Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Խալաֆյանի ծննդյան օրն է. նա կդառնար 52 տարեկան, գրում է «Արցախպրես»-ը:
Սարգիս Խալաֆյանը ծնվել է 1967 թ.-ին Երևանում: 1974-1984 թթ սովորել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում: Ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 20 արհեստագործական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն: 1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Որպես կամավոր՝ 1990-ականներին նույնպես մասնակցել է Արցախյան ազատամարտին, որից վերադարձել է երկրորդ կարգի հաշմանդամությամբ:
2016թ.-ի ապրիլին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ակտիվորեն մասնակցել մարտական գործողություններին՝ ցուցաբերելով խիզախություն և արիություն: Զոհվել է ապրիլի 4-ին մարտական դիրքը պաշտպանելիս:
Մերօրյա հերոսը «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Փառապանծ մարտիկ» մեդալով, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից՝ «Ազատամարտիկ» մեդալով, «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից՝ «Հայոց արծիվ» մեդալով, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կողմից՝ «Մեծն Տիգրան» մեդալով, ստացել «Արաբո» հուշամեդալ: 2006 թ.-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: 2008 թ.-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով: Նույն տարում պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Հ․Ք․ Բաղրամյանի անվան» մեդալով:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով: