կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-16 17:15
Քաղաքական

USAID-ն Հայաստանին տրամադրվող օժանդակությունն ավելացրել է

USAID-ն Հայաստանին տրամադրվող օժանդակությունն ավելացրել է

2020թ․մայիսի 13-ին, ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվեց 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով, տեղեկացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։

Այս փոփոխությամբ 2013թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 51,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ բարեփոխումներին, որոնք իրականացվում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանն ուղղված նախաձեռնությունների խթանման, տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացների ու իրավունքի գերակայության միջոցով։

ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը նաև ուղղվում է քաղաքացիական հասարակության եւ մեդիա ծրագրերին, որոնք մեծացնում են քաղաքացիական ակտիվության ու իրազեկվածության մակարդակը և խթանում տեղեկատվության բազմազան և օբյեկտիվ աղբյուրների հասանելիությունը՝ առանձնակի շեշտադրելով մեդիագրագիտությունը։

Նաև ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվեց Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվեց 7,5 միլիոն ԱՄՆ դոլարով։

Այս փոփոխությամբ 2010թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 91,8 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրն աջակցում է Հայաստանին համակողմանի տնտեսական աճի հասնելու հարցում, որի շնորհիվ ձևավորվում է արդյունավետ զբաղվածություն և զարկ է տրվում հավասար հնարավորություններին։

ԱՄՆ օժանդակությունը նպաստում է նորարարություններին, աշխատուժի կատարելագործմանը, առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը եւ թիրախավորում է տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերը՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, էներգետիկա, ջրային ռեսուրսներ։

Բացի այդ, աջակցություն է ուղղվում հիմնական ենթակառուցվածքային ծառայությունների, այդ թվում՝ ձեռնարկությունների աճի եւ զարգացման համար կենսական նշանակություն ունեցող ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավմանը։