Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է. նա կդառնար 22 տարեկան, հայտնում է Արցախպրես-ը:
Արթուր Գևորգյանը ծնվել է 1997 թ.-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Սովորել է Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում: Սիրում էր նկարել: Ուսումն ավարտելուց հետո մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն` աշխատելու նպատակով: 18 տարին լրանալուց հետո վերադարձել էր հայրենիք ու անցել ծառայության:
2016 թ.-ին Արթուրը մասնակցել է Ջրականի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Ապրիլի 3-ի լույս ապիլի 4-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ, ընկել է հերոսի մահով:
Նրա հաճախած դպրոցի դասարանում հատուկ անկյուն է պատրաստվել Արթուրի համար, որտեղ զարդարել են նրա ձեռքով պատրաստված պաստառներով, ձեռքի աշխատանքներով և նկարներով:
Արթուր Գևորգյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով: