կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 14:12
Հասարակություն

Հունահայ համայնքի օժանդակությունն ու ՀՀ իշխանության «շնորհակալությունը»․ 40 տ բեռի մի մասը դեռ պահեստում է

Հունահայ համայնքի օժանդակությունն ու ՀՀ իշխանության «շնորհակալությունը»․ 40 տ բեռի մի մասը դեռ պահեստում է

Hraparak.am-ը գրում է․

«Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո աշխարհասփյուռ հայության համակ ուշադրության կենտրոնում են եղել Հայոց բանակն ու հայ զինվորը: Մեր հայրենակիցների տենդագին աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, բացի դրամական աջակցությունից, մեծաքանակ դեղորայք, բժշկական սարքավորումներ ու մարդասիրական բեռներ են առաքվել Հայաստան, որոնց մի մասը, ի զարմանս օգնության կազմակերպիչների եւ նրանց սատարած օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, այդպես էլ չեն հասել հասցեատերերին: Ի մասնավորի ՀՕՄ-ի հունական միավորների` Հունաստանի Հայ Կապույտ խաչի եւ Թրակիայի Հայ գթության խաչի 40 տ ընդհանուր քաշով երեք առաքումներից հասցեատիրոջն է հասել միայն մեկը` Հայաստանի եւ Արցախի ՀՕՄ կառույցներին փոխանցված օգնությունը, որը սեղմ ժամկետներում բաժանվել է կարիքավորներին: Ընդ որում, դա էլ հնարավոր է եղել հավելյալ գումարներ վճարելուց հետո միայն, ինչը պետք է բացառվեր մարդասիրական օգնության պարագայում: Ի դեպ, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ`այս պատմությանը տեղյակ է եղել նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այդպես էլ ոչինչ չի ձեռնարկել խնդիրը կարգավորելու համար: 

Իսկ ի՞նչ ճակատագիր է բաժին հասել հունահայ համայնքի առաքած օգնության մյուս երկու խմբաքանակին, որ Հայաստան է առաքվել ՀՀ ԱԻՆ հասցեով` Հունաստանի կառավարության կողմից (արտգործնախարարություն, ՊՆ) տրամադրված (անվճար) ռազմական ինքնաթիռներով (12.12.2020  09.01.2021): Բանից պարզվում է, որ դեղորայք, անթացուպեր, բժշկական տարբեր սարքավորումներ, անվասայլակներ եւ այլն պարունակող այդ բեռները Երեւան հասնելուց մինչ օրս (1 տարուց ավելի) գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի պահեստարաններում, ինչի մասին մեր հունահայ հայրենակիցներն իմացել են միայն ս.թ. հունվարի 27-ին` պահեստարանի ինչ-որ պաշտոնյայի հեռախոսազանգից:

Այս ամոթալի պատմությունը գուցեեւ չլիներ, եթե հայրենի իշխանություններն ամեն քայլափոխի չդրսեւորեին իրենց խոսքի եւ գործի հակասությունը: Սա մի պատմություն է իբր ժողովրդի դարդ ու ցավով ապրող իշխանության մասին, որ պարզորոշ ցույց է տալիս այդ իշխանության իսկական դեմքը ու նաեւ այն, թե որքան կեղծ են հայրենիք-սփյուռք կապի մասին նրանց հայտարարությունները: Այդ օգնությունները հավաքագրվել էին հայ եւ հույն բարերարների, հայկական կազմակերպական միավորների եւ հունական հասարակական կազմակերպությունների ջանքերով` Հունաստանում համավարակի սաստկացման օրերին, շրջագայությունների ժամանակ ամեն քայլափոխի ծանր տուգանքների ենթարկվելու ռիսկի պայմաններում, հունական պետական կառույցներում ունեցած բարեկամական կապերի գործադրմամբ: Իսկ գուցե 44-օրյա պատերազմի մեր տասնյակ հազարավոր վիրավորներին այս ընթացքում պետք չէի՞ն Հայաստան առաքված շուրջ 2654 եւ 1543 կգ քաշով դեղորայքն ու բժշկական սարքավորումները»: