Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վեդիի հետ կապված՝ կառավարությունն այսօր երկու որոշում ընդունեց․ նախ՝ ցրեց համայնքի ավագանին, ապա Արարատի՝ կոկորդիլոսաբուծությամբ հայտնի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին նշանակեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հարցն այն է, որ Գարիկ Սարգսյանը նաև գլխավորում էր ՔՊ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններում, որի արդյունքում ձևավորված ավագանին էլ ցրել է կառավարությունը, քանի այդ նույն ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության ավագանու բոլոր անդամները ինքնաբացարկ են հայտնել։
Սա, իհարկե, աբսուրդի ժանրից է, բայց այս ժանրը մեր երկրում վերջին տարիներին ամենասիրվածներից է։
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վեդիի ավագանին ձևավորել էին 3 ուժեր՝ «Իմ հզոր համայնքը»՝ 12 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ և «Հանրապետությունը»՝ 4 մանդատ։ Բայց ՔՊ-ն ու «Հանրապետությունը» «անակնկալ» որոշեցին ամբողջ թիմով ինքնաբացարկ հայտնել՝ պատճառ դառնալով, որ ավագանին ցրվի։ Այնինչ, սա ընդհանրապես պարտադիր չէր և, պարզվում է՝ նաև անակնկալ էլ չէր։
Բանն այն է, որ ավագանու առաջին նիստի ժամանակ, եթե դաշինքներ չկազմվեին, ամեն կուսակցություն պետք է առաջադրեր համայնքապետի իր թեկնածուն։ ՔՊ-ն ու «Հանրապետությունը» ինչ-ինչ կաշկանդվածության պատճառով դաշինք կազմել չէին կարող, բայց եթե յուրաքանչյուրն առանձին համայնքապետի թեկնածու առաջադրեր, մեծ էր հավանականությունը, որ ընդդիմադիր «Իմ հզոր համայնքը» կուսակցության առաջադրած թեկնածուն կընտրվեր կդառնար համայնքապետ, քանի որ առանձին ամենաշատ մանդատն այս ընդդիմադիր կուսակցությունն ունի։ Հենց այս հնարավորությունն էլ, ենթադրաբար, վերացրել են իշխող կուսակցությունն ու իր արբանյակը՝ նախընտրելով ցրել ավագանին և նորից ընտրություններ կազմակերպել։
«Իմ հզոր համայնքը» կուսակցությունից ավագանու անդամ ընտրված Լաերտ Մանուկյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում բացատրեց հնարավոր սցենարը․ «Մեր մանդատները 12-ն է եղել, իրենց երկու ուժերինն իրար հետ 15, իրենք 15-ով հրաժարվել են ամբողջ թիմով։ Դե, դաշինք չկազմեցին, չստացվեց երևի, որոշեցին, որ պռավալ տան։ Համայնքապետի ընտրության առաջին փուլում ավագանու 27 անդամի կեսից ավելին պետք է քվեարկեր տվյալ թեկնածուի օգտին։ Իսկ եթե 3 ուժերն էլ թեկնածու են ներկայացնում, բայց ոչ մեկի օգտին կեսից ավելին չեն քվեարկում, արդեն պայքարը առաջին երկու տեղը գրավածների միջև է լինում և կեսից ավելի ձայներ չի պահանջվում, այլ հաղթում է նա, ում օգտին ավելի շատ ձայներ կլինեն։ Այսինքն, իրենք մտածեցին, որ դե՝ ընդդիմադիրների մանդատները շատ են, մեզանից է լինելու համայնքապետը, հավանաբար, դրա համար որոշեցին, որ պռավալ տան էլի»։
Լաերտ Մանուկյանը նորմալ քաղաքական գործընթաց չի համարում արհեստականորեն ավագանին ցրելու ֆորսմաժոր ստեղծելը։
«Որովհետև ժողովուրդն իրենց ձայն է տվել, վստահել է, այդ ձայնը պիտի պահեին, ոչ թե գնային՝ հրաժարվեին։ Թեկուզ կոալիցիա էլ չկազմեին, թող գային, ընտրվեր համայնքի ղեկավար, թող իրենք ժողովրդի ձայնը բարձրացնեին, լինեին ակտիվ ավագանի»,-ասաց նա։
Օրենքի տառն օգտագործելով՝ էությունը խեղաթյուրել և իրենց քիմքին ոչ հաճո մի ամբողջ ընտրված ավագանի ցրելն, իհարկե, առողջ քաղաքական գործընթաց չէ։ Բայց եթե նայում ենք իշխող կուսակցության անցած ուղին՝ անգամ դրա ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության եկավ մի քանի անգամ արհեսականորեն ֆորսմաժոր ստեղծելով, ընտրվելով, չընտրվելով, նորից չընտրվելով, հետո ընտրվելով․․․ օրենքը, փաստորեն, դարձնելով «պոլի շոր»՝ օրենքի տառը կիրառելով, բայց խեղաթյուրելով էությունը։ Նույնը, ավելի կոպիտ, կատարվեց ՍԴ-ում։ Նույն մեխանիզմը կիրառվեց ԵՊՀ-ում, երբ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները հրաժարական տվեցին, տապալեցին ռեկտորի ընտրությունը, ապա նույն այդ անդամներից շատերով կազմեցին հոգաբարձուների նոր՝ քաղաքականացված, խորհուրդ և ընտրեցին իրենց «սրտի» ռեկտորին։ Ի՞նչը պիտի խանգարեր, որ այս մոդելը կիրառեին նաև ՏԻՄ ընտրություններում՝ ոտքի տակ գցելով ժողովրդի քվեն ու կամարտահայտությունը։
«Իմ հզոր համայնք» ընդդիմադիր ուժը նպատակահարմար չի համարում դատարան դիմել՝ ավագանու աշխատանքը արհեստականորեն խոչընդորտելու օրինականության հարցով, մտածում է՝ նոր լարվածություն է, նոր ծախսեր։ Փոխարենը մտադիր են նորից առաջադրվել արդեն առաջիկա ընտրություններում և փորձել ավելի շատ ձայներ հավաքել։
Հիմա էլ աբսուրդի, արդեն համատարած դարձած, հաջորդ արարը․ իշխանությունները Վեդիում իրենց կուսակցության՝ ՔՊ-ի, ցուցակը գլխավորող անձին՝ Գարիկ Սարգսյանին, նշանակել են Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնատար։ Ակնհայտ է, որ վարչական լծակները ընտրությունների ժամանակ կարող են որոշիչ դեր խաղալ, բայց անգամ «ակնհայտը» ՀՀ իշխանություններին հետ չի պահել այդ քայլն անելուց, հավանաբար, անպատժելիությունը խրախուսիչ է։
Վեդիում ասում են՝ իշխող ուժի ու նրա արբանյակ կուսակցության թիկունքը ոչ միայն Գարիկ Սարգսյանն է, այլև «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը, որն ամեն կերպ աջակցում է «Հանրապետություն» կուսակցությանը։ Վերջինս բոլոր հիմքերն ունի «նախկին» համարվելու, բայց, ինչպես տեսնում ենք, նախկինները ներկա իշխանությունների ՏԻՄ ցուցակներում նոր կյանք են առել։
«Թե՛ ՔՊ-ի, թե՛ «Հանրապետություն» կուսակցության ցուցակներում էլ կան բավականին շատ ու ակտիվ անձինք, որոնք նախկինում ՀՀԿ-ին էին աջակցում, հիմա ՔՊ-ին ու նրա արբանյակ կուսակցություններին»,-ասաց Լաերտ Մանուկյանը։
Նա նկատում է, որ իշխող ուժը ամեն ինչ անում է, որ համայնքի ղեկավարի ընտրության հարցում կարևոր լինի ոչ թե ժողովուրդի քվեն, այլ իրենց պաշտոնները, իրենց աթոռը։
Աննա Բալյան