կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 15:07
Աշխարհ

Ռուսաստանի ակտիվ և բարեկամական աջակցությամբ հնարավոր կլինի քաղաքակիրթ ձևով կարգավորել ԼՂ հակամարտությունը. ռուսաստանցի սենատոր

Ռուսաստանի ակտիվ և բարեկամական աջակցությամբ հնարավոր կլինի քաղաքակիրթ ձևով կարգավորել ԼՂ հակամարտությունը. ռուսաստանցի սենատոր

Ռուսաստանն արտաքին քաղաքականության մեջ ունի երկու սկզբունք, որոնք անսասան են` ապահովել ինքնիշխան սահմաններում ՌԴ անվտանգությունը և պայմաններ ստեղծել ռուսաստանցի ժողովրդի բարեկեցության համար: Եվ այդ առումով հանգստությունը ռուսաստանյան սահմանների ամբողջ երկայնքով չափազանց կարևոր է. ըստ yerkir.am-ի` «Նոև կովչեգ»-ի հետ հարցազրույցում ասել է  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնությունների խորհրդի անդամ, միջազգային հարաբերությունների հարցով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը:

«Եվ մենք անում ենք ամեն ինչ, որ որևէ մեկի խելքին չփչի փորձարկել այդ համակարգը կրիտիկական իրավիճակներում»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ կանոնագրի այն մասին, որ անդամ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի պարագայում կազմակերպության մյուս անդամները կանգնում են նրա պաշտպանությանը, իսկ Հայաստանը ոչ բարեկամական երկրներով է շրջապատված` Թուրքիա և Ադրբեջան, Կլիմովը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին հայտարարել է որպես իր հակառակորդ: «Մենք չենք կարող անտեսել դա` չնայած երկկողմ հարաբերություններին, բարձրագույն մակարդակով երկխոսությանը, տնտեսական համագործակցությանը: Եվ քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մենք մեր ռազմական ծրագրերը մշակում ենք` այդ հանգամանքը հաշվի առնելով»,- ասել է նա:

Մինչդեռ Ադրբեջանը, Կլիմովի խոսքով, ԱՊՀ անդամ է և ՆԱՏՕ-ի անդամ չէ, և իրենք չեն կարող կշեռքի նույն նժարին դնել այդ երկու պետությունները:

«ՀԱՊԿ-ում կա ինքնիշխան տարածքների հավաքական պաշտպանության սկզբունքը` աշխարհում ընդունված առումով: Կան տարածքներ, որոնք Ռուսաստանի կողմից ճանաչված են որպես Հայաստանի տարածքներ, և դրանց վրա ամբողջ ծավալով տարածվում են կանոնակարգային պահանջները: Կա հակամարտություն տարածքում, որն Ադրբեջանը համարում է իրենը, դա պնդում է և ցավագին է արձագանքում: Ռուսաստանն արդեն երկար տարիներ մասնակցում է այն բանի քննարկմանը, թե ինչպես դուրս գալ այդ հակամարտությունից: Ռուսաստանը հանդես է եկել առաջարկություններով, որոնք հայտնի են երկու երկրների և՛ նախկին, և՛ ներկայիս առաջնորդներին: Իմ կարծիքով` այդ առաջարկություններն աշխատունակ են: Սակայն դրանք դրված են երկրների առաջնորդների չհրկիզվող պահարաններում, և ես` ռուսաստանցի քաղաքական գործիչս չէ, որ պիտի բացեմ այդ չհրկիզվող պահարանները: Ես հասկանում եմ, որ երկու երկրների քաղաքական գործիչներին շատ դժվար է ազատվել անցած տարիների ընթացքում ասվածներից, իսկ ասվել է ոչ քիչ, սակայն վաղ թե ուշ հարկ կլինի անել դա` և՛ հանուն հայերի, և՛ հանուն ադրբեջանցիների, և՛ հանուն Լեռնային Ղարաբաղի բնակիչների»,- նշել է Կլիմովը` հավելելով, որ ուսումնասիրում է Կիպրոսի հակամարտությունն առաջին իսկ օրվանից և տեսնում է իրադրության տարբերություն սկզբում և այսօր` արյուն չի թափվում, զբոսաշրջությունը զարգանում է, համատեղ պայքարում են կորոնավիրուսի դեմ, թեև կա թուրքական գործոնը:

«Կարծում եմ` հայ-ադրբեջանական հակամարտության գոտում էլ կան արտաքին խաղացողներ: Ընդ որում` այնպիսիք, որոնք տարածաշրջանում չեն: Օվկիանոսից այն կողմ ցանկանում են, որ ռուսաստանյան սահմանների երկայնքով «հրդեհ» լինի: Մեր տվյալներով` Ռուսաստանում և նրա շուրջն իրավիճակի ապակայունացման օպերատիվ պլանավորման խմբում աշխատում է ԿՀՎ-ի մոտ 400 աշխատակից: Նրանք հետևում են Հարավային Կովկասի իրավիճակին և փորձում կիրառել ի շահ իրենց: Ես հուսով եմ, որ ողջախոհությունը, Ռուսաստանի ակտիվ և բարեկամական աջակցությամբ, հնարավորություն կտա լուծելու հիմնախնդիրը, կարգավորելու հակամարտությունը քաղաքակիրթ ձևով»,- ընդգծել է Կլիմովը: