Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ժորա Եսայանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան, հայտնում է «Արցախպրես»-ը:
Ժորա Եսայանը ծնվել է 1996 թ.-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: 2003-2011 թթ. սովորել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի միջնակարգ դպրոցում։ Նախքան բանակ զորակոչվելը զբաղվել է քիքբոքսինգով և թեքվոնդոյով։ 2015 թ. հունվարի 23-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես գնդացրորդ։
Ժորան զոհվել է 2016 թ․-ի ապրիլի 2-ին՝ Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ համածառայակիցներ սերժանտներ Ադամ Սահակյանի, Կարեն Ներսիսյանի, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանի, շարքայիններ Բարիս Օզմանյանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան Բերակչյանի, Անդրանիկ Գրիգորյանի հետ միասին։
Վերջիններիս հետ մեկտեղ զոհվել են նաև օգնության հասած փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Ռոման Պողոսյանը, Օնիկ Գրիգորյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։