կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 15:30
Հասարակություն

Միայն մի հարց ունենք՝ դա մեր դիմաց գտնվող թշնամու հետ է. այսօր հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է

Միայն մի հարց ունենք՝ դա մեր դիմաց գտնվող թշնամու հետ է. այսօր հերոս  Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է

Հայրը խնամքով հավաքել և տուն է բերել գնդացրավոր որդու կրակած վերջին փամփուշտների դատարկ պարկուճները

2016թ. ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական սահմանին մղված ամենաթեժ մարտերի ընթացքում թիվ 116 մարտական դիրքում՝ այն նույն խրամաբջջում, որտեղ վերջին պահին իրեն և մոտեցող հակառակորդին նռնակով պայթեցրեց Արցախի երիտասարդ հերոս Ռոբերտ Աբաջյանը, հրազենային և բեկորային ծանր վիրավորումից զոհվեց նաև խիզախ գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանը:

Անդրանիկը ծնողների մինուճար որդին էր, երկու քույրերի ավագ եղբայրը: Մայրը պատմում էր, որ դժվար էր որդու ծնունդը, նա կարծես պայքարելով լույս աշխարհ եկավ և խրոխտ մանչուկին անվանակոչեցին հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում հերոսաբար մարտնչած և ցուցաբերած խիզախության համար բազում կրծքանշանների արժանացած պապիկի անունով՝ Անդրանիկ:

Անդրանիկն օրինակելի որդի էր, հոգատար եղբայր քույրերի համար: Նա շատ էր սիրում ֆուտբոլ և միշտ հանդես էր գալիս թիմի կենտրոնական պաշտպանի դերում՝ լավագույնս իրականացնելով ֆուտբոլի դաշտում իրեն վստահված կարևոր առաքելությունը:

Մեր օրերում շատ ծնողներ հնարավոր և անհնարին ամեն բան անում են իրենց՝ հաճախ անգամ առողջական խնդիրներ չունեցող  որդիներին «շարային ծառայությանը ոչ պիտանի լինելու» պատճառաբանությամբ զինվորական ծառայությունից ազատելու համար, իսկ Անդրանիկի հայրը, չնայած  որդու՝ տեսողության խնդիր ունենալուն, ոչինչ չձեռնարկեց նրան գոնե մարտական հերթապահությունից ազատելու համար, որովհետև Անդրանիկը չթողեց՝ ասելով.  «Պապ, գիտեմ որ դժվար է, ես կգնամ էնտեղ ուր կպատահի, իմ ձեռքով կքաշեմ թուղթն ու հանգիստ խղճով կգնամ ծառայության»:

Արցախում՝ առաջնագծում ծառայելն Անդրանիկի գիտակցված ընտրությունն էր: Նա գնդացրորդ էր, մարտական հերթապահություն էր իրականացնում մի վաշտի կազմում, որը պաշտպանում էր Մարտակերտի կարևորագույն մարտական դիրքերից մեկը: Մի քանի ամիս հետո Անդրանիկը  պետք է  զորացրվեր, վերադառնար տուն և շարունակեր կիսատ թողած գործերը՝ ուսումն ավարտեր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժնում՝ աստիճանաբար  իրագործելով նաև ֆուտբոլային մարզիչ դառնալու իր վաղեմի երազանքը… Բարեխիղճ ծառայության համար Անդրանիկին, որպես խրախուսանք, հերթական անգամ՝ վերջին անգամ, արձակուրդ էին հատկացրել: Գալով իր հայրենի քաղաք՝ Վեդի, նա շտապեց տեսնել բոլոր ընկերներին, պատմել նրանց զինվորական ծառայության, ծառայակից ընկերների մասին՝ հպարտությամբ նշելով, որ ինքը դիրքապահ զինվոր է՝ գնդացրորդ (իր խոսքով՝ ПК-իստ): Մտերիմ ընկերոջ հետ զրույցի ընթացքում ասել էր. «Սիրտս վկայում է, որ այս անգամ գնալու եմ ու էլ  հետ չեմ գալու…»։ Երբ հայրը հորդորել էր որդուն զգույշ լինել, Անդրանիկը պատասխանել էր. «Պապ, դիրքերում մենք կողք կողքի կանգնած ենք՝ իրար թևութիկունք և միայն մի հարց ունենք՝ դա մեր դիմաց գտնվող թշնամու հետ է: Պապ, ինչ էլ լինի, իմացիր՝ ես երբեք թուրքին մեջքով շուռ չեմ գա…»:

Ապրիլի մեկին կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը, որի լավագույն զինվորներից էր  շարքային Զոհրաբյանը, բարձրացավ  116 դիրք՝ մարտական հերթապահության: Հայրը սպասում էր, որ Անդրանիկն ուր որ է կզանգի, կասի, որ հասել են դիրքեր, ամեն ինչ կարգին է, բայց որդուց այդպես էլ զանգ չստացավ… Նույն օրը գիշերը սկսվեցին թշնամու հետախուզախափանարար ներթափանցման փորձերը, որոնք  ուղեկցվում էին հայկական դիքերի հրետակոծությամբ: Ադրբեջանական հատուկ ջոկատայիններն այնպիսի վստահությամբ էին առաջ շարժվում՝ համոզված լինելով, որ հրետանու և ականանետի ռմբակոծությունն արդեն հայ դիրքապահների փախուստի պատճառ կլինի… Մինչդեռ թիվ 116 մարտական դիրքի անձնակազմը  հաջողությամբ հետ մղեց հակառակորդի  գրոհը՝ ցուցաբերելով բացառիկ քաջություն: Թշնամին նահանջեց՝ մարտի դաշտում թողնելով բազմաթիվ զոհեր և վերադասավորվելով՝ իրականացրեց նոր՝ ավելի մեծամասշտաբ հարձակում: Ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակում էր նախապատրաստել արցախա-ադրբեջանական շփման գծի գրեթե ողջ երկայնքով, իսկ 116 մարտական դիրքն իր ռազմավարական կարևոր նշանակությամբ, թշնամու առաջնային թիրախներից էր, հենց այս դիրքը նվաճելով և ճեղքելով՝ հակառակորդը պատրաստվում էր դիրքի տարածքով տանկերի և զորամիավորումների առաջխաղացում դեպի Մարտակերտ, Սեյսուլան: Վաշտի հրամանատար, կապիտան Ուրֆանյանի մարտական ճշգրիտ հաշվարկով խրամաբջջի ձախ հատվածից սկսեցին կրակել հրամանատարն ու գնդացրորդ Քյարամ Սլոյանը, իսկ մյուս թևից կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը և գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանը՝ այդպիսով դաշտն առնելով խաչաձև կրակի տակ: Նրանք համառ ու անվախ մարտ էին վարում: Խրամատի մյուս ծայրից լսվում էր կապիտան Ուրֆանյանի ձայնը. «Ապրես Անդո ջան, հալալա, այ տենց պահիր»,- այսպես էր քաջալերում հրամանատարը Անդրանիկին՝ անվրեպ գնացրորդին… Թշնամին տանկի նշանառության թիրախ դարձրեց այն խրամաբջիջը, որտեղից կապիտան Ուրֆանյանն ու շարքային Սլոյանն էին կրակում, և խոցեց այն: Արկի պայթյունից նրանք զոհվեցին: Հրամանատարին կորցնելով՝ դիրքի ավագ Ռոբերտ Աբաջյանը ստանձնեց մարտի ղեկավարումը և ռադիոհաղորդիչով կապ  հաստատելով գումարտակի հրամանատարի հետ՝ օգնական ուժ պահանջեց, մինչդեռ թշնամու կողմից դիրքերի միջև ընկած ճանապարհահատվածի հրետակոծումը թույլ չտվեց, որպեսզի 116 մարտական  դիրքը  թիկունքային ապահովում ստանա:

Անդրանիկը գիտակցելով, որ Արցախի հյուսիս-արևելյան դարպասի պաշտպանությունն  այդ պահին կախված է բացառապես իր և իր մարտական ընկերոջ դիպուկ կրակից, վերցրեց դիրքը պահող իր ծանր գնդացիրն ու դուրս եկավ պատնեշի վրա բաց կռվի և հերոսաբար վարեց իր վերջին մարտը՝    պարպելով գնդացրի ավելի քան երեք ցինկե արկղ փամփուշտ: Հայտնվելով թշնամու տեսադաշտում՝ խիզախ գնդացրորդը ծանր վիրավորվեց: Աբաջյանը վիրավոր  ընկերոջը հասցրեց մինչեւ վերջին խրամախորշ, մինչդեռ հրազենային և բեկորային ծանր վիրավորում ստացած հերոս գնդացրորդը զոհվեց՝ այդպես էլ չտեսնելով կյանքի գնով պահած իր դիրքի արևածագը…

Ռոբերտ Աբաջյանն առավոտյան ժամը 6:40 կապ է հաստատում գումարտակի հրամանատարի հետ և հայտնում, որ Անդրանիկն այլևս չկա… Ինքը մենակ է մնացել, և իր մոտ եղած վերջին նռնակով կպայթեցնի իրեն ու մոտեցող հակառակորդին, բայց չի հանձնվի, և հորդորում իր ընկերների արյամբ ներկված այդ դիրքը չհանձնել… Լուսաբացին թշնամուն հաջողվեց դիտակետերը շրջանցելով ներթափանցել դիրք… Ռոբերտ Աբաջյանը զոհվեց՝ իր հետ պայթեցնելով նաև հակառակորդի հատուկ ջոկատայիններին: Ադրբեջանական զորքը գրավեց 116 մարտական դիրքը, սակայն ժամեր անց հայ մարտիկներին հաջողվեց վերադարձնել հերոսների կյանքի գնով պահված դիրքը:

Օրեր շարունակ Անդրանիկի մասին ծնողները հստակ լուր չունեին, բոլոր այն հուսադրող խոսքերին, թե  միգուցե Անդրանիկն ինչ-որ տեղ թաքնվել է, հայրը հակադարձելով պատասխանում էր. «Որդիս փախչող չէ, նրան հետևում չփնտրեք»: Մեկնելով  Մարտակերտ, խոսելով մարտական ընկերների, հրամանատարների հետ և համադրելով ստացված տեղեկությունները՝ Ատոմ Զոհրաբյանն ասաց. «Որդուս  փնտրեք միայն առաջնագծի տղաների մեջ»։

Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ չեզոք գոտում գտնվեց և ընտանիքին հանձնվեց  շարքային Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը…

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ արիության և անձնազոհության համար Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահի  հրամանագրով հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Անցել է արդեն չորս տարի։ Ատոմ Զոհրաբյանն ապրում է կորստի անսփոփ ցավով և հպարտության զգացումով, որ որդին իր զինակից ընկերների հետ հերոսաբար պայքարեց մարտական դիրքը թշնամուն չհանձնելու համար: Նա հաճախ է այցելում 116 մարտական դիրք առաջնագծում ծառայող մեր զինվորներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մաղթում և նրանց հետ հիշում  մարտի դաշտում ընկած բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը  զոհաբերեցին այդ հողի համար: Զրուցելով հրամանատարների և դիրքապահ զինվորների հետ՝ Ատոմ Զոհրաբյանն ամեն անգամ նոր մանրամասներ է իմանում որդու հերոսական արարքների մասին և ինքն իրեն կրկնում. «Այո, ինչ էլ լիներ, իմ որդին չէր նահանջի…»: Դիրքի այն պատնեշի վրայից, որտեղից Անդրանիկն իր   վերջին մարտն էր վարել, հայրը խնամքով հավաքել և տուն է բերել գնդացրավոր որդու կրակած վերջին փամփուշտների դատարկ պարկուճները և մի բուռ հող այն խրամաբջջից, որտեղ խիզախ մարտիկներն իրենց կյանքի վերջին րոպեներն են անցկացրել, ու պահում է որպես մասունք: Նա խնամքով պահում է նաև հերոս որդու մարտական զրահաբաճկոնը՝ նրան խոցած մահացու փամփուշտների ու բեկորների անցքերով…

Կյանքի վերջին ժամերը խրամատում միասին անցկացրած հերոսների ծնողներին մտերմացրել է կորստի համընդհանուր ցավը: Նրանք հաճախ են միմյանց հետ կիսում որդիների մասին այնքան թանկ հիշողությունները:

Ըստ մասնագետների դիտարկումների՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող թիվ 116 մարտական դիրքի զինվորների հերոսական պայքարի շնորհիվ 2016 թ. ապրիլի 2-ին Մարտակերտը խուսափեց տարածքային առավել մեծ կորուստներից…

Հերոսների սխրանքի գաղտնիքը հին ու անմեկնելի է: 19 ամյա զինվորները գիտակցաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենի եզերքի պաշտպանության՝ իրենց սխրանքով կերտելով հայ ժողովրդի հաղթական պատմության նորագույն էջը:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ