարունակեց պաշտոնավարել, այլ նաև անտեսեց բնակիչների՝ իր հասցեին հնչեցված բազմաթիվ բողոքները, և այդ ամենի մասին մամուլը պարբերաբար գրում էր: Մասնավորապես, բողոքներն կային նրա կայացրած ապօրինի շինարարության թույլտվությունների, ժամանակ առ ժամանակ ծեծկռտուքի, խուլիգանական քաշքշուկի մեջ հայտնվելու մասին: Եվ տևական ժամանակ այս ամենին կարծես ոչ մի ընթացք չտրվեց նոր իշխանությունների օրոք՝ մինչ այն պահը, երբ մամուլը գրեց կոնկրետ մի դեպքի մասին, որով, ըստ լուրերի, հարուցվել է քրեական գործ:
Yerkir.am-ի հետ զրույցում Վազգեն Ադամյանը հերքեց լուրը՝ նշելով, որ քրեական գործի մասին ինքը տեղյակ չէ, իմացել է մամուլից և անգամ չի զրուցել այդ բնակչուհու հետ, ով հանդես է գալիս որպես տուժող: Հարցին, եթե բացառում է իր մասնակցությունը միջադեպին, ապա արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է տեղի ունեցածի մեջ, Ադամյանը պատասխանեց. «Ես ոչ նախկինում եմ քաղաքականության մեջ եղել, ոչ հիմա կամ: Ես իմ գործն եմ անում ու քաղաքականության հետ կապ չունեմ, ոչ մի քաղաքական բան չկա»:
Նշենք, որ այս տասնօրյակում սա արդեն 2-րդ դեպքն է, երբ «նախկին» պաշտոնյան հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ տալով տարատեսակ մեկնաբանությունների և ենթադրությունների տեղիք:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուք, առևանգում է եղել:
Հատկանշական է, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել էր. «Եկել է պետական ապարատը Սերժի մնացորդներից մաքրելու ժամանակը»:
«Նախկիններից» ազատվելու գործընթացում կիրառվու՞մ են իրավապահ մարմիններին ճնշելու, ուղորդելու տխրահռչակ մեթոդները, և պաշտոնյաների նկատմամբ այսպիսի քրեական գործերը ունե՞ն քաղաքական ենթատեքստեր՝ գոնե այս երկու դեպքերի պարագայում դժվար է հստակ պատասխանել: Մի բան, սակայն, հստակ է. «նախկին» պաշտոնյաների վարքագիծը ներկայիս ղեկավարությունը «նկատում է» կամ «քննում» այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում տվյալ հիմնարկությունում, համայնքում կամ մարզում լուծել կոնկրետ քաղաքական խնդիր: