կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 13:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա․ Թաթոյանը՝ Հակոբյանին

Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ նմարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:

«Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:

Նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հակադարձեց ՄԻՊ-ին՝ առաջարկում եմ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձևով խոսել:

Խոսքը Վաղարշակ Հակոբյանի հայտարարության մասին էր, որում ակնհայտ սպառնալիք կար ՀՀ օմբուդսմենի հասցեին․ «Ուզում եմ՝ դուք հստակ  հասկանաք, որ դուք աշխատել եք մինչեւ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ  իշխանությունն է, որի օրոք աշխատել եք: Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքը այս ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի»,-հայտարարել էր «Իմ քայլի» պատգամավորը:

«Իմ քայլի» մյուս պատգամավորների այսօրվա ելույթներում ևս ակնհայտ էր մարդու իրավունքների պաշտպանի անձի և գործունեության թիրախավորումը։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը դատապարտել էր ԱԺ-ում իշխանական պատգամավորի հրահրած ծեծկռտուքը։ Նա նաև երեկ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ քաղաքացուն, ինչ-որ դեպքերում՝ ընդդիմությանը։ Նա ասել էր, որ կանոններ կան, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատկապես կարևոր են վստահության բարձր մանդատ ստացած քաղաքական մեծամասնության եւ դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար։ Արման Թաթոյանը, սակայն, նաև ընդգծել էր, որ իր համար կապ չունի իշխանության ներկայացուցիչ է, թե հասարակ քաղաքացի, եթե կա բռնության սպառնալիք, եթե կա ատելություն, վիրավորանք, իր համար դա դատապարտելի է․ «Այն, որ ատելությունը, սպառնալիքը, վիրավորանքը տարածքում ունի՝ փաստ է: Տպավորություն է, որ սոցցնցերում մարդիկ բաժանվել են խմբերի ու մրցում են, թե ով ում ավելի շատ կհայհոյի: Ագրեսիան հատկապես տարածվում է կեղծ օգտատերերից ու խմբերից»,-նշել էր Արման Թաթոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։