Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի` 1965 թվականի Բ-Դ համարում տպագրված` 1913-1916 թթ. Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին: Որպես ականատես` հետագայում իր գրած աշխատություններում նա բազմիցս անդրադարձել է Ցեղասպանության հիմնական դրդապատճառներին ու հետևանքներին: Սույն հոդվածն աոաջին անգամ հրապարակվել է ամերիկյան «The Red Crօss» հասարակական հանդեսի 1918 թվականի համարում, այնուհետև Փարիզում` ֆրանսերեն լեզվով` առանձին գրքույկով: Ֆրանսերենից այն թարգմանել է Վ. Տ. Գևորգյանը: Սկիզբը` այստեղ:
Դժոխային վայրագություններ
Վերջին և ամենասարսափելի միջոցը, որ գործադրվեց հայերի հանդեպ, եղավ ամբողջ բնակչության զանգվածային ու բռնի տեղահանությունը։ Խլելով իրենց օճախներից, հայերին աքսորեցին դեպի հեռավոր անապատները, ենթարկելով նրանց ամեն տեսակի ոճիրների։ Որևէ կարգադրություն չէր նախատեսվել աքսորյալներին փոխադրական միջոցներով ու սննդամթերքով ապահովելու համար։ Այս դժբախտները, որոնց թվում գտնվում էին զարգացած մարդիկ, ազնվական կանայք, գնում էին հետիոտն, ենթարկվելով նախօրոք կազմակերպված ոճրագործ ավազակախմբերի խոշտանգումներին։ Տները, բառի բուն առումով, կողոպտվել էին, միևնույն ընտանիքի անդամներին իրարից բաժանել ու ցիրուցան էին արել, տղամարդկանց սպանել էին, իսկ կանանց ու երիտասարդ աղջիկներին ճանապարհին առևանգել կամ քշել էին հարեմները։ Երեխաները գցվել էին ջուրը կամ, իրենց իսկ մայրերի ձեռքով, վաճառվել էին օտարականներին` սովամահությունից փրկելու համար։ Ականատես վկաների կողմից, որոնք արժանի են բացարձակ հավատի, դեսպանատան ուղարկված զեկուցագրերում նկարագրված փաստերը գերազանցում են մարդկային պատմության մեջ երբևէ իրագործված կամ երևակայված ամենագազանային ու ամենադժոխային բարբարոսություններին։ Թուրքական իշխանությունները փակել էին նահանգների և մայրաքաղաքի միջև գոյություն ունեցող բոլոր տեսակի հաղորդակցության միջոցները այն միամիտ հույսով, որ արտասահմանյան երկրները, այսպիսով, անտեղյակ կարող են մնալ երկրի ներսում կատարվող ոճիրներին։ Սակայն այդ տեղեկությունները հյուպատոսներին հասան քարոզիչների, օտարերկրյա ճանապարհորդների և նույնիսկ իրենց` թուրքերի խողովակով։ Շուտով հայտնի դարձավ, որ կառավարիչներին հրամայվել էր երկրից աքսորել բոլոր հայ բնակիչներին, որոնք գտնվում էին իրենց սահմաններից ներս, առանց սեռի ու տարիքի խտրականության։ Տեղական պաշտոնյաները, գրեթե առանց բացառության, ամենայն ճշտությամբ կատարեցին այս հրահանգները։ Բոլոր հայ պիտանի տղամարդիկ, ամբողջապես զինաթափված, կանչվեցին զինվորական ծառայության, իսկ մնացյալները` ծերեր, կանայք ու երեխաներ, մատնվեցին ամենասոսկալի ու ամենազարհուրելի վայրագություններին։
Կոտորածների վերաբերյալ դեպքերը խնամքով հիշատակելու նպատակով, ես առիթ ստեղծեցի ականատես վկաներից հավաքել բառացիորեն ճշգրիտ տեղեկություններ, որոնք հաստատում էին ստացված զեկուցագրերի իսկությունը։ Այդ զեկուցագրերը իրենց մեջ պարունակում են ամեն դասի պատկանող փախստականների, քրիստոնյա քարոզիչների և այլ բազմաթիվ վկաների պատմածները։ Դրանց ամբողջությունը կազմում է մի ընդհանուր ատենագրություն հայկական նախճիրի տարբեր փուլերի մասին և հանդիսանում է, անկասկած, համայն մարդկության դատապարտության խոսքը ուղղված այդ ճիվաղ մարդասպաններին։ Այդ փաստաթղթերից մի ստվար ծավալ, լուսաբանված ուժեղագույն ապացույցներով, հրատարակվել են արդեն դերկոմս Բրայսի կողմից լույս ընծայված մի սքանչելի աշխատությունում։ Տեղի սահմանափակության պատճառով, այդ հոյակապ գրքից, ես կարող եմ այստեղ վերարտադրել միայն մի վավերագիր։ Զարմանալին այն է սակայն, որ այս զեկուցագիրը ինձ տվել է մի գերմանացի քարոզիչ, և ես այն թղթին եմ հանձնել անմիջապես հենց դեսպանատանը.
«Շատ հաճախ մենք չգիտեինք ուր պատսպարվել: Բոլոր կողմերից շրջապատված էինք այնպիսի հարևաններով, որոնք ամեն րոպե կարող էին մեզ գնդակոծել լուսամուտներից, մանավանդ գիշեր ժամանակ: Հիվանդապահուհին ու ես քնում էինք հատակին` հրացանի գնդակներից պաշտպանվելու համար: Որբանոցի պատերը ծակծկվել էին թնդանոթի հարվածներից: Եu հարկադրվեցի որբերին մենակ թողնել: Կառավարական մի նոր հրամանի համաձայն, մենք պետք է հանձնեինք տեղական իշխանություններին բոլոր նրանց, մեծ կամ փոքր, որոնք գտնվում էին մեր հաստատություններում: Իմ բոլոր թախանձանքներն ու բողոքները մնացին անհետևանք: Պատվո վրա երդում անելով ինձ վստահեցրին, որ խնամքով էին վերաբերվելու որբերի հետ մինչև նրանց Ուրֆա հասցնելը: Այն ժամանակ ես հարկադրվեցի դիմել կառավարչին: Նա կանգնած էր մի թնդանոթի մոտ և իրեն պահում էր ինչպես մի ընդհանուր հրամանատարի: Նա չուզեց անգամ ինձ լսել. նա դարձել էր մի իսկական հրեշ: Գեթ երեխաներին խնայելու համար իմ արած թախանձանքներին նա պատասխանեց. «Այնուամենայնիվ, դուք հոմ չե՞ք կամենում, որ հայ երեխաները մենակ մնան մահմեդականների միջև: Պետք է, որ նրանք էլ մեկնեն մյուսների հետ»: Նա մեզ թույլատրեց պահել միայն երեք աղջիկների, այն էլ որպես սպասուհիների:
Նույն օրվա կեսօրից հետո ես ստացա առաջին տեղեկությունները այն սոսկալի եղելությունների մասին, բայց ես կատարելապես հավատ չընծայեցի դրանց: Այդ աոաջին լուրերը ստացել էին մի քանի հայ ջաղացպաններ ու հացագործներ, որոնց ծառայությունը դեռևս անհրաժեշտ լինելով կառավարությանը, մնացել էին իրենց տեղերում: Ասում էին, որ տղամարդկանց միմյանց կապելուց հետո, գնդակահարել էին քաղաքի պատերից այն կողմ: Կանանց ու երեխաներին քշել էին մոտակա գյուղերը ու հարյուրներով տներում տեղավորելուց հետո, կենդանի վիճակում այրել էին, իսկ մնացյալներին էլ նետել էին ջուրը: Մեր շենքերը գտնվում էին քաղաքի գլխավոր թաղամասում, և այդ պատճառով լուրերը մեզ հասնում էին կարճ ժամանակում: Մի քիչ ավելի ուշ, փողոցներում արդեն կարելի էր տեսնել կանանց ու երեխաների՝ արյունաթաթախ ու ողբալի վիճակում... ո՞վ կարող է նկարագրել այդ տեսարանը, եթե դրան ավելացնենք նաև հրդեհված տների տեսքը ու այրված դիակների գարշահոտությունը:
Մի շաբաթվա ընթացքում գործը գրեթե ավարտված էր: Սպաներն այժմ պարծենում էին իրենց քաջագործությամբ, որ այդքան հաջող կերպով կարողացել էին բնաջնջել ամբողջ հայ ժողովուրդը: Երեք շաբաթ անց, երբ մենք հեռանում էինք Մուշ քաղաքից, գյուղերը դեռ վառվում էին: Հրամայված էր`քաղաքում ու գյուղերում ոչինչ չթողնել հայերի ունեցվածքից:
Միայն Մուշ քաղաքում ապրում էին 25 000 հայեր: Բացի դրանից, քաղաքի շրջակայքում կային 300 բազմամարդ հայկական գյուղեր:
Մենք մեկնեցինք Մեզրե: Զինվորները, որոնք ուղեկցում էին մեզ, հպարտությամբ էին ցույց տալիս, թե որտեղ, ինչպես և որքան կանանց ու երեխաների էին սպանել նրանք:
Միակ մխիթարական երևույթը, որի մասին կարելի է ասել, դա այն էր, որ հասնելով Խարբերդ, մենք տեսանք, որ որբանոցները լեցված էին հայ երեխաներով: Մամուրետ- ուլ-Ազիզը վերածվել էր մի մեծ հայկական գերեզմանոցի: Տարբեր նահանգներից բոլոր հայերին քշել-բերել էին այդտեղ, և նրանք, ովքեր չէին կորչել ճանապարհին, հասնում էին Մամուրետ-ուլ-Ազիզ, իրենց գերեզմաններն այդտեղ գտնելու համար:
Ավելի սոսկալի, քան միջնադարյան չարչարանքները
Մի այլ սարսափելի բան, որ տեղի ունեցավ Մամուրետ-ուլ-Ազիզում, դա եղավ այն, որ թուրքերը, երկու ամիս շարունակ, գազանաբար խոշտանգեցին անմեղ ու խաղաղ հայ ընտանիքներին: Մարդկային ոտքեր, ձեռքեր և մարմնի պատառոտված այլ անդամներ մեխել էին տախտակների վրա: Աքցաններով քաշում էին զոհյալների մատներն ու եղունգները, մորուսն ու հոնքերը: Ինչպես ձիերին, գամերով պայտում էին նրանց ոտքերը, իսկ շատերին, գլխիվայր վիճակում, կախել էին արտաքնոցների պատերից...
Ա՜խ, որքա՜ն պիտի ուզեինք, որ այդ ամենը ճիշտ չլինեին: Խուժանը, հավաքված բանտերի շուրջը, ուր գործվում էին այդ գազանությունները, թմբկահարում էին կամ սուլոցներով աղմուկ բարձրացնում, որպեսզի դրսի բնակչությունը չլսի զոհերի մահվան վերջին աղաղակները:
Հուլիսի 1-ին 2 000 մարդ տեղահանվեցին Խարբերդից: Դրանք զինվորներ էին, և ասում էին, որ դրանց տանում են ճանապարհների վրա աշխատեցնելու: Բնակչությունը մատն ված էր սարսափի: Սրա վրա, կուսակալը իր մոտ կանչեց գերմանացի քարոզիչ Մ-ին և խնդրեց նրան հանգստացնել բնակչությանը, ասելով, որ ինք ևս սաստիկ վշտացած է տեսնելով ժողովրդի ապրած վախը, և այլն և այլն: Այդ քշվածները դեռ հազիվ էին մի օրվա ճամբա անցել, երբ բոլորը սպանվեցին լեռան կիրճում: Նրանք կապված են եղել միմյանց, և երբ քրդերն ու թուրք զինվորները վրա են հասնում ու սկսում ջարդը, նրանցից մի քանիսին, օգտվելով գիշերվա խավարից, հաջողվում է փախչել: Հաջորդ օրը, 2 000 այլ մարդիկ ուղարկվեցին Դիարբեքիրի ուղղությամբ: Այս աքսորյալների մեջ գտնվում էին բազմաթիվ մեր որբ տղաներից, որոնք ամբողջ տարին աշխատել էին հօգուտ կառավարության: Նույնիսկ քուրդ կանայք, դանակներով զինված, մասնակցում էին հայերի կոտորածին: Նրանցից մի քանիսին հաջողվեց փախչել: Երբ կառավարությունն իմացավ այդ մասին, բոլոր քշվողներին երկու օրով զրկեց հացից, փախչելու համար անզոր դարձնելու նպատակով:
Բարձր դասի բոլոր հայ կաթոլիկները իրենց արքեպիսկոպոսի հետ միասին սպանվեցին: Մնացել էր միայն առևտրականների մի խումբ, որոնց կառավարությունը դեռևս պետք ուներ, և այս իսկ պատճառով տակավին չէին տեղահանվել, բայց նրանք ևս հրաման ստացան մեկնելու և մյուսների նման ճանապարհին սպանվեցին»:
Ինչպես զոհերի քանակությամբ, այնպես էլ նրանց հանդեպ գործադրված միջոցներով հայերի այս սպանդը, պատմության մեջ հիշատակված բոլոր տեսակի ջարդերից, եղել է ամենասոսկալին։ Հաճախ հարց է ծագում, թե կրակի, սովի ու անմարդկային վերաբերմունքի պատճառով ինչքա՜ն հայեր ենթարկվեցին մահվան ու դեռ ինչքան հայեր թշվառության մեջ կորան աքսորի ճամբաներում: Լորդ Բրայսի կողմից հավաքված կարևոր վավերագրերի վերջում կա մի կատարյալ ամփոփում այդ եղելությունների մասին։ 1912-ին, օսմանյան կայսրության մեջ ապրող հայերի թիվը գնահատված է այստեղ 1 600 000-ից մինչև 2 000 000։ Այս թվից 182 000 հայեր գաղթել են ռուսական Կովկաս և 4 200 հոգի` Եգիպտոս։ 150 000 հայեր դեռևս մնում են Կոստանդնուպոլսում։ Այս թվերին պետք է ավելացնել նաև կենդանի մնացածների համեմատաբար շատ աննշան թիվը, որոնք ցրված և թաքնված են հեռավոր նահանգներում։ Հետևաբար մենք կարող ենք եզրակացնել, որ 1 000 000 հայեր խլվել են փոքր Ասիայի բազմամարդ քաղաքներից ու գյուղերից։ Սպանվածների թիվը հասնում է 600 000-ից մինչև 800 000-ի։ Նրանք, ովքեր հրաշքով մնացել են կենդանի, գտնվում են ամենախղճալի վիճակում, ամբողջապես զուրկ կյանքի անհրաժեշտ պետքերից և պաղատագին ձեռք են երկարում Ամերիկայում ապրող իրենց քրիստոնյա եղբայրներին։
Գերմանիայի կանխամտածված ոճրագործությունը
Այժմ մենք խոսելու ենք մի շատ ցավալի նյութի շուրջ։ Գերմնական կառավարությունն արդյո՞ք պատասխանատու է հայկական կոտորածների ու աքսորների համար։ Թույլ տվեք ինձ ամենաբացահայտ կերպով հայտարարելու, որ գերմանական կառավարությունը, եթե կամենար, կարող էր այդ արգելել։ Իմ բոլոր ամենաեռանդուն ու համառ ջանքերը, արթնացնելու գերմանական դեսպան պարոն Վանգենհեյմի տրամադրությունը ի նպաստ հայերին, անցան ապարդյուն։ Նրա հետ ունեցած բազմաթիվ հանդիպումների ժամանակ ես փորձեցի նրան համոզել, որ ողջ աշխարհը բարոյապես պատասխանատու կգտներ Գերմանիային իր դաշնակցի կողմից գործադրված ոճիրների համար։ Ես համառ կերպով պնդում էի` ասելով նրան, որ նույնիսկ տնտեսական տեսակետից Գերմանիայի օգտին չէր, որ թուրքերը ոչնչացնեն երկրի ամենակարևոր տարրին, որ դրա հետևանքով առաջ կգար օսմանյան կայսրության տնտեսական կործանումը, որ, նաև, այն դեպքում, երբ Գերմանիային հաջողվի դառնալ Թուրքիայի տերը, նա այդտեղ ոչինչ չէր կարող գտնել, բացի դատարկ կեղևից։ Իսկ երբ նկատեցի, որ իմ բերած պատճառաբանությունները մնում են անլսելի, ես հարկադրվեցի դիմել իմ կառավարության, որ նա ճնշում բանեցնի Բեռլինում արտաքին գործերի պաշտոնատան վրա, որպեսզի համապատասխան հրահանգներ տրվեն Կոստանդնուպոլսում գտնվող գերմանական դեսպանին` վերջ տալու կոտորածներին։ Միակ արդյունքը, որ ստացվեց դրանից, եղավ այն, որ գերմանական դեսպանը մի հուշագիր ուղարկեց Դռանը, բողոքելով թուրքերի կողմից գործադրված գազանությունների դեմ։ Այս հուշագրով, գերմանական կառավարությունը նպատակ ուներ պարզապես ազատվել որևէ պատասխանատվությունից։ Գործնականում, այն ոչ մի ազդեցություն չէր ունենալու։ Ես նվազագույն կասկածն իսկ չունեմ, որ գերմանական կառավարությունը կարող էր, հենց սկզբից ևեթ, կանխել այդ արհավիրքները։
Եզրակացություն
Հնարավոր չէ, առայժմ, հայկական հարցի համար ձևակերպել մի վերջնական լուծում։ Սակայն մի բան աներկբա է, որ հայերը պետք է ազատվեն թուրքական լծից։
Ինձ համար անսպասելի է, որ Եվրոպայի ու Ամերիկայի 400 000 000 քրիստոնյաները այս անգամ ներեն թուրքական կառավարության կողմից գործադրված այս վայրագությունները։ Արդյո՞ք նրանք, Գերմանիայի նման, կբռնեն թուրքի արյունլվա ձեռքը, կներեն ու կպարգևատրեն նրան, ինչպես այդ արեց Վիլհելմը` սուլթանին շնորհելով իր ամենաբարձր պատվի շքանշանները։ Արդյո՞ք, այս սարսափելի արարքները, դժոխային չարչարանքները, կանանց արգելափակումը հարեմներում, անմեղ, երիտասարդ աղջիկների հափշտակումն ու նրանցից շատերի չորս ֆրանկով վաճառքը, հարյուր հազարավոր մարդկային էակների սպանդը և այլ հարյուր հազարավոր հայերի աքսորը անապատներում, ուր նրանք ոչնչացան սովամահությունից, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի կործանումը, վերջապես, Թուրքիայի հայ, հույն, սիրիացի քրիստոնյաներին ոչնչացնելու կանխամտածված ու դժոխային այս ծրագրի գործադրումը, արդյո՞ք այս բոլոր եղեռնագործությունները, ի վերջո, մնալու են անպատիժ։ Մի՞թե թույլ ենք տալու թուրքերին, ի՜նչ եմ ասում, մի՞թե մեր երկչոտությամբ քաջալերելու ենք նրանց` շարունակելու իրենց տիրապետության տակ գտնվող քրիստոնյաների հետ վերաբերվել որպես «անհավատ շներ»-ի։ Թե՞ հակառակը, առանց ուշացման, ոչինչ չենք խնայելու` թուրքերի ճիրաններից ազատագրելու համար այս հնամյա, քաղաքակրթված ու լուսավոր քրիստոնյա ժողովուրդներից ողջ մնացածներին։
Փարիզ, 1918