կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-18 12:27
Քաղաքական

Պատմության դասերը և 2020 թ. աշնան աղետի պատճառներն ու պատասխանատուն (մաս 2-րդ)

Պատմության դասերը և 2020 թ. աշնան աղետի պատճառներն ու պատասխանատուն (մաս 2-րդ)

Իրենց իշխանավարման ընթացքում նոր ուժերն ամեն ինչ արեցին պետական կառույցների արժեքը գցելու, պետական կառավարման համակարգն անգործունակ ու անբան դարձնելու, հետևաբար պետականության գաղափարը նսեմացնելու, ժողովրդի հավատն առ պետականությունը և այն մարմնավորող պաշտոնեությունը զրոյացնելու համար: Այսպես՝ պետական բարձրագույն պաշտոններում (նախարարներ, փոխնախարարներ, քաղաքապետներ, պատգամավորներ) նշանակվեցին գերազանցապես մարդիկ, որոնք չունեին աշխատանքային լուրջ կենսագրություն, բավարար աշխատանքային փորձ, աննշան իսկ ներդրում երկրի զարգացման գործում, համապատասխան կարողություն ու կրթություն, պատկերացում իրենց տնօրինությանը հանձնվող ոլորտների մասին: Կրթության ոլորտի մասին պատկերացում չունեցողը կարող էր նշանակվել նախարար, դերասանը՝ քաղաքապետ, վարսահարդարը՝ վարչապետի օգնական և այլն: Կարևորն այն էր, որ նշանակվող պաշտոնյան լիներ կուսակցություն անվանվող խմբակի անդամ կամ ուղղակի իրենց մարդը և/կամ սերտած լիներ, ըստ էության, արևմտյան տարբեր ուժերի պահանջները կամ ստրկամտորեն ծառայեր նրանց։ Անձնականն ու խմբակայինը վեր դասվեցին պետության ու ժողովրդի շահերից: Դա ծանրագույն հարված հասցրեց պետությանը, պետականության գաղափարին, պետական բարձրագույն և ստորին պաշտոնյաների հեղինակությանը։

Անտեսվեցին միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական ու տնտեսական մարտահրավերները, որոնք մեծապես սպառնում էին Հայաստանի անվտանգությանը։ Փոխանակ ավելի ճկուն գտնվելու, որակական նոր մակարդակի բարձրացնելու հարաբերությունները տարածաշրջանում թիվ մեկ դերակատար, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաև մեր երկրի համար «կյանքի ճանապարհի» դեր կատարող, մեր միակ բարեկամ հարևան երկիր Իրանի հետ՝ Հայաստանի նորելուկ իշխանությունն իր վարած անհասկանալի, սեփական երկրի համար վնասարար, քաղաքականությամբ փաստացի Հայաստանին զրկեց դաշնակիցներից: Հայաստանը տարածաշրջանային սուբյեկտից վերածվեց օբյեկտի։

Զրոյացվեցին Արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ մեր ունեցած ձեռքբերումները, կարծես թե ամեն ինչ արվեց հայության համար ճակատագրական նշանակություն ունեցող այդ հարցում մեզ խոցելի դարձնելու համար: Կարծում ենք՝ այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը Արցախի խնդրի շուրջ բանակցությունները սկսում է զրոյից՝ իր կետից, նախ պետք է պայմանավորվել կարգավիճակի շուրջ, և եթե դրա համար անհրաժեշտ լինի պատերազմել, կպատերազմենք ու կհաղթենք: Բնականաբար, դա բացասական ազդեցություն ունեցավ միջազգային կառույցների և տերությունների վրա: Որպես հետևանք` Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ: Գուցե այդ արտահայտությունների մեջ մեզ վնասելու դիտավորություն չտեսնեինք, եթե նրա կողմից ձեռնարկվեին քայլեր` Հայաստանը հզորացնելու համար, սակայն, այս առումով ևս ցուցաբերվեց անհոգություն ու անպատասխանատվություն:

Պետության ու պետականության գաղափարին, պետական պաշտոնյայի կողմից իր պարտականությունների կատարմանն ու պատասխանատվության ընկալմանը հասցվեց ծանրագույն հարված։ Այդ առումով թերևս զազրելի է հատկապես այն, որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացվեց 2008 թ. մարտի 1-ին Հայաստանի սահմանադրական կարգը պաշտպանած երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, որից հետո նա ձերբակալվեց: Վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանն այդ հարցով երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքը որակեց հակասահմանադրական:

Կաշառակերության և անարդարության դեմ պայքարի, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու լոզունգներով իշխանության եկած խմբակն էական քայլեր չարեց այդ ուղղությամբ: Փոխարենը արտաքուստ օրինական եղանակով բռնեց անձնական հարստացման ուղին: Առանց աշխատանքում դրական լուրջ արդյունքներ արձանագրելու՝ վերջինս բարձրացնում էր իր ներկայացուցիչների աշխատավարձերը և շարունակ սահմանում հսկայական պարգևավճարներ կամ հավելավճարներ: Բնականաբար, այդ կեցվածքը գցում էր իշխանության վարկը ժողովրդի շրջանում, մեծացնում անտարբերությունը պետության նկատմամբ։

Իշխանության եկած խմբակը, ամբոխահաճո դատարկ քարոզչությանը զուգահեռ, քայլ առ քայլ քայքայում էր ազգային համերաշխությունը: Նախանձելի հետևողականությամբ ու ջանասիրությամբ հասարակությունը պառակտվում էր սև նախորդների և անորոշ ու անդեմ սպիտակ ներկաների։ Վերջինների թվում ընդգրկվեցին իրենք և լռությամբ իրենց ծառայող միամիտներն ու շահամոլները, հիմնականում սորոսականները, որոշ չափով նախկին ՀՀՇ-ականները կամ նրանց հարազատները։ Նախորդների հետ հաշվեհարդար տեսնելու, անհնազանդներին ասֆալտին պառկեցնելու մասին պետական գործչին անհարիր կոչերի ներքո կատաղի պայքար ծավալվեց Արցախյան երկրորդ պատերազմի հերոսների, մասնակիցների, ազգային արժեքների, հատկապես ազգային գաղափարաբանության դեմ: Պետական բարձրագույն ատյաններում պաշտոններ ստացած անձինք դրսևորում էին փողոցային կենցաղավարություն, մտածողություն, նույնիսկ Հայաստանի խորհրդարանում և կառավարության նիստերում օգտագործում էին փողոցային լեքսիկոն ու անհավասարակշիռ կեցվածք, անում անպատասխանատու և սուտ հայտարարություններ, նույնիսկ վիրավորում իրենց կուսակցական գծից երբեմն շեղվող անձանց, այդ թվում և` կանանց: Հայհոյանքը, այլակարծության կոպիտ մերժումը դարձան ընդունված երևույթներ: Խոր ատելություն սերմանվեց կառավարող խմբի հայացքներից տարբեր կարծիք արտահայտողների նկատմամբ:

Հայաստանում պետական հովանավորության տակ վերցվեց և լայնածավալ ու բացահայտ բնույթ ստացավ հայության ոչնչացմանը ձգտող Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության թուրքասիրական մահաբեր քարոզչությունը: Ամեն ինչ արվեց` մոռացության մատնելու թուրքերի ու ադրբեջանցիների կողմից իրականացված հայության պարբերական կոտորածներն ու թալանը: Ամեն կերպ անտեսվեցին ու անարձագանք մնացին հայկական տարածքների, այդ թվում և` Երևանի վերաբերյալ թուրք-ադրբեջանական հավակնոտ հայտարարությունները: Իշխանությունը որդեգրել էր իրեն ենթակա լրատվամիջոցների միջոցով ժողովրդի զգոնությունը թմրեցնելու դավադիր գործելակերպ: Պատկերը նույնն է նույնիսկ այսօր, երբ Ադրբեջանը զավթել է Արցախի մեծ մասը, Սյունիքի մի մասը, դաժանաբար սպանել է գերության մեջ գտնվող հայ զինվորականներին, նույնիսկ քաղաքացիական անձանց, այդ թվում` ծերերին ու հաշմանդամներին, և ամեն րոպե նոր հավակնություններ է դրսևորում Հայաստանի տարածքների և ազգային ժառանգության նկատմամբ։ Հայաստանի պետական իշխանությունը յուրացրած ուժերը խոսում են Ադրբեջանի տարածքով՝ մերձկասպյան շրջաններով, Ռուսաստանի հետ կապվելու ինչ-որ ցնորական ծրագրի մասին, իսկ իրականում մտորում են Սյունիքի տարածքով Ադրբեջանին հաղորդակցության ուղիներ տրամադրելու գնով Թուրքիայի հետ տնտեսական կապերի հաստատման մասին, ինչը միանշանակորեն աղետաբեր կլինի Հայաստանի համար:

Առանց այն էլ ոչ այդքան բարվոք վիճակում գտնվող տնտեսությունը քայքայվեց, ազգային-պետական սուղ միջոցներն օգտագործվեցին անարդյունավետորեն և մսխվեցին: Ասվածի խոսուն ապացույցներն են եկամտահարկի հավասարեցումը, պետական բյուջեից կենսաթոշակային կուտակային համակարգին հսկայական միջոցների մշտական հատկացումները, հայկականի ու Հայաստանի հետ որևէ կապ չունեցող, տարաբնույթ անմիտ կամ վնասակար միջոցառումների ֆինանսավորումը, աշխարհում երևի թե նախադեպը չունեցող պարգևավճարների կամ հավելավճարների հաճախականությունն ու չափերը, պետական պատասխանատու պաշտոններում հայտնված մարդկանց աշխատավարձերի աննախադեպ, երբեմն գաղտնի բարձրացումը և այլն: Որպես արդյունք` երկրի բյուջեն կրճատվեց միլիարդավոր դրամներով, իսկ մի զգալի մասն էլ փոշիացվում է: Բավական է նշել, որ 2018-2020 թթ. ընթացքում տրված պարգևավճարների ընդհանուր չափը հասնում է մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի։
Գիտության ու կրթության ճակատագիրը հայտնվեց գիտությունից անհասանելի հեռավորության վրա գտնվողների ձեռքում: Մանրադիտակն աստղադիտակից չտարբերող մարդը զբաղվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակմամբ, որն ուղղված է նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմաքանդմանը [14], ինչը չէր հաջողվել անել երկրի առաջին նախագահի օրոք:

Ամենից զազրելին ու դատապարտելին այն է, որ ցուցաբերվեց անտարբերություն Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր հայկական բանակի նկատմամբ: Մի կողմ թողնվեցին ռազմավարական նշանակության խնդիրները՝ բանակի կազմակերպական համակարգի կատարելագործումը, զինումը կամ համալրումը արդիական նոր զինատեսակներով, ռազմական արդյունաբերության իրական զարգացումը: Պետական ամենաբարձր մակարդակով մերժվեցին ԱԹՍ-ներն ու հետախուզական արբանյակները, որոնք անհամեմատ կմեծացնեին հայոց բանակի ուժը՝ մարտավարական ու ռազմավարական կարողությունը: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 2019 թ. գտնում էր, որ Հայաստանին պետք չեն արբանյակներ՝ լավ իմանալով, որ Ադրբեջանն ունի հետախուզական արբանյակներ [15]: Այնինչ հետախուզական արբանյակի միջոցով հնարավոր կլիներ թշնամու ԱԹՍ-ների շարժը ուղիղ ռեժիմով տեղորոշել և տեղեկացնել հայկական ՀՕՊ-ին, որն էլ ավելի արդյունավետորեն և քիչ վնասներով կոչնչացներ դրանք՝ փրկելով հազարավոր զինվորների կյանք և տասնյակ միավոր զինտեխնիկա:
Ընդամենը երեք տարում փոխվեցին ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի երեք պետեր:

Նիկոլ Փաշինյանն իր արբանյակների հետ ցուցաբերեց անտարբերություն Հայաստանին սպառնացող պատերազմի հարցում. անտեսեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախազգուշացումները Հայաստանի դեմ պատերազմի սանձազերծման հավանականության, հնարավոր պատերազմին Թուրքիայի մասնակցության, պատերազմի ընթացքի ու Հայաստանի համար դրա անհաջող վախճանի, ինչպես նաև Հայաստանի հարևանների ու միջազգային դերակատարների դիրքորոշումների մասին [16]: Կարծես միտումնավոր ամեն ինչ արվում էր, որպեսզի հնարավոր պատերազմում Հայաստանը ջախջախվի:

Ցնցումների ենթարկվեց նաև ազգային անվտանգության համակարգը: Օրը մեջ փոխվում էին անվտանգության ծառայության ղեկավարները, ըստ շրջանառվող լուրերի՝ հեռացվում փորձառու, արհեստավարժ սպաները։ Անհասկանալի հանգամանքներում ինքնասպան եղան ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրենն ու Ոստիկանության պետը։

Նոր իշխանավորների հովանավորությամբ Հայաստանում աննկարագրելիորեն ուժեղացան ապազգային ուժերը: Բանը հասավ նրան, որ Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների գործընթացը հսկելու նպատակով Արցախ գործուղվեց սորոսական հասարակական կազմակերպություն՝ դրա համար ստանալով մի քանի տասնյակ մլն դրամ:

Քամահրական վերաբերմունք դրսևորվեց ազգային անցյալի, ազգային արժեքների, հայրենասիրության ու հերոսականության, անցյալի և ներկայի փառավոր հաղթանակները կերտած գործիչների նկատմամբ։ Ժողովուրդը զբաղեցվեց հորինված և օտար օրակարգերով ու խնդիրներով, հասարակության մեծամասնությունը մահացու վտանգի առաջ թմրեցվեց, պառակտվեց բազմաթիվ մանր ու թույլ հոսանքների կամ խմբերի։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ամենայն հավանականությամբ, դիտավորությամբ անտեսեց պատմության անփոխարինելի, փրկարար դասերը: Դեռևս 2005 թ. դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանն իր հրատարակած «Հայկական ժամանակ» թերթում տպագրված «Մոռանալ «հերոսական անցյալը»» հոդվածում հայոց պատմությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս համարում էր «խայտառակ ու նվաստացուցիչ»՝ իհարկե, իրեն և իրեն սնող հայտնի ու ստվերային ուժերին բնորոշ ձևով ծուռ հայելու մեջ ներկայացնելով այն: Նա աղավաղում էր հայոց անցյալը, դատապարտում ու նզովում նախնիներին՝ գրելով, թե. «նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ», «Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով» [17]: Նիկոլ Փաշինյանը և իր արբանյակները, որոնք որևէ ներդրում չունեին մեր հանրապետության շենացման գործում, մտածում էին ոչ թե մեր երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական ու ռազմական զարգացման, ոչ թե եղածի վրա մի բան ավելացնելու, այլ հակառակը` ամեն ինչ զրոյից սկսելու անվան տակ զրոյացնելու, ոչնչացնելու, կործանելու մասին։

Արցախի Հանրապետության դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը վերածվեց Հայրենական պատերազմի. գրեթե ողջ հայությունը՝ Հայաստանում և ի սփյուռս աշխարհի, տարվեց Արցախում պատերազմող բանակին կամավորագրվելու, հայրենիքին օգնելու գործով։ Թեև թշնամու հարձակումը լավ նախապատրաստված էր, հայկական բանակն իրեն միացած կամավորականների հետ առաջին իսկ օրվանից ցուցաբերեց համառ և հաջող դիմադրություն: Այնուամենայնիվ, հայկական բանակի վիճակը ծանր էր: Սեպտեմբերի 30-ին Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանն անհրաժեշտ էր համարել 2-3 օրվա ընթացքում հասնել պատերազմի դադարեցմանը, «Հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն…. եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում» հայկական կողմը կունենա «բանակցային գործընթացի ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Հոկտեմբերի 5-6-ին Օ. Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր. «….մենք չունենք ռեսուրսներ, որ երեք ուղղություններով կանգնեցնենք» հակառակորդին [18]:

Թվում էր, թե Հայաստանի իշխանությունները կցուցաբերեն պատասխանատվություն, կմոբիլիզացնեն հանրապետության և համայն հայության մարդկային ու նյութական ռեսուրսները և ամեն ինչ կանեն թշնամուն ջախջախիչ հակահարված հասցնելու համար։ Ցավոք, այդպես չեղավ, և շուտով բացահայտվելու էր անհավատալին։

Հայաստանի, և Արցախի, իշխանության պատասխանատուները կարծես թե դիտավորյալ քայլեր կատարեցին պատերազմում ոչ թե հաղթելու, այլ Հայաստանը ջախջախիչ պարտության հասցնելու համար: Կարծես թե ամեն ինչ արեցին, որ հայոց բանակը քանդվի, Հայաստանի դիմադրողականությունը թուլանա, որ պետական և ազգային ռեսուրսները, համայն հայության` ահռելի ծավալի օգնությունը մսխվեն, ոչնչանան կամ չհատկացվեն գործող բանակին:

Պատերազմի ընթացքում այդպես էլ քայլ չձեռնարկվեց երկրի տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար: Կռվող բանակի համալրման գործը մատնվեց քաոսի: Կամավորագրված և պահեստազորից զորակոչված հազարավոր հայորդիների այդպես էլ նորմալ չնախապատրաստեցին կամ առհասարակ չնախապատրաստեցին պատերազմին: Շատ հաճախ ռազմաճակատի համալրումն իրականացվում էր անկազմակերպ և չկանոնակարգված ձևով, ռազմաճակատ մեկնողներին առանց բավարար չափով սպառազինելու։ «Ամեն ինչ անկազմակերպ էր, կամավորականների մեծ մասը կռիվ չէր տեսել, հասկանո՞ւմ եք` վախեցած էին բոլորը»,- նշում է պատերազմի մասնակից գնդապետ Կորյուն Ղումաշյանը [19]։ Այդօրինակ վկայությունները չափազանց շատ են: Ըստ հայ և օտարազգի փորձագետների, մասնակիցների ու ականատեսների` հաճախ կամավորագրվածներից ու պահեստազորից կազմված զորամասերը չէին ուղարկվում ռազմաճակատ կամ ուղարկվում էին սխալ ուղղությամբ և ընկնում էին թշնամու օդուժի և հրետանու ուղիղ նշանառության տակ, հաճախ զորամասերն ուղարկվում էին այնպիսի տարածքներ, որոնք արդեն թշնամու վերահսկողության տակ էին: Ի միջի այլոց, պետական իշխանությունները պարտավոր էին համալրման կազմակերպման մասին հոգ տանել պատերազմից շատ ավելի վաղ՝ հնարավոր պատերազմին պատրաստ լինելու համար։ Սակայն չէին արել: Խորհրդարանը նույնիսկ պատերազմի հավանականության աճի շրջանում՝ 2020 թ. օգոստոսին, չէր ընդունել աշխարհազորի մասին օրենքը, ինչը կկանոնակարգեր մոբիլիզացիայի խնդիրը և զգալիորեն կբարելավեր պատերազմին երկրի պատրաստվածության մակարդակը [20]։

Այն պարագայում, երբ ամբողջ աշխարհը, նույնիսկ պետություն չունեցող խմբավորումները գնում են զորքերի կազմակերպական մակարդակի բարձրացման, մեզանում որդեգրվեց կանոնավոր բանակը ջոկատային, դաշտային մակարդակի իջեցնելու գործընթաց, ինչը նշանակում էր մասնատել ու թուլացնել բանակը, գցել նրա մարտունակությունը, հարվածային ուժը, մսխել հայոց ռազմուժի մարդկային պոտենցիալը: Ի՞նչ է նշանակում պետության և կանոնավոր բանակի առկայության դեպքում երկրի բնակչությանը կոչ անել կազմելու ջոկատներ և մեկնելու ռազմաճակատ, եթե ոչ ռազմական պոտենցիալի ջլատում և բանակի ու ռազմաճակատի կազմաքանդում: Բա էլ ինչի՞ համար է պետությունը, ինչի՞ համար են պետության բարձրագույն գործադիր և օրենսդիր մարմինները՝ Պաշտպանության նախարարությունով հանդերձ:

Վարչապետի կողմից, որը նույնիսկ զինվորական պարտադիր ծառայություն չէր անցել, բայց դարձել էր գերագույն գլխավոր հրամանատար, հոկտեմբերի սկզբներին կատարվեց հայոց պատմության մեջ աննախադեպ մասշտաբի ստոր քայլ: Այն ժամանակ, երբ ակնհայտ էր, որ Ջրականը (Ջաբրայիլ) ընկնելու է թշնամու ձեռքը, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որոշեց առանց համապատասխան նախապատրաստական գործողությունների՝ հրետակոծության, հետախուզության, շփոթեցնող հարվածների և այլն, գրավել Լելեթեփեի բարձունքը, ինչը այլ բան չէր կարող նշանակել, քան հայկական բանակը իր հազարավոր զինվորականներով ու զինտեխնիկայով ուղարկել կործանման [21]: Այդ չմտածված կամ հայկական բանակին անդառնալի հարված հասցնելու նպատակով արձակված հրամանի հետևանքով գլխովին ջախջախվեցին Իվանյանի (Խոջալու) և Ֆիզուլիի տանկային զորամասերը, Մեխակավանի և Արալեռի զորամասերի մնացորդները, ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի զգալի մասը: Մինչդեռ այդ ուժերի վերադասավորումը կարող էր հնարավորություն տալ թշնամուն ծանր հակահարված հասցնելու մի փոքր ուշ ռազմական շատ ավելի բարենպաստ բնագծերում: Բանը հասավ այնտեղ, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը բանակի նախապատրաստվող հակահարձակման մասին հայտարարեց հեռուստատեսությամբ՝ կարծես թշնամուն հատուկ զգուշացնելու համար:

Եթե 1918 թ. մայիսին հայկական զինուժի խիստ սահմանափակության պայմաններում երկրի ղեկավարներն ամեն ինչ անում էին կռվող բանակի թիկունքն ու թևերը թուրքերի անակնկալ հարձակումներից պաշտպանելու համար, ապա 2020 թ. աշնանը բավարար քանակությամբ զինուժի առկայության պայմաններում կարծես թե միտումնավոր կռվող բանակի թիկունքն ու թևերը թուլացնում կամ մերկացնում էին, կռվող և իրենց դիրքերը վստահորեն վերահսկող զորամասերը հեռացվում էին իրենց անխոցելի դիրքերից ու բնակավայրերից: Այլապես ինչպե՞ս բացատրել Ջրականի վերոնշյալ գործողությունը, թշնամու զորքերի հեշտ անցումը դեպի Շուշի Հադրութից Շուշի ձգվող անանցանելի մոտ 70 կիլոմետրանոց «Դժոխքի կիրճով» կամ Բերձորի (Լաչին), վերջապես՝ Շուշիի հանձնումը թշնամուն: 2020 թ. աշնան պատերազմի մասնակից Կորյուն Ղումաշյանը, որը հոկտեմբերի 22-ին Լաչինի միջանցքով դուրս էր եկել Արցախից, հոկտեմբերի 24-ին` վերադարձի ժամանակ, տեսել է Լաչինը փակ: Այդ կապակցությամբ նա նկատում է. «Թուրքը ծափ տալով հասել էր Լաչին՝ առանց դիմադրության, ո՞նց հասկանամ»։

Պատերազմի ընթացքում կործանարար հարված չհասցվեց թշնամու ռազմական ու տնտեսական ենթակառուցվածքներին, ինչը թույլ կտար պարտության մատնել թշնամուն, առնվազն խնայել հազարավոր հայորդիների կյանք: Դա այն դեպքում, երբ թշնամին հետևողականորեն ոչնչացնում էր մեր թե՛ ենթակառուցվածքները, թե՛ զինուժը, ըստ որում` հաճախ հրապարակայնորեն իրագործվող ծայրահեղ դաժանություններով: Ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ թշնամու դեմ չկիրառվեցին «Իսկանդեր»-ներն ու մյուս կործանիչ զինատեսակները, չպայթեցվեցին Մինգեչաուրի ջրամբարտակը, ջէկ-ը, Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազամուղը, Գանձակի օդանավակայանը, թշնամու ԱԹՍ-ների տեղակայման հրապարակները և այլն: Ինչպե՞ս բացատրել հակաօդային պաշտպանության համակարգի, դրանում ընդգրկված զինատեսակների չհամակարգված, ոչ արդյունավետ տեղաբաշխումն ու օգտագործումը, ինչի հետևանքով թշնամին ոչնչացրեց կամ զավթեց մեր հակաօդային կայանքների մի զգալի մասը:

Պատերազմի ընթացքում մսխվեցին ազգային-պետական միջոցները: «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված հարյուր միլիոն դոլարներից ավելի գումար մտցվեց բյուջե, և վերածվեց պարգևավճարի: Հայաստանի քաղաքական իշխանությունը ստանձնած խմբակը նույնիսկ պատերազմի ընթացքում չմեղմեց իր ընչաքաղցությունը։ Երբ ժողովուրդն իր վերջին կոպեկն էր հատկացնում հաղթանակի համար, երբ երեխաները մթերք էին վաճառում և ստացած գումարը հատկացնում բանակին, երբ նույնիսկ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող մեր հայրենակիցները կամավորագրվում էին հայոց բանակին, որպեսզի թշնամուն կանգնեցնեն ու փրկեն հայրենիքը, «պետական այրերը» Արցախ մեկնելու համար գործուղման գումարներ էին ստանում:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պատերազմի առաջին իսկ օրերից համառորեն անտեսեց Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի և քաղաքական ուժերի ներկայացուցիչների արտահայտած մտահոգություններն ու պատերազմը դադարեցնելու մասին առաջարկությունները՝ լավ իմանալով, որ Հայաստանի դեմ կռվում են ադրբեջանա-թուրքական կանոնավոր զորքերն ու միջազգային ահաբեկչական ջոկատները, և որ պատերազմի օր առաջ դադարեցումը հրամայական անհրաժեշտություն է։ Իսկ գուցե նա ցանկացել և փորձե՞լ է զինադադարի հասնել, բայց այդպիսի հնարավորություն չի եղել։ Պատերազմի սկսվելուց մի քանի օր անց «վարչապետը» հրապարակավ հայտնեց, որ մերժում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու առաջարկությունները և դրա կարիքը չի տեսնում։ Ավելին` 2020 թ. հոկտեմբերի 19-20-ին, երբ Հայաստանի ռազմական դրությունն ավելի էր ծանրացել, «վարչապետը» մերժեց զինադադար հաստատելու մասին Ռուսաստանի նախագահի միջնորդությունը [22]: Ինչո՞ւ մերժեց, մի՞թե ոչ նրա համար, որ Հայաստանը մատնի աղետի: Չէ՞ որ զինադադար հաստատելու դեպքում մեր ձեռքում էին մնում առնվազն Շուշի քաղաքը, Շուշիի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջանների մեծ մասը:

Եթե փոքր-ինչ զուգահեռներ անցկացնենք ոչ այնքան հեռավոր 1918 թ. անցքերի հետ, կտեսնենք, որ Մայիսյան հաղթական հերոսամարտերից հետո նոր ստեղծվող երկրի պատասխանատուները, չնայած որ մի շարք ճակատամարտերում հաղթել էին, ավելորդ ոգևորություն չցուցաբերեցին, այլ, սթափ գնահատելով իրավիճակը, դադարեցրին ռազմական գործողությունները և գնացին ծանր, իրենց երեսնամյա ձգտումներից շատ հեռու Բաթումի հաշտության պայմանագրի կնքմանը, որպեսզի գոնե ապահովեն ձեռք բերվածի ամրագրումը։ Իսկ ահա 2020 թ. աշնանը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը զինադադարի ստորագրման չգնաց այնքան ժամանակ, մինչև չկործանեց գրեթե ամեն ինչ, մինչև հայոց բանակի ձեռքում գտնվող Շուշին չհանձնեց թշնամուն, մինչև չունեցանք 5.000-ից ավելի զոհ, 10.000-ից ավելի վիրավոր, անդամալույծ, անհետ կորած և գերի, մինչև չկոտրեց Հայաստանի դիմադրողականությունը: Փոխարենը նա ժողովրդից գաղտնի, լայն շրջանառության մեջ դրված մոտալուտ հաղթանակի մասին պաշտոնական տեղեկատվության տարափի պայմաններում նոյեմբերի 9-ին ստորագրեց կապիտուլյացիոն ակտ՝ անելով այնպիսի զիջումներ, որոնց մասին թշնամին 1994 թվից ի վեր չէր էլ երազել, և որոնք Հայաստանին հասցնում են ծանրագույն հարված՝ ջուրը գցելով նախորդ գրեթե 30 տարիների պայքարի արդյունքը: Կարծում ենք՝ «վարչապետի» հայակործան դիտավորության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո նա այդպես էլ նույնիսկ հրաժարական չտվեց, ավելին` շարունակեց նորանոր զիջումներ անել հայ ժողովրդի թշնամուն և ճնշումներ գործադրել հայրենիքի փրկության համար պայքարող ուժերի նկատմամբ:

Համոզված կարող ենք ասել՝ սթափվելու, թմբիրից դուրս գալու, համախմբվելու և ազգային արժեքներով շարժվելու, հայրենապաշտ ու բանիմաց պետական իշխանություն ընտրելու, պատմության դասերը հաշվի առնելու դեպքում հայ ժողովուրդը կկարողանար շատ արագ բուժել իր արնածոր վերքերը, վերականգնել ուժերը և բռնել գիտակրթական, ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հզորացման ուղին։ Պետք է ստեղծել գերհզոր՝ պատերազմի դաշտում մարդկային գործոնի ներկայությունը գրեթե բացառող զինված ուժեր չձգտել պատերազմի, բայց իմանալ, որ եթե թշնամին նման փորձ անի կստանա կործանիչ հարված։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծմանն ու մեր խաղաղասեր ժողովրդի համար ցանկալի խաղաղության հաստատմանը։ Մենք պարզապես այլընտրանք չունենք: Կարծես ամեն ինչ հստակ էր, սակայն երկրի թիվ մեկ պաշտոնյան, քարանձավային էակի պես մուրճ թափահարելով և շարունակելով ատելության քարոզն ու սպառնալիքները դարձյալ կարողացավ վերարտադրել իր կործանարար իշխանությունը: Որ չափով այդ հարցում դեր խաղաց ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությամբ զոմբիացված ժողովրդի մտքի շփոթը ու որ չափով ընտրության ելքը կանխորոշեցին ընտրակեղծիքները: Փաստն այն է, որ ընտրության արդյունքներն վիճարկման ներկայացվեցին Սահմանադրական դատարան, ու անկախ նրանից, թե ի վերջո ինչ կվճռի երկրի բարձրագույն դատարանը, հոդս է ցնդում արդար ու ազնիվ ընտրություններ անցկացնելու մասին «թավշյա հեղափոխության» առաջնորդի նկատմամբ զանգվածների կողմից գրեթե սրբացման միֆը: Հայաստանի առջև ծառացած բախտորոշ խնդիրենրեը չհաղթահարվեցին, հետևաբար և կշարունակվի երկիրն ու պետությունը փրկելուն ուղղված պայքարը:

_________________________________________________________

Հղումներ

14.ՏԵ՛ՍHTTP://WWW.YERKIR.AM/NEWS/VIEW/235821.HTML?FBCLID=IWAR3ZID4NID98QGTD7BVJU6ET9H1HZF 3F YGKJAJGAWJQQRDFKHPQGFXVBYE:
15.Տե՛ս http://www.yerkir.am/news/view/235619.html?fbclid=IwAR2Kv76D_DmivzLzSiceDmdc-naVaj8iHc3moTnKRfnSsaQb5Q_qsGLK2t0:
16.Տե՛ս http://www.yerkir.am/ news/view/ 235824.html?fbclid= IwA R2WabN-IYU2kYDd-VAjbg9E4L8O_QiSFLV_0kUl1Arb5wI51t3QPiYJ-VA:
17.«Հայկական ժամանակ», Երևան, 2005, դեկտեմբերի 9:
18.https://yerevan.today/all/society/80919/samvel-babayany-patahabar-asac-chshmartoutyouny?fbclid=IwAR0GO913gpi3ACVZ5h_l0E75-tL2e2Jki98gB1QDayfkF2s_aa05BS41N8A.
19.http://yerkir.am/news/view/234226.html?fbclid=IwAR1ifp8NrY1s55F7AFYaXTnaNTe-3DcNRwI-xB1cREY5ArcFO2h6XwaHw1M։
20.Տե՛ս http://www.yerkir.am/news/view/235824.html?fbclid=IwAR2WabN-IYU2kYDd-Vajbg 9E4L8O _QiSFLV_0kUl1Arb5wI51t3QPiYJ-VA:
21.Տե՛ս http://yerkir.am/news/view/235075.html?fbclid=IwAR1DC5zqM2MUzwCOxQydj-JfMlK17_NoVf2rAFnMPR61NJKlYg3rabXr2BM:
22.Տե՛ս https://www.rbc.ru/rbcfreenews/5fb4474f9a7947bf2574be33:

Հոդվածի առաջին մասը՝ հետեւյալ հղումով

Արմեն Ասրյան

Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

«Դրօշակ», թիվ 7 (1653), հուլիս, 2021 թ.